Գրքի շնորհանդես

24Երևանում լույս է տեսել թուրք գրող Էլիֆ Շաֆակի` “Ստամբուլի ընկեցիկը”  վեպի հայերեն թարգմանությունը: 30-ից ավելի լեզուներով թարգմանված այս գիրքը  թարգմանել է անգլերենից` բնագրից: Թարգմանիչն է ՄՆ-ից գրող, գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը:

Մայիսի 30-ին, ժամը 15.00 Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ “Անտարես”-ի կողմից հրատարակած “Ստամբուլի ընկեցիկը” վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Բնագրի հեղինաը` Էլիֆ Շաֆակը, ծնվել է 1971 թ-ին: Ավարտելով Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, ստացել է մագիստրոսի կոչում: Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուումնասիրությունների ֆակուլտետում, ապա վերադարձել է Ստամբուլ: Գրողի առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1994թ.-ին /,,Չար աչքի դեմ` Անատոլիա,,/: Էլիֆ Շաֆակը հայտնի դարձավ  ,,Մահրեմ,, /,,Սրբություն,,/ վեպի շնորհիվ, որը  2000թ.-ին արժնացավ ,,Թուրք գրողների միության,, մրցանակին:

“Ստամբուլի ընկեցիկը” Էլիֆ Շաֆակի անգլերեն գրած երկրորդ գիրքն է: Երկու ընտանիքների` թուրք եւ ամերիկահայ, պատմությունն է, անդրադառնում է նրանց իրար կապող գաղտնիքներին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետեւանքով: Դրամատիզմով լի այս վեպը հիշելու եւ մոռանալու մասին է, այն լարվածության մասին, որ գոյություն ունի անցյալի անհրաժեշտության եւ այն ջնջելու ցանկության միջեւ:

Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան  աններելի հանցանք է գործել իր քրոջ հանդեպ: Հեղինակը Մուստաֆայի հանցանքը սիմվոլացնում է և համեմատում հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի հետ: Նա ցույց է տալիս, որ սա պատկանում է այն երևույթների թվին, երբ հանցագործը պարզապես իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել կատարված իրողությունը, որի պատասխանատվության  ծանր բեռը կրելու համար ինքը պատրաստ չէ:

“New York Times”-ի իր գրախոսականում Լորեյն Ադամսն ասում է. “Ակնհայտ է, որ թուրք վիպագիր Էլիֆ Շաֆաքն իր հայրենիքում  նեխածի հոտ էր զգացել”:

Թարգմանչի` Մարո Մադոյան –Ալաջաջյանի  խոսքով` այս գրքի արժեքը այն չէ միայն, որ հեղինակը հանրության ուշադրությունն ուղղել է մարդկության դեմ կատարված ոճիրի,  ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված խնդիրների վրա: Այս գիրքն այն աստիճան է բորբոքել  թուրք ազգայնամոլների նյարդերը, որ նրանք առանց վարանելու պնդում են, թե վեպը գեղարվեստական արժանիք չունի, և միակ պատճառը, որի շնորհիվ Շաֆաքի կամ Փամուքի գործերն ուշադրության են արժանանում, այն է, որ նրանց դեմ Թուրքիայում դատական գործ է հարուցվել:

Մարո Մադոյանի խոսքերով` “Ստամբուլի ընկեցիկը” գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո թուրք ազգայնամոլ փաստաբան, աջակողմյան խմբակցության անդամ Քեմալ Քերինչսիզը, ով մինչ այդ դատի էր տվել շուրջ վաթսուն մտավորականների, այդ թվում նաև` Օրհան Փամուքին` նրանց մեղադրելով “Ազգային ինքնությունը վիրավորելու” համար, քրեական օրենսգրքի նույն՝ 301 հոդվածով դատի է տվել  նաև Էլիֆ Շաֆաքին: Նա իր մեղադրանքները հիմնավորում էր` ասելով, թե երբ վեպի հայ կերպարները հիշատակում են “թուրք մարդասպանների” կողմից “կոտորված” միլիոնավոր հայերին, դրանով “վիրավորում են թուրքերի ազգային ինքնությունը”: Շաֆաքն, ինքնապաշտպանության անցնելով, ասել է. “Եթե վեպում գողի կերպար կա, ապա դա չի նշանակում, որ գրողն ինքը գող է” ու նշել նաեւ, որ “առաջին անգամն է, երբ նրանք (ազգայնամոլները) փորձում են վեպը դատի տալ”:

,,Ստամբուլի ընկեցիկ,,-ը գրքի շնորհանդեսին ներկա էին մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն էին ունեցել գրքի Հայաստանում ներկայացնելու գործում, ինչպես նաև նրանք, ովեր գնահատում են գրականության միջոցով խնդիրները ներկայացնելը:

Գրքի հրատարակության առիթով շնորհավորեցին և խոսք ասացին ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրականագետ Աբգար Ափինյանը, գրքի խմբագիր Հասմիկ Ալեքսանդրյանը, արվեստաբան Կարինե Հակոբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ,,Շիրակ,, հայրենակցական միության նախագահ վարազդատ Ավոյանը, ,,Լեզվի պետական տեսչության,, պետ Սերգո Երիցյանը, թուրքագետ Սարգիս Հացպանյանը, ,,Անտարես,, հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը  և ուրիշներ:

Մարո Մադոյան-Ալաջաջյանի թարգմանությամբ լույս տեսած ,,Ստամբուլի ընկեցիկ,,-ը գրքի շնորհանդեսին ներկա էին նաև նրա ամուսինը` Գևորգ Ալաջաջյանը և ավագ որդին` Մովսես Ալաջաջյանը, ովքեր Հայաստան էին ժամանել այս միջոցառմանը մասնակցելու  և գիրքը  Հայաստանում ներկայացնելու առիթով:

Շնորհանդեսը վարում էր ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

,,Ստամբուլի ընկեցիկ,,-ը գրքի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է Գյումրու մանկավարժական համալսարանում սովորող անապահով ուսանողներին`  ուսումնառության վարձը վճարելու համար:

Share to Google Plus
Share to Odnoklassniki