Հոգու պարտք, որը հավատարիմ է խառնվածքին

      Հոգու պարտք, որը հավատարիմ է  խառնվածքին 

                    ( «Ստամբուլի ընկեցիկը»  վեպը Մարո Մադոյան-Ալաջաջյանի   

                        գեղարվեստական բարձրաճաշակ թարգմանությամբ)                   

 Մարո  Մադոյան-Ալաջաջյանն  այն լուրջ մտավորականներից է, ովքեր առանց վարանելու համարձակորեն արձագանքում են ժամանակի  ամենացավոտ և հուզող խնդիրներին, լինի դա մարդկային բարոյական անկում, բնական աղետ՝ առեղծվածային սկզբնապատճառներով և աննկարագրելի ողբերգական հետևանքներով, թե պատմական կնճռոտ թնջուկների լուծման սեփական վարկած՝ համամարդկային արժեքների լույսով պայմանավորված:

         Երկու հազար ութ թվականին Չինաստանի Սիչուան գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին գրելիս («Երկրաշարժ Չինաստանում»),  քառորդ դար առաջ՝ ութսունութի ողբերգության չսպիացած վերքերի ցավն է ապրում Մարո Մադոյանը:

         Սինգապուրը երրորդ աշխարհի երկրից առաջնակարգ պետություն դարձրած Լի Քուան Յուի մասին գրելիս, այս հայրենասեր հայուհին  հետապնդում է մի օր մեր սեփական՝ հայ Լի Քուան Յու ունենալու տեսլականը:

         Ինչի մասին էլ գրի, ինչի մասին էլ խոսի Մարո Մադոյան-Ալաջաջյանը, նա  հետապնդում է մեկ նպատակ՝ հայ մարդուն տեսնել առավել կատարյալ, Հայաստան աշխարհը տեսնել առավել բարգավաճ: Եվ ամենակարևորն այն է, որ Մարո Մադոյան մտավորականի այս աշխարհայացքը բնավ կեցվածք չէ, այլ էություն՝ պայմանավորված մարդկային քաղաքակրթության լուրջ նվաճումների խորն ու բազմակողմանի իմացությամբ:

         Շուտով՝ երկու հազար տասնհինգ թվականին կլրանա հայոց հազարամյա պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցը: Աշխարհում չկա մի հայ, որի հոգում անդարմանելի ցավ, որի աչքերում մի անլուր, անմոռաց տխրություն թողած չլինի քսաներորդ դարի այդ մեծագույն ոճրագործությունը:

         Երազային Կարսից վտարանդի Մադոյանների դուստրը, Կիլիկիո չքնաղ երկրից աքսորյալ Ալաջաջյանների հարս Մարո Մադոյան-Ալաջաջյանը չէր կարող չանդրադառնալ հայոց պատմության այս բաց, մշտապես  մռմռացող վերքին: Սա հոգու պարտք է նրա համար: Եվ նա այդ արեց իր էությանը, իր խառնվածքին, իր հավատամքին յուրահատուկ ձևով: Առանց սուգ ու վայնասուն կապելու, առանց ողբ ու կականի, առանց ավելորդ ու անիմաստ վայրահաչության նա պարզապես հայ ընթերցողի սեղանին դրեց Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» վեպի  բնագրից կատարած թարգմանությունը՝ ասելով ընթերցե՛ք, խորհե՛ք  և նորից՝ խորհե՛ք…

         Շաֆակն այսօր արդեն ոչ եզակի այն թուրք մտավորականներից է, որոնց մոտ արդարամտությունը հաղթում է ազգային նեղ սնապարծությանն ու շովինիզմին: Տաղանդավոր թուրք վիպագրուհին իր խիստ արժեքավոր այս վեպով ասես ծաղկեպսակ է դնում Ծիծեռնակաբերդում՝ ի հիշատակ իր իսկ նախնիների ձեռքով զոհված մեկ ու կես միլիոն հայերի:

         Էլիֆ Շաֆակի այս վեպի մասին շատ է գրվել: Եթե փորձենք այն  ներկայացնել ամենահամառոտ ձևով, պետք է նշենք, որ վեպի փիլիսոփայական հենքը դոստոևսկյան ոճրի, դրա արդարացի պատժի և հատուցման գաղափարն է, իսկ հյուսվածքը լատինամերիկյան ժամանակակից վիպագրության խորհրդանշային համակարգն է, ինչն այս տաղանդավոր թրքուհին կարողանում է գործադրել գրեթե կատարելապես, տեղ-տեղ հասնելով մարկեսյան մակարդակի: Բայց ամենակարևորը, թերևս վեպի նպատակն է, որ մեր կարծիքով մեկն է՝ ստիպել յուրաքանչյուր ընթերցողի՝ լինի թուրք, թե հայ, խորհել, մտորել և լուծում  փնտրել պատմական այս գորդյան հանգույցը հարթելու համար, որը Էլիֆ Շաֆակի համոզմամբ մեկն է. գործած մեղքը մոռացության տալով չի վերանում, այն պարզապես անհնարին է մոռանալ, մեղքն ապաշխարանք է պահանջում, հակառակ պարագայում մարմնիդ մեջ ընկած որդի պես այն մի օր անխուսափելիորեն կսպանի քեզ…

         Վեպում Մուստաֆան է այդ մեղքի կրողը. «Նա հիշեց այն փոքրիկ թղթի կտորը, որը թողել էր Էլ Թիրադիտոյի տաճարի քարե պատի արանքում,-«Ներիր ինձ,-գրել էր նա այնտեղ:- Որպեսզի ես գոյություն ունենամ, անցյալը պետք է ջնջվի»:

         Այժմ նա զգում է, որ անցյալը կարծես վերադառնում է: Եվ եթե անցյալը չի ջնջվելու, ուրեմն ինքը պետք է ջնջվի…»:

         Ահա այսպիսի համոզմամբ Մուստաֆան գիտակցաբար ուտում է թունավորված  ashure-ը և դրանով իրեն մահվան դատապարտում: Սա է մեղքի, գործած ոճրի անխուսափելի պատիժը, հատուցումը:

         Թուրք ազգայնամոլները շատ լավ հասկացան Շաֆակի գաղափարը և աննախադեպ հիստերիա բարձրացրին՝ դատի տալով տաղանդաշատ գրողին՝ թրքությունը վիրավորելու համար:

         Այս ամենով է, որ վեպն առավել ևս արժեվորվում է հայ ընթերցողի համար՝ դառնալով մի հզոր լիցքավորված պարկուճ մեր դատը, հայ դատը պաշտպանելու համար:

         Այս հստակ գիտակցմամբ Մարո Մադոյան-Ալաջաջյանը ձեռնամուխ եղավ Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» վեպի թարգմանությանը և այն հանձնեց հայ ընթերցողին:

         Հայերենի և անգլերենի կատարյալ իմացությունը, գրողի և հրապարակախոսի անուրանալի ձիրքն օգնել են Մարո Մադոյանին թարգմանությունն իրականացնել այնպիսի վարպետությամբ, որ ասես վեպն ի սկզբանե  հայերեն է գրվել: Նրբաճաշակ թարգմանչուհին այնքան քաջածանոթ է վեպում արծարծվող իրադարձություններին, նրան այնքան հարազատ է ամբոխային մեծամասնության կողմից թելադրվող Շաֆակի մտայնությունն ընդդեմ սեփական, համամարդկային արժեքներով պայմանավորված տեսակետ ունենալուն և այն առաջադրելու  կեցվածքին, որ կարողանում է կատարելապես վերարտադրել բնագրի բոլոր նրբերանգներն ամենայն մանրամասնությամբ:

         Երկար տարիներ Միացյալ Նահանգներում բնակվելն  օգնել է թարգմանչուհուն լավագույնս ըմբռնել ամերիկահայ տարագիրների և նրանց զավակների հոգեբանությունը: Այս իմացությունը խիստ կարևոր էր վեպի այդ կերպարներին հայերեն խոսեցնելիս, և Մարո Մադոյանը կարողանում է գտնել ճշգրիտ բառերը նրանց հույզերն ու ապրումները ներկայացնելու համար:

         Մարո Մադոյանի էության բնորոշ առանձնահատկություններից է սեփական անձի և գործի նկատմամբ չափազանց մեծ պատասխանատվությունը և պահանջկոտությունը, լինի դա «Արձագանք» բարեգործական կազմակերպության գործունեությունը Հայաստանում, հրապարակախոսական և  գրականագիտական հոդվածներ գրելը, թե մեծածավալ վեպերի թարգմանությունները: Ասվածի լավագույն օրինակն է թերևս այն, որ այս վեպի թարգմանության ընթացքում թարգմանչուհին հատուկ ուղևորվում է Ստամբուլ՝ այն զգալու, այն ճանաչելու, այն ուսումնասիրելու նպատակով, քանզի նրա համոզմամբ, Ստամբուլի անձրևը, Ստամբուլի փողոցները, Ստամբուլի ժամանակակից կենցաղը նկարագրելու համար անհրաժեշտ էր հասկանալ այդ զարմանահրաշ ու բացառիկ քաղաքը: Եվ այս ուղևորության արդյունքը հստակորեն արտահայտվում է թարգմանության մեջ:

         Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» վեպի մադոյանական թարգմանությունը վստահաբար կարելի է դասել հայ ժամանակակից թարգմանչական գրականության լավագույն նմուշների շարքին: Այն բացառապես լուրջ գեղարվեստական թարգմանություն է, որ խոսում է նրա ինչպես թարգմանչուհու, այնպես էլ գրողի անուրանալի շնորհի մասին:

         Իմ կարծիքով այս վեպը պետք է կարդա յուրաքանչյուր հայ մարդ: Այն ավելի կուժեղացնի, ավելի կսթափեցնի յուրաքանչյուր ընթերցողի, քանզի իր մեջ պարունակում է առողջ բանականության և համամարդկային արժեքների զսպանակված տարողություն:

         Եվ այս ամենը շնորհիվ Մարո Մադոյան-Ալաջաջյանի աշխատասիրության և գերազանց թարգմանության:

 Մաղթենք այս տաղանդաշատ հայ գրագիտուհուն ամենայն բարիք՝ նոր և գեղեցիկ անակնկալների անհամբեր սպասումով:

 

 

                                                          Զոհրաբ Չաղայան

                                                           (գրականագետ )

                                                            Ապրիլ 16, 2013թ.

                                                             Լոս Անջելես 

 

Share to Google Plus
Share to Odnoklassniki