Ամերիկյան Fresh Air ռադիոկայանի հարցազրույցը «Ստամբուլի ընկեցիկը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆակի հետ

2007 թվականի հոկտեմբերի 21-ին

(քննարկման նյութը Թուրքիայում գործող քրեական օրենսգրքի 301 հոդվածն է)

-Սա Fresh Air-ն է, ես Թերիք Գրոսն եմ: Իմ հյուրն Էլիֆ Շաֆակն է, ում սպառնում է երեք տարվա ազատազրկում նրա «Ստամբուլի ընկեցիկը» գրքի համար, որ վերջերս լույս տեսավ Միացյալ Նահանգներում: Պատճառը վեպի գրական հերոսների կողմից ասված որոշ արտահայտություններն ու մեկնաբանություններն են: Շաֆակը Թուրքիայից է, որտեղ ըստ քրեական օրենսգրքի 301 հոդվածի, թրքությունն անարգելը համարվում է անօրինական: Այս օրենքի հետևում կանգնած թուրքերի համար թրքությունն անարգող ամենաբարձր աղաղակող ձևերից մեկը «ցեղասպանություն» բառն օգտագործելն է, երբ խոսքը գնում է օսմանյան թուրքերի կողմից 1915 թվականի սկզբներին հայերի մասսայական սպանությունների և տեղահանության մասին: Շաֆակը հաստատում է, որ վեպն ամրագրել է քաղաքական այն տաբուն, «ինչը մենք Թուրքիայում կոչում ենք հայկական հարց»: Շաֆակի վեպի հերոսներից մեկն օգտագործում է «ցեղասպանություն» բառը: «Ստամբուլի ընկեցիկը» վեպը պատմում է երկու ընտանիքների պատմությունը, որոնցից մեկը Ստամբուլում ապրող թուրք մուսուլմանական ընտանիք է, իսկ մյուսը՝ ամերիկահայ ընտանիք, որն ապրում է Սան Ֆրանցիսկոյում: Շաֆակն ասում է, որ վեպն այն լարվածության մասին է, որ գոյություն ունի նախ անցյալը քննելու կարևորության, որ պահանջում է մի կողմը, և այդ անցյալը ջնջել ցանկանալու միջև, ինչը պահանջում է մյուս կողմը: Շաֆակն արդարացվեց 301 հոդվածը խախտելու մեղադրանքից, սակայն մեղադրվեց մի լրագրող, ով ինքն իրեն բնութագրում էր որպես Թուրքիայում բնակվող հայ: Այդ լրագրողը՝ Հրանտ Դինքն էր, ով սպանվեց անցյալ ամիս: Այժմ շատ թուրք գրողներ ու մտավորականներ, ներառյալ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ու Էլիֆ Շաֆակը, իրենց ապահովության հանդեպ սպառնալիք են զգում: Նրանց համար վտանգավոր է հրապարակայնորեն քննարկել այն ամենը, ինչը տեղի է ունեցել հայերի հետ 1915 թվականին: Ես երեկ խոսեցի Էլիֆ Շաֆակի հետ.

-Էլիֆ Շաֆակ, բարի եկաք Fresh Air: Ո՞րն էր Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության դեպքի հետ կապված կարևոր խորհուրդը:

-Ես կարծում եմ, որ դա հասկանալու համար լավագույն ձևը Հրանտի թաղումը տեսնելն էր: Այնտեղ էին գտնվում տարբեր գաղափարական կերտվածք ունեցող, կյանքի տարբեր բնագավառներ ներկայացնող մարդիկ, տարբեր ազգություններ, տարբեր մշակութային ու կրոնական պատկանելության անձինք, և դա չափազանց դառն ու հուզիչ փորձառություն էր: Բոլորն անդադար կրկնում էին միաբերան. «մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք», և քրիստոնյաներն ու մուսուլմանները Հրանտին թաղեցին միասին:

-Նախքան իր սպանությունը ինչի՞ համար է նա դատվել:

-Նա թրքությունն անարգելու համար դատվել է մի քանի անգամ: Նա համարձակ բարձրաձայնում էր իր քննադատությունը մի շարք հարցերի վերաբերյալ: Հիմնականում նա մի անհատ էր, ով ցանկանում էր կամրջել այն ճեղքվածքը, որ գոյություն ունի հայերի ու թուրքերի միջև: Ես կարծում եմ, որ նա ցանկանում էր կամուրջ լինել: Եվ նա հավատում էր, որ այս երկու ժողովուրդները շատ ավելի ընդհանրություններ ունեն, քան ցանկանում են ընդունել, իսկ դրա պատճառը քաղաքականությունն է: Եվ նա համոզված էր, որ կարիք կա, որ մենք փորձենք հասկանալ մեկմեկու և մտնենք մեկս մյուսի դրության մեջ:

-Ի՞նչ է սա նշանակում այն մյուս թուրք մտավորականների, գրողների և լրագրողների համար, ովքեր անկախ մտածողներ են: -Ես կարծում եմ, որ Թուրքիայում, սկսած Օսմանյան դարաշրջանի վերջերից, մտավորականներն ու մտավորականությունը սկզբունքային դեր են կատարել սոցիալական տրանսֆորմացիա հրահրելու մեջ. հենց այդպես է վիճակն այսօր, այդպիսին էր վիճակը նաև անցյալում: Իհարկե, Հրանտի սպանությունից հետո բոլորը չափազանց հուզված են, վրդովված, շատերն էլ, այսինքն ոչ թե շատերը, այլ որոշ գրողներ ու մտավորականներ ոստիկանական պաշտպանություն են ստացել: Այս պահին ամեն ինչ չափազանց լարված է: Հետաքննությունը շարունակվում է: Դեռևս շատ վաղ է խոսել այդ մասին: Սակայն պետությունը շատ լուրջ է վերաբերվում հետաքննությանը, և հուսով եմ, որ այդ գործում բոլոր հանցավորները կդատվեն:

-Կարո՞ղ եք նկարագրել 301 հոդվածը, որն այն օրենքն է, որով դատվել է Հրանտ Դինքը և որով դուք եք դատվել:

-Դա իրականում չափազանց զավեշտական հոդված է, որովհետև 301 հոդվածը կազմում է reform-ի (փոփոխությունների) գործընթացի մի մասը: Ուզում եմ ասել, որ այն ներմուծվել է որպես դրական քայլ, որպես առաջադիմական քայլ, երկիրն ավելի բարձր չափանիշների հասցնելու տեսակետից: Եվ երբ համեմատում ես մյուս, ավելի վաղ մշակված հոդվածների հետ, որոնք ազատ արտահայտվելու առջև դրված խոչընդոտներ են, ապա սա ինքնին մի քայլ է դեպի առաջ: Այնուհանդերձ, 301 հոդվածի հետ կապված խնդիրն այն է, որ այն բավական անորոշ է ձևակերպված: Ի՞նչ է նշանակում թրքությունն անարգել:

-Այն հասարակութան անդամներին արգելում է անպատվել, անարգել թրքությունը, բայց դա ի՞նչ է նշանակում:

-Այո, ճիշտ է, բայց թե դա ինչ է նշանակում ոչ ոք հստակ չի կարող ասել, հենց այդտեղ է խնդիրը թաքնված, քանի որ այն բավականին հստակ չի ձևակերպված, և հնարավոր է մեկնաբանել ինչպես կամենաս, ուստի նաև սխալ մեկնաբանությունների է տեղիք տալիս:

Share to Google Plus
Share to Odnoklassniki