«Աշխարհի ոչ մի զարգացած երկրում բախտի քմահաճույքով նախագահ չեն դառնում»

IRATES.AM  27.11.2013 | 14:55

20Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Քաջ Նազարի թոռները» պիեսի հիման վրա բեմադրված «Ե՞րբ» տրագիկոմեդիայի պրեմիերան: Ներկայացման բեմադրիչը Ռաֆայել Գրիգորյանն է: Դերերում` Ժենյա Ներսիսյան, Սամվել Սարգսյան, Ռաֆայել Գրիգորյան, Մարո Հակոբյան և այլք:

Ի՞նչ է պատահել ձեզ, այս քաղաքին, ո՞ւր եք շտապում, ո՞ւր եք գնում, մարդիկ, չե՞ք հոգնել, ես հոգնել եմ, մարդիկ, 100, չէ 50, Աստված պահի ձեր բալիկներին… Անտուն թափառական կին, երիտասարդ մատուցողուհի, թատերախումբ` հազար ու մի խնդիրներով, սփյուռքից ժամանած բարեգործ, ընտանեկան դրամաներ, այրված նկարներ: Մեր քաղաքը, ուր դերասաներն ավելի տաղանդավոր են, քան իրենց խաղացած դերերը, գրողներն ավելի տաղանդավոր են, քան իրենց ստեղծագործությունները, ճարտարապետներն ավելի տաղանդավոր են, քան իրենց նախագծած շենքերը, ղեկավարներն ավելի տաղանդավոր են, քան իրենց ղեկավարած երկիրը: Այն, ինչ կատարվում է այս բեմում, մեզ ծանոթ է ամենաուղիղ իմաստով. ժամանակը, հուզումները, սոցիալական խնդիրները, անգամ երազները: 2 գործողությամբ բեմադրությունը հանդիսատեսից միաժամանակ և՛ արցունք է քաղում, և՛ ծիծաղ: «Քաջ Նազար» ներկայացումը տապալվում է: Մեզ ուրիշ նազարներ են հարկավոր, ուրիշ ուստիաներ: Հերոսուհին հիշեցնում է, որ կյանքը մի յուրահատուկ բեմ է, հորդորում է խաղալ այնպես, որ բոլորը հիանան ու կարծեն, որ հենց դա է կյանքը, որ այդ բեմից ասվածն է ամբողջ այն ճշմարտությունը, որ մարդիկ ամբողջ կյանքում փնտրում են:
Ներկայացման ավարտից հետո զրուցեցի դրամատուրգի հետ: Հետաքրքրվեցի` իրական հիմք ուն՞ի այս պատմությունը:
«Կարելի է ասել, որ կան իրական հիմքեր, ինչ-որ մարդկանց ես ի նկատի եմ ունեցել պիեսը գրելիս,– ասաց Մարո Մադոյան-Ալաջաջյանը,- որովհետև տեսել եմ շատ տաղանդավոր մարդկանց, ովքեր իրենց երազանքը իրագործել են օտար երկրում, հենց ԱՄՆ-ում: Ինչո՞ւ պետք է այդպես լինի, ինչո՞ւ պետք է Հայաստանից դուրս գանք, չէ՞ որ ներկայացման հերոսի` նկարիչ Նազար Նազարյանի ամենալավ աշխատանքը «Սևանա լիճն» էր, և դա պատահական չէ: Որքան էլ օտարության մեջ իրագործվեն երազանքները, դրանք իրականում մնում են այստեղ, հայրենիքում»:
Ինչ վերաբերում է ներկայացմանը, դրամատուրգն ասաց, որ գրեթե ամեն օր թատերախմբի հետ է եղել, իր կարծիքը նկատի են ունեցել, որոշ բաներ, իհարկե, բեմին են հարմարեցրել: «Ես պիեսը գրելիս դա գիտակցել եմ: Պիեսը գրական գործ է, բեմը այլ պահանջներ ունի»,- ասաց նա:
Պիեսը գրվել է ամիսներ առաջ: Բեմադրվել է սփյուռքում գործող «Արձագանք» բարեգործական ընկերության աջակցությամբ: Երևանյան պրեմիերայից հետո «Ե՞րբը», այլ կերպ ասած` նոր «Քաջ Նազարը» կշրջի Հայաստանի մարզերում, այնուհետև կներկայացվի ԱՄՆ-ում:
Մարո Մադոյան-Ալաջաջյանը տեղեկացրեց, որ պիես է թարգմանել անգլերենից, հաջորդը երևի դա կբեմադրվի, բայց դեռ չի որոշել՝ ինչ ձևաչափով, որ թատերախմբի հետ:
Ինչ վերաբերում է դասական «Քաջ Նազարին», դրամատուրգի կարծիքով` մենք չենք կարող առաջնորդվել այդ հին գաղափարով, որ կարելի է չունենալ ոչինչ, բացի բախտից, ու տիրանալ ամեն ինչի: «Դա ընդհանրապես պետք է թողնել անցյալում, որպես հեքիաթ կարելի է պատմել, ծիծաղել, անցնել, բայց որպես իրողություն շատ ցավալի է,– ասաց նա:Մենք պետք է աշխարհին համընթաց քայլենք, իսկ աշխարհի ոչ մի զարգացած երկրում բախտի քմահաճույքով նախագահ չեն դառնում, միայն գիտելիքով: Մենք դա պետք է քարոզենք մեր սերունդներին: Առանց գիտելիքի ո՞ւր պետք է գնաս այս աշխարհում»:
Ներկայացման վերնագիրը յուրատեսակ հարցադրում է, որի պատասխանը տալիս է հենց ներկայացումը: Ե՞րբ: Երազանքների իրականացման համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է, որովհետև լավ ժամանակներ չկան, երազանքները պետք է իրագործել հենց այսօր:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Share to Google Plus
Share to Odnoklassniki