Ես ատում եմ «Համլետ»-ը. Պոլ Րուդնիկ

                                                                                                  Անգլերենից թարգմանեց՝  

                                                                                         Մարո Մադոյան-Ալաջաջյանը                                                            

 «Ես ատում եմ «Համլետ»-ը» պիեսն առաջին անգամ բեմադրվել է Նյու Յորքի Ուոլթեր Քեր թատրոնում, հազար ինը հարյուր իննսունմեկ թվականի ապրիլի ութին: Բեմադրության ռեժիսորն էր Մայքլ Ինգլերը, բեմի  ձևավորումը կատարել էր նկարիչ Թոնի Ստրաջը, հագուստների ձևավորողն էր Ջեյն Գրինվուդը, լուսային ձևավորողն էր Պոլ Գալլոն, հնչյունային ռեժիսորն էր Սկոտ Լեհրերը, մարտական գործողությունների ղեկավարն էր Բ.Հ. Բերրին, իսկ երաժշտության հեղինակը՝ Կիմ Շերմանը:

Դերաբաշխումը կատարվել էր հետևյալ կերպ՝

 

Ֆելիսիա Դանթին                                                   Կարոլին Ահարոն

Անդրու Րալլի                                                           Էյվան  Հենդլեր

Դիրդրա Մաքդավի                                                     Ջեյն Ադամս

Լիլիան Թրոյ                                                              Սելեստ Հոլմ

Ջոն Բերրիմուր                                                          Նիկոլ Ուիլիամսոն

Գերի Պիտեր Լեֆկովից                                             Ադամ Արկին      

 

 Առաջին արար

Տեսարան 1

 Ժամանակ: Ներկա

Գործողությունների վայր: Բնակարան Նյու Յորքի Վաշինգտոն հրապարակին կից գտնվող, դարչնագույն քարից կառուցված բնակելի շենքի վերջին հարկում: Շենքի ճարտարապետությունը չափազանց թատերական է: Այն գաջով սվաղած կոպիտ տաշած քար հիշեցնող գոթական մի կառույց է՝ կաղնու գերաններով և տախտակապատ հատակով: Բեմի ձախ կողմում, պատուհանի մոտ՝ քիչ ներս ընկած, նստելու տեղ կա, իսկ կապարե շրջանակով պատուհանից երևում են ծառերի կատարները: Բեմի խորքում՝ աջից, բնակարանի մուտքի դուռն է, իսկ կամարաձև ընդարձակ միջանցքը հասնում է մինչև նախասենյակ, որը, պետք է  ենթադրել, տանում է դեպի խոհանոց ու ննջարանները: Բեմի կենտրոնում  չափազանց ճոխ և արքայավայել մարմարե խոշոր կրակարանն է: Կրակարանի կողքին վարպետորեն տաշած փայտե աստիճաններ են, որոնք նախ կորանում են դեպի ներքև՝ սանդղահարթակ, ապա կարճ սանդղաբազկով կորաձև բարձրանում դեպի շատ տպավորիչ գոթական դուռը, որը տանիք է տանում: Անհրաժեշտ է, որ բնակարանի ձևավորումը լինի հնաոճ և չափազանց ռոմանտիկ՝ Արթուր թագավորի բնակարանի մանհեթենյան մեկնաբանությամբ, պատկերացրեք՝ Jacobean ժամանակաշրջանի Հոլիվուդ:

Գրեթե  ամբողջ բնակարանը պատված է անջրանցիկ բրեզենտով և սավաններով, ինչը հարմար միջավայր է ուրվականների պատրանք ստեղծող խորհրդավոր երևույթների համար: Բնակարանի ներկայիս բնակիչը հենց նոր է տեղափոխվել այստեղ: Ստվարաթղթե տուփերը դիզված են ամեն տեղ, իսկ կենտրոնում  դրված են կիսաբաց իրեր: Ժամանակակից կահավորանքը ցիրուցան է ու մերկ, լավագույն դեպքում, կարելի է ասել՝ գործածելի: Մի կողմում դրված է սպիտակ քաթանով երեսպատված և քառակուսու ձև ունեցող թախտ: Ծալովի աթոռներն ու իրար վրա դիզված տուփերը նստելու լրացուցիչ հնարավորություն են ընձեռնում:

Վարագույրը բացվելիս, բեմը մթության մեջ է:  Գործողությանը նախորդում են խորհրդավոր երաժշտությունն ու անբնական լուսային խաղերը:

Մուտքի դռան բռնակը չխկչխկում է, և դուռը կրնկի վրա բացվում է: Ֆելիսիա  Դանթինը ներխուժում է սենյակ և անմիջապես սկսում է դեսուդեն ընկնել, միաժամանակ վառելով բնակարանի բոլոր լույսերը: Ֆելիսիան բարձրահասակ, խիստ տպավորիչ կին է: Նրա մազերի խուրձը  հանդուգն գունավոր խավեր ունի: Նա հագել է բարձրակրունգ, երկարաճիտք, թավշե կոշիկներ և երկար բաճկոն՝ պաստառով, մանուշակագույն կաշվից ու մորթուց: Ֆելիսիան անշարժ գույքի գործակալ է, ով կարծես մարմնական կիրք ունի Մանհեթենի բնակարանների հանդեպ: Նա խոսում է խռպոտ, զվարթ ձայնով, հիշեցնելով Քուինս թաղամասի ռնգախոսությունը, որը ցնծացնող նյու յորքյան կռնչյուն է:

 Ֆելիսիայի հետևից բնակարան է մտնում Անդրու Րալլին՝ բնակարանի նոր բնակիչը: Անդրուն մոտ երեսուն տարեկան դերասան է: Նա շատ գեղեցկադեմ է ու հմայիչ և տիրապետում է հեռուստատեսային աստղի հղկված անկաշկանդությանը: Իր գրավիչ արտաքին տեսքի և սիրալիրության շնորհիվ  Անդրուն կարողանում է հեշտությամբ սահել կյանքի միջով՝ ճեղքելով ամպերը: Այնուամենայնիվ, նա զուրկ չէ եսասիրությունից և առավել քան վարժված է լինել ուշադրության կենտրոնում:

Անդրուի առաջին րոպեներն են այս բնակարանում: Նա ձեռքին մի տուփ ունի, որի մեջ իր անձնական իրերն են: Ակնածանքի և անհարմարության խառը զգացումով նա ուշադիր զննում է իր նոր կացարանը: 

Անդրու: (Շուրջը նայելով):  Օ՜, տեր Աստված:  

Ֆելիսիա: Հրաշալի է, չէ՞: Ես այնքան ուրախ եմ, որ դու առանց տեսնելու այն վարձեցիր: Ես լիովին համոզված էի, որ այն կատարյալ է:

Անդրու: Ապշեցուցիչ է, սակայն…դե, ես ցավում եմ: Սա այն չէ, ինչի մասին խոսել ենք: Ես մտածում էի, դե գիտեք, էլի, մի բան, որը…սրանից պակաս կլիներ:

Ֆելիսիա: Բայց սա պատմական վայր է. Ջոն Բերիմուր, լեգենդար աստղ. և հիմա դու՝ Անդրու Րալլին, «LA Medical»-ից: Ես այդ շոուն շատ եմ հավանում: Դու հրաշալի էիր:  Ինչու՞ այն հանեցին ծրագրից:

Անդրու: Դժվար ժամանակների պատճառով առաջացած ճեղքվածք, անկայուն հեռուստաընկերություն…Չեմ կարծում, որ կարող եմ այստեղ ապրել, սա այն չէ, ինչ մենք պայմանավորվեցինք:

Ֆելիսիա: Գիտեմ,գիտեմ…բայց քաղցրիկս, ես սովորական գործակալ չեմ: Ես ցանկանում եմ, որ դու գոհ լինես: Սա հենց քո տեղն է:

Անդրու: Դու մի անհանգստացիր, սա իմ սխալն է: Ոչինչ, ես հետ կգնամ հյուրանոց:

Ֆելիսիա: (Տուփերը ցույց տալով):  Բայց իրերդ արդեն այստեղ են:  Այնքան էլ իրար սազում եք՝ դու և Բերիմուրը:

Անդրու: (Շոյված):  Օ՜, խնդրում եմ, ես Բերիմուր չեմ: 

Ֆելիսիա: Իհարկե՝ ե՛ս, բժիշկ  Ջիմ Քորման, զինակոչիկ վիրաբույժ: Ես նույնիսկ սիրում եմ քո արած գովազդները: Ի՞նչ էր դա, Tomboy շոկոլա՞դ:

Անդրու: Trailburst Nuggets: Չոր նախաճաշ:

Ֆելիսիա: (Հիացած): Ե՞վ…

Անդրու և Ֆելիսիա : (Երգում են համահնչյուն):  «Հարմար աղանդ ցանկացած պահի համար»: (Հնչում է դռան զանգը):

Ֆելիսիա: «Հարմար աղանդ ցանկացած պահի համար»: Շատ եմ սիրում դա: Պաշտում եմ այդ գովազդը:  (Ֆելիսիան գնում է դեպի ներքին հեռախոսը, որը տեղադրված է դրսի դռան որմնախորշի մոտ: Խոսում է ներքին հեռախոսով):  Այո՞: Իհարկե, այստեղ է: (Լսափողը փոխանցում է Անդրուին):  Քեզ են ուզում. Ահա և քո առաջին հյուրը:

Անդրու: (Լսափողի մեջ): Այո՞. Իհարկե…արի վերև. Խնդրեմ: (Ֆելիսիային):  Ընկերուհիս է: Նա չի համբերում՝ ուզում է բնակարանը տեսնել:

Ֆելիսիա: (Ոգևորված): Ես նրան ճանաչու՞մ եմ. Նա քո շոու՞ից է:

Անդրու: Ոչ, ես Դիրդրային հանդիպել եմ Նյու Յորքում: Բայց ես Լոս Անջելեսից եմ: Ես սիրում եմ ժամանակակից բաներ: Բարձր տեխնոլոգիաներ: Մի տես՝ սա ի՞նչ բնակարան է, այսինքն, նույնիսկ կարող ենք պեղումներ էլ անել: (Դրսի դուռը բախում են, Անդրուն բացում է դուռը: Դռան առջև կանգնած է Դիրդրա Մաքդավին՝ վարդերի փունջը ձեռքին: Դիրդրան հագել է բրդյա կանաչ թիկնոց, երկար շալե փեշ, ժանյակներով հյուսած հնաոճ բլուզ և Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի երկարաճիտք կոշիկներ՝ սուրքիթ և կապերը մինչև վեր բարձրացող: Նրա մազերը հետևի մասում այնպես են ներքև թափվում, ասես լինի Ալիսան Հրաշքների աշխարհից: Դիրդրան Անդրուի ընկերուհին է, նա քսանինը տարեկան է, սակայն շատ ավելի երիտասարդ է երևում: Դիրդրան ռոմանտիկ ու շնչակտուր լինելու աստիճան խանդավառ հոգի ունի: Նա մշտապես ուշաթափվելու եզրին է. Կյանքը Դիրդրայի համար ամեն վայրկյան կատարվող հրաշք է: Դիրդրան անդիմադրելիորեն հմայիչ է, նա ունևոր ընտանիքում անհոգ մեծացած աղջիկ է, ով իրեն պատկերացնում է Բրոնտեի հերոսուհի: Դիրդրան կանգնում է դռան շեմին և այնպես է դողում, որ քիչ է մնում լաց լինի: Նրա աչքերն ամուր փակված են: Նրա շունչը բառացիորեն կտրվում է, նա խոսում է անզուսպ, խեղդվող շշնջոցով):

Դիրդրա: Անդրու՞…

Անդրու: (Զարմանալի համբերատարությամբ):  Ի՞նչ կա, Դիրդրա:

Դիրդրա: Անդրու…մի՞թե ես…այստեղ եմ:

Անդրու: Սա է: (Դիրդրան ներս է մտնում և աչքերը բացում: Նա հևում է, կարծես շնչահեղձ է լինում: Բնակարանը զննելիս նա հանում է թիկնոցը, իսկ վարդերը և ուսի պայուսակը տալիս է Անդրուին):

Դիրդրա: Օ՜, Անդրու…նրա պատերը…նրա հատակը…աստիճանները, որ տանում են դեպի նրա տանիքը…օդը, որ նա է շնչել…օ՜, Անդրու, միայն այստեղ գտնվելը քեզ պատմության մի մասն է դարձնում:

Ֆելիսիա: Ես էլ անշարժ գույքի գործակալն եմ:

Դիրդրա: (Ֆելիսիային): Ես ձեզ պաշտում եմ: (Կրկին հնչում է դռան զանգը):

Անդրու: Ես կբացեմ:

Ֆելիսիա: (Դիրդրային է մեկնում իր այցեքարտը): Ողջույններս, անունս Ֆելիսիա Դանթին է:

Անդրու: (Ներքին հեռախոսի լսափողի մեջ): Այո՞: Վերև բարձրացեք:

Ֆելիսիա: Ի՜նչ ապշելու բնակարան է, չէ՞: Բա Բերիմուրի պա՞հը: Առավոտյան, հենց հայտնվեց շուկայում, ես անմիջապես զանգահարեցի Անդրուին:

Դիրդրա: (Տպավորված): Ո՛չ:

Ֆելիսիա: Երկու հանրաճանաչ դերասան: Արտառոց բան է: Դու նույնպե՞ս այս բիզնեսի մեջ ես: (Դուռը թակում են: Անդրուն դուռը բաց է անում: Դրսում Լիլիան Թրոյն է: Լիլիանն արծաթագույն մազերով, հրապուրիչ,  յոթանասունն անց կին է. Նա իր պարզ կապույտ զգեստի վրայից հագել է ջրաքիսի մորթուց շատ ընտիր մուշտակ և մի շիշ շամպայն ունի ձեռքին: Նա ծխում է Carmel ծխախոտ՝ առանց ֆիլտրի: Լիլիանը խոսում է գերմանացի ազնվականի առոգանությամբ և ունի չափազանց գործնական վարվելաձև, որը միախառնված է ցանկացած տիպի կատաղի տոնակատարության հանդեպ նրա տածած բերկրանքին: Լիլիանն Անդրուի ներկայացուցիչն է: Երբ դուռը բացվում է, Լիլիանը հազում է մոլի ծխողի կոպիտ ու չոր հազով):

Անդրու: Լիլիան, Լիլիան, ի՞նչ է, վա՞տ ես զգում:

Լիլիան: (Դադարեցնելով հազը): Շատ լավ եմ: (Շամպայնը տալով Անդրուին):  Վերցրու: (Զննելով բնակարանը): Սա հենց այն է: Ճիշտ այնպես, ինչպես հիշում եմ:

Անդրու: Ի՞նչը:

Լիլիան: Ես այստեղ արդեն եղել եմ: Բայց պետք է համոզվեի: (Երբ Դիրդրան խոնարհվելով բարևում է): Դիրդրա, ես քեզ ճանաչում եմ: (Ֆելիսիային): Ողջույն, ես Լիլիան Թրոյն եմ: Ես Անդրուի ներկայացուցիչն եմ: Աշխարհի տականքը:

Ֆելիսիա: Ողջույն: Ֆելիսիա Դենթին: Անշարժ գույք: Ես հաղթեցի:

Անդրու: (Լիլիանին): Ի՞նչ ասացիր, դու այստեղ արդեն եղե՞լ ես: 

Լիլիան: Դա երևի թե կլիներ, օ՜, կարծում եմ քառասնական թվականներին: Ես նոր էի եկել Ամերիկա: (Շուրջը նայելով): Այնքան մոգական էր՝այս հոյակապ պատուհանը, ձեղնահարկը, թարմ ծաղիկները, որոնք ամենուր էին: Մի անցողիկ փոքրիկ սիրավեպ ունեցա: Անդրու, գուցե դու գտե՞լ ես իմ ծամակալը:

Անդրու: Լիլիան, դու այստե՞ղ ես սիրավեպ ունեցել:

Ֆելիսիա: Այս բնակարանու՞մ:

Դիրդրա: Ու՞մ հետ:

Լիլիան: Ի՞նչ ես կարծում, ու՞մ հետ:

Անդրու: Բերիմուրի՞:

Դիրդրա: (Ակնածանքով): Լիլիան, դու և…Բերիմու՞րը:

Ֆելիսիա: Այստե՞ղ:

Լիլիան: Ես ծեր կին եմ: Ծերերը չպետք է սիրավեպ քննարկեն, դա կարող է տհաճ լինել: Նաև կարող է նախանձ շարժել: Անդրուն այնքան հրաշալի լուր ունի, արդյո՞ք բոլորը գիտեն:

Դիրդրա: Ի՞նչ: Ի՞նչ լուր:

Անդրու: Ես չեմ ասել, որովհետև…Ես վստահ չեմ ինչպես եմ դրան վերաբերվում:

Դիրդրա: Ի՞նչ: Անդրու, այդ ի՞նչ է, որ դու ինձ չես ասել:

Անդրու: Դե…գիտես, էլի, հավանաբար՝ Շեքսպիրի Զբոսայգում: Բացօթյա թատրոնը, որ գտնվում է լճի մոտ:

Ֆելիսիա: Ես մեկ անգամ եմ գնացել: Հեղեղի պես անձրևը թափվում էր հենց Կորիոլանի վրա, բայց միևնույն է, նրանք շարունակում էին խաղալ:

Դիրդրա: (Անդրուին): Ի՞նչ է, ասա մեզ:

Անդրու: Դե, այս ամռանը պետք է բեմադրեն «Լավ է այն, ինչ լավ է վերջանում»…և մեկ ուրիշը:

Դիրդրա: Ո՞րը:

Անդրու: (Խորը շունչ է քաշում): «Համլետ»-ը:

Դիրդրա: Օ՜, տեր Աստված: Սպասիր: Լաե՞րտ:

Անդրու: Համլետ:

Դիրդրա: Գլխավոր դե՞ր:

Անդրու: Հա՛, Համլետ:

Լիլիան: Այո՛: Ի՜նչ արտակարգ բան է, չէ՞: (Դիրդրայի շունչը կրկին սկսում է բառացիորեն կտրվել: Նա բարձրացնում է  ձեռքերը և հեռանում Անդրուի մոտից):

Դիրդրա: Դու…խաղում ես…Համլե՞տ: Իմ ընկերը Համլե՞տ է խաղում:  

Անդրու: Ես չգիտեմ, թե ինչու ինձ տվեցին այդ դերը:

Լիլիան: Որովհետև դու տաղանդավոր ես: Դու հինգ անգամ մասնակցել ես դերասանների ընտրության: Նրանք մի բան նկատել են:

Ֆելիսիա: Բժիշկ Ջիմ Քորման: Դու դահլիճը կլցնես: Նույնիսկ ես կգամ: Դա իրակա՞ն «Համլետ»-ն է: Թե՞ մյուզիքլի պես մի բան է:

Անդրու: Իրականն է: Եվ նա ճիշտ է ասում, իհարկե, ես վստահ եմ, որ նրանք ինձ ընտրեցին միայն հեռուստատեսային շոուի պատճառով: Ես պարզապես մի գործիք եմ: Չգիտեմ, թե ինչու համաձայնեցի:

Լիլիան: Մռութս, մենք այստեղ խոսում ենք Համլետի մասին:

Դիրդրա: Ի՜նչ հրաշալի կլիներ, չէ՞, եթե կարողանայինք ժամանակը հետ տանել և Բերիմուրին պատմել:

Ֆելիսիա: Ինչու՞:

Դիրդրա: Ուզում եմ ասել, որ նա բոլոր ժամանակների ամենաանզուգական Համլետն է. մի՞թե մարդիկ այդպես չեն ասում:

Լիլիան: Ճիշտ է: Եվ, գիտե՞ս ինչ, Անդրու, նա հենց այստեղ է ապրել շատ  տարիներ: Հավանաբար հենց այն ժամանակ, երբ խաղացել է Համլետ:

Դիրդրա: Եվ այժմ դու՛ ես այստեղ: Ես համոզված եմ, որ այս ամենի մեջ ինչ-որ իմաստ կա:

Ֆելիսիա: Էն, որ քո ծրագիրը հանեցին: (Շուրջը նայելով և ֆսֆսացնելով օդը հոտոտելով): Երբեմն որոշ բնակարաններում մի տեսակ զգացողություններ եմ ունենում կապված նախկինում այնտեղ ապրած մարդկանց հետ: (Ֆելիսիան աստիճաններով մագլցում է մինչև առաջին սանդղահարթակը: Նա ձեռքերը վեր է բարձրացնում: Առոգանությամբ արտասանում է): Բերիմու՛ր, Բերիմու՛ր: (Հեռվում հնչում է եկեղեցու զանգակատան զանգը: Բոլորը վերև են նայում):

Լիլիան: Ի՞նչ էր դա:

Ֆելիսիա: Ներքևի փողոցի եկեղեցու զանգակատան ժամացույցն էր:

Անդրու: Բայց…ժամը վեցն է: Այն միայն մեկ անգամ զարկեց:

Դիրդրա: Օ՜, տեր Աստված: Ճիշտ ինչպես «Համլետ»-ի մեջ: Հենց Համլետի հոր ուրվականի հայտնվելուց առաջ: Նա գալիս է, երբ ժամացույցը զարկում է մեկը:

Ֆելիսիա: Ինչը նշանակում է…

Անդրու: Որ մենք ապրում ենք Նյու Յորքում: Որտեղ ամեն բան փչացած է:

Դիրդրա: Իսկ եթե դա նախանշա՞ն է:

Ֆելիսիա: Ճիշտ է: Բերիմուր: Համլետ: Փոխկապվածությունը: Գուցե նա փորձում է մեզ հետ կա՞պ հաստատել:

Անդրու:( Ցույց տալով ճաշացուցակների փնթի խուրցը, որը խոթած է դրսի դռան տակ): Հա: Երևի առաքման համար նախատեսված բոլոր ճաշացուցակներն ինքն է խոթում դռան տակ:

Դիրդրա: Անդրու՛:

Ֆելիսիա:(Դեռ սանդղահարթակում է): Կատակ մի՛ արեք: Կարող է նա…այստեղ է՝ մոտերքում: Հնարավոր բան է: Միանգամայն:

Դիրդրա: Օ՜, տեր աստված: Իսկ ի՞նչ կլիներ, եթե կարողանայինք ինչ-որ ձևով  անցնել ժամանակի և տարածության միջով և հասնել նրան: Մի՞թե դա հիանալի գաղափար չէ:

Լիլիան: Ինձ մի՛հարցրեք հիանալի գաղափարների մասին: Ես գերմանացի եմ:

Ֆելիսիա: (Աստիճաններով իջնելով ներքև): Սպասեք: Ա՛յ մարդիկ: Դուք գիտե՞ք, որ ես գուշակ եմ:

Դիրդրա: Օ՜, տեր Աստված:

Լիլիան: Ի՞նչ ես ուզում դրանով ասել:

Ֆելիսիա: Ես կապ եմ հաստատել այն կողմի հետ: Կարող եմ անցնել նախագիտակից  հոգեվիճակի, ասենք հափշտակվածության՝ էքստազի: Ես նաև խոսում եմ խորհրդատու ոգու հետ:

Անդրու: Խորհրդատու ոգի՞:

Ֆելիսիա: Հա, դա իմ մայրն է: Մենք իրոք շատ մտերիմ էինք: Նրա մահից հետո ես շատ խորը անկում ապրեցի: Փորձեցի ամեն ինչ՝ թերապիա, ընդհանուր խնդիրներ ունեցողների խմբի պարապմունքներ, մի խոսքով՝ ինչ ասես, որ չարեցի: Վերջապես տեսա մի դասընթացի գովազդ, որն առաջարկում էր «Հոգևոր Տրասկոմունիկացիա. Ֆիզիկական Ոլորտից Վեր»:

Լիլիան: Ուրեմն դու խոսում ես մորդ հե՞տ:

Ֆելիսիա: Ճիշտ այդպես: Քո մայրն էլ է մահացե՞լ: Կու՞զես նրա հետ կապ ստեղծել:

Լիլիան: Ոչ: Ինչու՞ փոխել սովորությունը:

Դիրդրա: Ժամացույցը: Բնակարանը: Համլետը: Այս ամենը կանխորոշված է: Ես կարծում եմ մենք դա պետք է անենք:

Անդրու: Ի՞նչ անենք:

Դիրդրա: Կապ հաստատենք Բերիմուրի հետ: Մեկ սեանս: Հենց հիմա: (Մի պահ դադար է լինում, մինչ նրանք նայում են միմյանց: Կանայք չափազանց ոգևորված են սեանս անցկացնելու գաղափարից, սակայն Անդրուն տարակուսանքի մեջ է):

Ֆելիսիա: Մայրիկիցս բացի ես ոչ մեկին չեմ փորձել: Բայց ես պատրաստ եմ:  

Անդրու: Ես չեմ ուզում:

Լիլիան: Բայց ո՞վ գիտե: Մեկ էլ տեսար Բերիմուրը վերադարձավ: Ինչպես նա ինձ խոստացել էր:

Դիրդրա: Լիլիան, դու իրո՞ք եղել ես այստեղ: Բերիմուրի հե՞տ:

Լիլիան: Ինքդ նրան հարցրու:

Անդրու: Ոչ, դե լավ էլի, սա ընդամենը մի սովորական բնակարան է: Այն կախարդական չէ, և այստեղ որևէ ուրվական, կամ գերնբական երևույթ չկա: Եվ մենք ոչ մի սեանս էլ չենք անցկացնի: (Դեպի տանիք տանող դուռը ճռճռալով բացվում է, իսկ հետո շրխկոցով ինքն իրեն փակվում): Մեզ մոմեր պե՞տք են:

Ֆելիսիա: Մոմերն անհրաժեշտ են: (Անդրուն ստվարաթղթե տուփը տակն ու վրա է անում, այնտեղ մոմ փնտրելով):

Դիրդրա: Ֆելիսիա, բա սեղա՞նը:

Ֆելիսիա: Հիանալի է: (Հաջորդող մի քանի խոսակցությունների ընթացքում Դիրդրան և Ֆելիսիան թղթախաղի սեղանը դնում են հարմարավետ մի տեղ և աթոռներն ու տուփերը տեղավորում շուրջը: Լիլիանը ղեկավարում է նրանց):

Դիրդրա: (Սեղանը տեղաշարժելով): Սա շատ նման է «Համլետ»-ի սկզբին, երբ պահակները ձայն տալով կանչում են ուրվականին: (Բավականության զգացումով):

               «Կանգ առ, ո՜վ պատիրք,

                Եթե մի հնչյուն կամ թե ձայն ունիս,

                Խոսի՛ր ինձ».

Լիլիան: (Ձեռքերն առաջ պարզելով):

                «Եթե անելու մի բարի բան կա,

                 Որ կարողանա սփոփսնք տալ քեզ, և ինձ թողություն,

                 Խոսի՛ր ինձ».

Դիրդրա: «Օ՜հ, խոսի՛ր»:

Լիլիան: «Ասա՛, կա՛ց, խոսի՛ր»:

Անդրու: Օ՜, տեր Աստված: Ֆելիսիա, դու սովորաբար այսպե՞ս ես անում: Սեանսե՞ր: Շեքսպի՞ր:

Ֆելիսիա: Քաղցրս, ես գրեթե տասնհինգ տարի եղել եմ անշարժ գույքի գործակալ: Գրենիչ Վիլեջ: Ուզու՞մ ես, դրա փոխարեն մատաղ արա, կամ էլ պանիր օգտագործիր, որպես միջոց: (Սեղանն ուսումնասիրելով): Շատ լավ, բոլորդ նստեք: Ինչպե՞ս ենք այս ամենն անելու: Գիտեմ՝ նախ ես կփորձեմ կապ հաստատել մորս հետ, հետո կտեսնեմ, կարո՞ղ է արդյոք Բերիմուրին գտնել: (Մինչ այդ Դիրդրան, Լիլիանը և Ֆելիսիան արդեն նստել են կլոր սեղանի շուրջը):

Լիլիան: Կարո՞ղ եմ ծխել: Որևէ մեկը դե՞մ է:

Դիրդրա: Օ՜, Լիլիան, քո արածը սարսափելի բան է, մենք բոլորս քեզ  շատ-շատ սիրում ենք, բայց կարո՞ղ ես դա չանել:

Լիլիան: (Հառաչելով): Շատ լավ: (Նա ծխախոտը դնում է ներքև): Գիտե՞ս ինչ, ես իրոք պետք է թողնեմ:

Դիրդրա: Ծխե՞լը:

Լիլիան: Ոչ՝ հարցնելը: (Անդրուին հաջողվում է մի մոմ գտնել, որը նա  մտցնում է շշի մեջ: Շիշը դնում է սեղանին):

Ֆելիսիա: (Անդրուին): Քաղցր, մի այդ լույսերը մարի, հա՞: Ես հիմա պետք է փորձեմ կտրվել իրական աշխարհից ու էքստազի մեջ մտնել, այնպես որ, Էնդի, մտածիր այն մասին, թե ի՞նչ ես ուզում Բերիմուրին հարցնել:

Դիրդրա: Նա Շեքսպիրին հանդիպե՞լ է:

Լիլիան: Շա՞տ տաք է այնտեղ:

Դիրդրա: Լիլիան, Բերիմուրը Դժոխքում չէ: Ես վստահ եմ, որ Ֆելիսիան երբեք գործ չի ունենում այն մարդկանց հետ…ովքեր այնտեղ են գտնվում:

Ֆելիսիա: Դե՜, ասենք եթե իրավական խնդիրներ եմ ունենում…լավ, բոլորդ  ձեռքներդ դրեք սեղանին, ափի մասը ներքև, դա օգնում է վայր իջնելուն: Հիմա փակեք ձեր աչքերը: (Մինչ այդ Անդրուն հանգցրել էր լույսերը, սենյակը լուսավորված է միայն մոմի լույսով: Անդրուն միանում է  սեղանի շուրջը նստածներին: Բոլորն իրենց ձեռքերը կպցնում են իրար և աչքերը փակում): Հիմա ձեր մտքերը հստակեցրեք, այնպես որ ամբողջովին մաքուր լինեն, սկսում ենք նոր էջից: Խորը, համաչափ շնչառություն: (Այժմ բոլորը շնչում են միասնաբար, շատ խորը: Լիլիանը հազում է: Բոլորը շարունակում են համաչափ շնչել: Ֆելիսիան բարձրացնում է գլուխը: Նրա մարմինը ջղաձգությամբ ցնցվում է, և գլուխը միանգամից ընկնում է ցած: Երբ նրա գլուխը կրկին վեր է բարձրանում, նա արձակում է երկար, կոկորդային, շատ տպավորիչ ու  արտառոց  հառաչանք: Վերջապես, երբ կապը հաստատվում է, Ֆելիսիայի գլուխը ցցվում է վեր, նա միանգամից աշխուժանում է և ասես խոսում է հեռախոսով: Մոր հետ զրուցելու ժամանակ նրա աչքերը շարունակում են փակ մնալ): Հա, մամ, ես եմ…հիանալի, հիանալի, դու՞: (Թաքուն դիմելով խմբի անդամներին): Ես նրան գտա…Մամ, լսիր ինձ, ես քո օգնության կարիքն ունեմ, ես այստեղ Անդրու Րալլիի հետ եմ…հա, «LA Medical»-ի…Մամ, լսիր, նա ուզում է խոսել մեկի հետ, այդտեղից…ոչ, Մամ, նա հանդիպում է մեկի հետ…Մամ, ես կարծում եմ, որ նա  ստեղծագործական ճգնաժամի մեջ է, նա պետք է Շեքսպիր խաղա, ուստի ցանկություն ունի խոսել Բերիմուրի հետ, ճիշտ այդպես, Ջոն Բերիմուրի…այո, ֆիլմերից…շատ լավ, շատ լավ, մի րոպե սպասիր… (Անդրուին): Նա ուզում է իմանալ, թե դու ի՞նչ ես հարցնելու Բերիմուրին: Ի՞նչ հարց ունես:

Դիրդրա: (Հրճվանքով): Հարցրու, Անդրու:

Անդրու: Ի՞նչ հարցնեմ:   

Դիրդրա: Նրան հարցրու Համլետի մասին:

Լիլիան: Նրանից խորհուրդ հարցրու:

Անդրու: Բայց ես խորհրդի կարիք չունեմ, ես չեմ ուզում Համլետ խաղալ, ուզում եմ ասել՝ չեմ կարծում, թե ուզում եմ, այսինքն ուզում եմ ասել՝ ես ատում եմ «Համլետ»-ը: (Հենց Անդրուն արտասանում է՝ «ես ատում եմ «Համլետ»-ը» խոսքերը, լսվում է կայծակի խլացնող ճայթյուն: Քամին ուժգին պոռթկոցով  ներխուժում է  բնակարան, հանգցնելով մոմը: Հետո լսվում է կայծակի երկրորդ ճայթյունը, և երկնքում փայլատակելով անցնում է կայծակի շանթը: Եվ միայն Անդրուին է հայտնվում այդ ստվերը):

Լիլիան: Անդրու՛:

Դիրդրա: Էդպես մի՛ ասա:(Հենց երկնային կապը կտրվում է, Ֆելիսիան կրկին սկսում է ցնցվել: Նա վայրի խռխռոց  է արձակում, ասես հազի միջոցով նրա բերանից գնդաձև կայծակ է դուրս գալիս: Նա ցնցվում է և  ամբողջ մարմնով ջղաձգվելով, հեռանում է սեղանից): Ֆելիսիա՛: (Անդրուն վեր է կենում և վազում դեպի անջատիչը: Նա վառում է լույսը):

Ֆելիսիա: Ի՞նչ: Ի՞նչ է անում…սպասի՛ր: Հա՞: Ի՞նչ պատահեց: Մի՞թե ես նրան գտա: Մա՞մ:

Դիրդրա: Դու խոսեցիր նրա հետ, և նա փորձեց կապվել Բերիմուրի հետ, բայց ինչ-որ բան պատահեց: Կայծակ եղավ:

Լիլիան: Դա հրաշք էր:

Ֆելիսիա:Դու տեսա՞ր որևէ բան: Որևէ նշա՞ն: Տեսա՞ր ակնոցով մի կնոջ:

Դիրդրա: Ոչ, չեմ կարծում…

Անդրու: (Վճռական): Ոչ: Մենք ոչինչ չենք տեսել: Ոչ մի Բերիմուր:

Լիլիան: Կարծում եմ՝ ոչ:

Ֆելիսիա:Դե, գիտեք, ցավում եմ…Մաման իրականում միակն է, ում ես կարողացել եմ գտնել: Շատ հուզիչ է, բայց մինչև  դուք դրա կարիքը խիստ չզգաք, չի ստացվի: Էնդի, շատ եմ ցավում:

Անդրու: Ոչ, խնդրում եմ, դու հիանալի էիր: Եվ ես շատ ուրախ եմ, որ գտել ես մորդ, պարզապես չեմ կարող հավատալ, որ անգամ մտածել եմ Համլետ խաղալու մասին: Այս ամենը…հնարավոր բաներ չեն: 

Լիլիան: Րալլի, խնդրում եմ, մյուսների պես մի՛ արա: Որ կողմ նայում եմ, հիասթափվում եմ: Դու պետք է հավատ ունենաս: Բերիմուրը քեզ կստիպեր:

Դիրդրա: Նա դեռ կարող է հայտնվել:

Ֆելիսիա: Երբեմն կարող ես կաշառել հոգիներին: Այ, օրինակ, պետք է գտնես մի բան, ինչը նրանք կենդանության ժամանակ  սիրել են: Հատկապես, երբ առաջին անգամ ես կապի մեջ մտնում նրանց հետ:

Դիրդրա: Իրո՞ք: Իսկ քո մայրն ի՞նչ էր սիրում: Դու ի՞նչ օգտագործեցիր:

Ֆելիսիա: Դա շատ դժվար էր: Ես ամեն ինչ փորձեցի՝ ոսկեղեն, բիսկվիտ, վերջապես ուղղակի ասացի՝ Մամա, ժամը տասն անց է, տոկոսներն իջել են: Բինգո՛:  Մի անգամ էլ չփորձե՞նք:

Դիրդրա: Իհարկե:

Անդրու: Ոչ: Բոլորովին, ոչ մի դեպքում: Այլևս պետք չէ:

Լիլիան: Օ՜հ, Րալլի, որտե՞ղ է քո արկածախնդրության զգացումը: Հեռուստատեսությունը քեզ փչացրել է: (Ամպերը կրկին որոտում են և լսվում է ավելի հորդառատ անձրևի ձայն): Ես պետք է գնամ: Պարզապես եկել էի, որ բնակարանը տեսնեմ:

Ֆելիսիա: Լավ կլինի, որ ես էլ գնամ, քանի դեռ անձրևն ավելի չի ուժեղացել:

Լիլիան: (Շուրջը զննելով): Հենց այնպիսին է…ինչպես հիշում եմ, թերևս  փոքրոտ է, բայց ինձ համար թանկարժեք գոհար է: Վերելակը նոր է: (Նա սկսում է հազալ):

Անդրու: Լիլիան, հո վատ չե՞ս զգում: Դու բժշկի գնացե՞լ ես:

Լիլիան: (Նրա խոսքը կտրելով): Բժիշկները: Ես չափից ավելի շատ բժիշկ եմ  տեսել: Հիմնականում քո խաղացած դերերում: Բավական է: Րալլի, ե՞րբ են փորձերը սկսվելու:

Անդրու: Ես այդ հարցը չեմ քննարկում:

Լիլիան: Բայց ես քո անունից պետք է բանակցեմ: Դա Շեքսպիրի Զբոսայգին է: Այն եկամուտ չի հետապնդում: Ես նրանց այնպես եմ քամելու: (Ֆելիսիան և Լիլիանն արդեն հագել են իրենց վերարկուները):

Ֆելիսիա: (Վերջին անգամ նայելով բնակարանին): Հրաշալի տարածք է: Դու իմ խոսքերին ուշադրություն մի դարձրու: Ես փոքր խուցերին էլ եմ այդպես ասում: Օրերից մի օր ասելու են՝ այստեղ ապրել է Անդրու Րալլին:

Դիրդրա: Մեծն Համլետը:

Լիլիան: Եվ հարմար աղանդ ցանկացած պահի համար:

Անդրու: Դու՛րս:

Ֆելիսիա: Ցտեսություն, բալիկներ:

Լիլիան: Սպասիր: (Լիլիանը կանգ է առնում, նրա մեջ մի զգացում է արթնանում: Գնում է դեպի կրակարանը, այնտեղ ինչ-որ բան է գտնում: Վերցնում է այն և հրճվանքով վեր բարձրացնում): Իմ ծամակա՛լը: (Լսվում է կախարդական երաժշտության մի ակորդ: Ֆելիսիան և Լիլիանը դուրս են գալիս: Անդրուն և Դիրդրան մնում են դեմ առ դեմ կանգնած: Նրանք հուզված են, քանի որ մնացել են երկուսով):

Դիրդրա: Անդրու…(Դիրդրան նետվում է Անդրուի գիրկը , և նրանք գրկախառնվում են): Համլե՛տ: Ինչու՞ ինձ չէիր ասում:

Անդրու: Որովհետև գիտեի, որ շատ կհուզվես և ինձ  կասես, որ պետք է դա անեմ:

Դիրդրա: Իհարկե, պետք է անե՛ս:

Անդրու: Բայց ինչու՞:  Միայն այն պատճառով, որ այն ընդունված է համարել ամենամեծ մարտահրավե՞րը: Որովհետև կարծում եք Համլետ խաղալը պետք է յուրաքանչյուրի երազա՞նքը լինի:

Դիրդրա: Ո՛չ…որովհետև «Համլետ»-ը  բոլոր թատերախաղերից ամենագեղեցիկն է: Կյանքի մասին է, այն մասին, թե որքան ահավոր և դավաճանություններով լի է կյանքը: Իսկ Համլետը փորձում է այդ ամենը շտկել: Եվ նա մահանում է:

Անդրու: Որը մեզ ասում է…

Դիրդրա: Գոնե նա փորձում է:

Անդրու: Բայց ես ինչու՞ եմ պարտավոր լինել Համլետ: Ես կարող եմ խաղալ մեկ այլ շոուի մեջ, գուցե նաև՝ նկարահանվել գեղարվեստական կինոնկարում: Ինձ Համլետ խաղալ պետք չէ:

Դիրդրա: Անդրու, բայց … դու թատերական դպրոց ես հաճախել:

Անդրու: Միայն երկու տարի:

Դիրդրա: Բայց մի՞թե դա հրաշալի չէր: Իբսենի, Օ’Նիլլի..լավագույն թատերախաղերը…չորս ժամից ոչ պակաս տևողությամբ: Եվ հետո՝ Շեքսպիր…մի՞թե դու չես սիրում:

Անդրու: Երբեմն սիրում եմ: Բայց ես հեռացա:

Դիրդրա: Ինչու՞:

Անդրու: (Հիշողություններից  հուզված): «LA Medical»-ը: Դոլարները:  TV Guide-ը: Իմ նկարը Ամերիկայի սուպերմարկետների յուրաքանչյուր դրամարկղի մոտ՝  ծամոնների կողքին: Ես ինձ այնպես էի զգում, կարծես ամեն օր իմ Bar Mitzvah-ի օրը լիներ: Ում տեսնում էի, բոլորն ինձ ժպտում էին, իսկ նրանց  ձեռքերում կտրոն պարունակող ծրարներ կային: Դա է Կալիֆորնիան, այնտեղ շատ ջերություն կա…ինձ համար այն մորաքույր Սոֆին է՝ առանց կսմթոցի:

Դիրդրա: Անդրու, Ջիմ Քորմանը հրաշալի էր. բայց դու արդեն վերադարձել ես:

Անդրու: (Քմահաճությամբ): Շոուն մեռավ, ես էլ մտածեցի՝ շատ լավ, հիմա  կփորձեմ որևէ բան անել Նյու Յորքում, իսկ ինչու՞ ոչ: Որոշ դասեր կվերցնեմ, գուցե մի նոր ներկայացման մեջ խաղամ և հեշտությամբ վերադառնամ իմ նախկին վիճակին: Բայց հիմա…այս տեղը: (Նա ցույց է տալիս բնակարանը): «Համլետ»-ը: Սա չէր իմ ծրագիրը:

Դիրդրա: Իհարկե, դա է: Այն քո հին ծրագիրն է, քո իրական ծրագիրը:  Գիտե՞ս  ինչն ավելի լավ կլիներ: Ավելի լավ, քան «Համլետ»-ը:

Անդրու: Գրականության վերաբերյալ պամֆլետնե՞րը:

Դիրդրա: «Ռոմեո և Ջուլիետ»: Հիշու՞մ ես, մենք դասարանում այդ տեսարանը խաղացինք: (Դիրդրան աստիճաններով  վերև է վազում դեպի ձեղնահարկ, կանգ առնում սանդղահարթակի վրա, որը նա պատրաստվում է օգտագործել որպես  Ջուլիետի պատշգամբ: Նրա խաղը  լի է բուռն ցանկությամբ, բայց կատարման տեխնիկայով՝ մի քիչ թույլ: Նրա ձեռքի շարժումները շատ արտահայտիչ ու տպավորիչ են՝ ինչպես Ջուլիետինը):

                 «Լուսնով մի՛ երդվիր,

(Նա մատնացույց է անում լուսինը):

             Անհաստատ լուսնով

(Նա կրկին մատնացույց է անում լուսինը):

              Որ ամեն ամիս փոխում է ձևը իր պարունակում,             

 (Նա  մատնացույց է անում Անդրուին):

             Միգուցե սերդ նույնպես փոփոխվի»:

(Անդրուն վեր է ցատկում՝ դեպի սանդղահարթակ, որտեղ ճաղաշարքը նրան դեռ բաժանում է Դիրդրայից):

Անդրու: (Որպես Ռոմեո): «Ի՞նչ բանով երդվեմ»:

 Դիրդրա: «Մի՛ երդվիր երբեքDo not swear at all.

            Եթե ուզում ես, քո առաքինի անձովդ երդվիր,

             Որը աստվածն է իմ պաշտամունքի,

              Եվ կհավատամ»:

Անդրու: «Եթե իմ սրտի հորդաբուխ սերը…» (Անդրուն մագլցելով անցնում է ճաղաշարքի վրայով, և նրանք համբուրվում են: Շատ կրքոտ): Օ՜հ, Դիրդրա…

Դիրդրա: Անդրու…(Կրկին համբուրվում են):

Անդրու: Կմնա՞ս…

Դիրդրա: Այո: Ձեղնահարկում: Այնտեղ մի սենյակ էլ կա, չէ՞: Տանիքում:

Անդրու: Դիրդրա:

Դիրդրա: Անդրու…դու ասացիր, որ հասկանում ես: Ես կարող եմ տրվել միայն այն մարդուն, ում սիրելու եմ հավիտյան: Այն մարդուն, ում հետ ես կամուսնանամ:

Անդրու: Դե ուրեմն, եկ ամուսնանանք:

Դիրդրա: Անդրու, ի՜նչ անուշ է դա:

Անդրու: Ինչու՞ իմ ասածներին լուրջ չես վերաբերվում: Ես միայն սեքսի մասին չեմ խոսում: Դու ինչ-որ բաների ես հավատում: Եվ քիչ է մնում ինձ էլ հավատացնես: Դու Ջուլիետն ես:

Դիրդրա: Միանգամայն ճիշտ է: Եվ դու էլ կլինես Համլետը: Ես դա տեսնում եմ: (Աստիճաններից ցած իջնելով): Անդրու, ես իրոք ուզում եմ ամուսնանալ, և ես իրոք սեքս էլ եմ ուզում, պարզապես…Ես այնքան երկար եմ սպասել: Ես այնքան շատ բան եմ զոհաբերել դրա համար: Ուզում եմ ասել, որ եթե սա ամբողջովին կատարյալ չլինի, ապա այդ ամենն իզուր  վատնած կլինեմ: Այդ դեպքում ես ինձ հիմարի պես կզգամ:

Անդրու: (Նրա հետևից ներքև իջնելով): Դիրդրա, դու քսանինը տարեկան կույս ես: Եվ դու դա ասում ես բոլորին: Ես կարծում եմ, որ հիմար վիճակում հայտնվելու վախը խնդիր չէ:

Դիրդրա: Օ՜հ, բայց մի՞թե հրաշալի չի լինի, եթե ես վստահ լինեմ: Մի՞թե դու ուրախ չե՞ս լինի, որ մենք սպասել ենք:

Անդրու: (Ծունկի իջնելով նրա առաջ): Դիրդրա, սեքսը հրաշալի բան է: Հավատա իմ խոսքերին: Այն պետք է դասել հենց այնտեղ, վերևում՝  միաեղջյուրների և պոպուրիների, ինչպես նաև հնաոճ ժանյակի և դափնու հատապտղի բույր ունեցող մոմերի կողքին: Դիրդրա, նույնիսկ Լորա Աշլին է սեքս արել:

Դիրդրա: Ճիշտ է…

Անդրու: Ե՞րբ ես իմանալու: Ե՞րբ ես դու վստահ լինելու:

Դիրդրա: Շուտով…երևի: Գիտեմ, ես անտանելի եմ, բայց չմտածես, թե կոտրատվում կամ նազ եմ անում: Ես պարզապես ուզում եմ…ամեն ինչ: Եվ դա կատարվում է:

Անդրու: Մի՞թե:

Դիրդրա: Իհարկե: Դու Համլետն ես լինելու, իսկ ես կլինեմ … Օֆելիան: Օ՜, Անդրու, կարո՞ղ եմ մասնակցել դերասանների ընտրությանը: Ինձ թույլ կտա՞ն:

Անդրու: Կարծում եմ. կարող եմ նրանց հարցնել…

Դիրդրա: Իսկապես, կհարցնե՞ս: Եվ դա անազնվություն չի լինի, քանի որ ես քեզ հետ չեմ քնում: Մի՞թե դա հրաշալի չէ:

Անդրու: Դիրդրա, դա անհեթեթություն է: Դա կարծես լինի … շոու բիզնես մորմոնների համար: (Դիրդրան վերցնում է իր ուսի պայուսակը և աստիճաններով վազում դեպի տանիք):

Դիրդրա: Սա լինելու է ամենալավը: Բարի գիշեր, անուշիկ…

Անդրու: Մի՛ ասա էդ խոսքը: Եթե ես չեմ կարող սեքս անել, ապա չգիտեմ, թե ինչու պետք է Համլետ խաղամ:

Դիդրա: Անուշիկ իշխան: (Դիրդրան դուրս է գալիս դռնից,  գնում է դեպի տանիք): 

Անդրու: (Դեպի երկինք դիմելով): Ի՞նչ է սա…փորձությու՞ն: Առանց սե՞քս: Շեքսպի՞ր: Ասես լինես ավագ դպրոցում: (Նա մոտենում է հեռախոսին, հավաքում է հեռախոսահամարը և սպասում: Մյուս ձեռքով բռնել է Լիլիանի բերած շամպայնի շիշը: Հեռախոսի մեջ): Լիլիա՞ն, Անդրուն է: Երբ վերադառնաս, խնդրում եմ զանգիր թատրոնի մարդկանց: Նրանց ասա, որ ես հրաժարվում եմ: Եվ ես վաղը վերադառնալու եմ հյուրանոց: Դե, ցտեսություն,  Համլետ և բարի գիշեր, Բերիմուր: (Անդրուն բացում է շամպայնի շիշը: Հենց խցանը պլլտոցով դուրս է թռնում, ամպերը որոտում են, և կայծակ է պայթում: Լույսը լրիվ անջատվում է, և քամին սկսում է ոռնալ: Զանգակատան ժամացույցը կրկին զրնգում է: Մի խոսքով, հնարավորին չափ շատ մելոդրամա: Թատրոնի լուսարձակն աստիճանների վերևից ընկնում է տանիք տանող դռան վրա: Դուռը ճռռալով բացվում է, և ծուխը հորդում է դուրս: Լսվում է հաղթական շեփորի հանդիսանվագ, որին հաջորդում է քայլերգը՝ ամբողջ նվագախմբի կատարմամբ , որը պետք է շարունակվի  Բերիմուրի մուտք գործելու ընթացքում: Դեպի տանիք տանող դռան արանքում մի պատկեր է գծագրվում: Լուսարձակը լուսավորում է այդ պատկերը, այն Ջոն Բերիմուրի պատկերն է, որը շատ տպավորիչ, դրամատիկ ու մելամաղձոտ կեցվածք է ընդունել: Նա հագնված է ինչպես Համլետը՝ սև գույնի սեղմ գուլպաներ, կտրված պարանոցով լայն, սև թավշե պարեգոտ և թանկագին քարերով զարդարված գոտի, որից կախված է ոսկյա դաշույնը: Թիկնոցն ամբողջ երկարությամբ պտտվում է մարմնի շուրջը: Նա արտակարգ սեքսուալ է և հմայիչ: Նա հենց այնպիսին է, ինչպիսին պետք է լինի պատրանքային, ռոմանտիկ հերոսը: Բերիմուրը բարձրացնում է գլուխը, նրա դեմքը դեռ բավական մռայլ է: Նա սանձարձակ ժպտում է: Զննում է բնակարանը՝ երկար ժամանակ է, ինչ հեռացել է այստեղից: Դանդաղ ցած է իջնում աստիճաններով, ուսումնասիրելով, թե ինչ փոփոխություններ է կրել իր նախկին բնակարանը: Վերջապես  նկատում է Անդրուին: Անդրուն սառել է՝ շամպայնի շիշը ձեռքին: Բերիմուրը ժպտում է նրան:

Բերիմուր:Սիրելի երիտասարդ: (Բերիմուրը նկատում է շամպայնի շիշը: Նա մի բաժակ է վերցնում և գնում դեպի Անդրուն: Շատ երկար ժամանակ է, ինչ նա շամպայն չի խմել: Նա առաջ է պահում բաժակը՝մատնացույց անելով շիշը): Կարո՞ղ եմ: (Անդրուն դեռ սառած է: Նա փորձում է խոսել, սակայն  կոկորդից միայն խեղդվող ձայներ են դուրս գալիս): Ներողություն, ի՞նչ ասացիք: (Անդրուն կրկին փորձում է խոսել, բայց չի կարողանում: Նա առաջ է պարզում շիշը: Բերիմուրը վերցնում է այն, իր բաժակի մեջ շամպայն լցնում և խմում անսահման մեծ բավականությամբ):

Անդրու: Դու…նա ես:

Բերիմուր: Մի՞թե:

Անդրու: Դու… մեռած ես:

Բերիմուր: Գիտե՞ս, երբեմն ես այնքան էլ վստահ չեմ լինում  իրոք մեռա՞ծ եմ, թե՞ պարզապես չափից դուրս խմած:

Անդրու: Դու…Բերիմուրն ես:

Բերիմուր: Այո: Թեպետ հայրս իր հորից Բլեյթ ազգանունն էր ժառանգել, բայց երբ նա դերասան դարձավ, փոխեց այն, որպեսզի իր ընտանիքին ամոթով չթողնի: Իսկ ի՞նչ է քո անունը:

Անդրու: (Շարունակելով մնալ ամբողջովին անվճռական): Անդրու: Րալլի: Իրականում  Րալլենբերգ է: Ես այն փոխեցի, որպեսզի ամոթով չթողնեմ… հրեաներին:

Բերիմուր: (Տան հարմարությունն  ուսումնասիրելով): Տե՛ս: Իմ բույնը: Իմ օթևանը: (Ցույց տալով, թե իրերն առաջ որտեղ էին գտնվում, կարելի է երաժշտական ռիթմերի ուղեկցությամբ): Ռոյալը: Վերածնության ժամանակաշրջանի գլոբուսը: Գահը:

Անդրու: Դու մահացե ՛լ ես: Դու մեռա՛ծ ես: Ի՞նչ գործ ունես այստեղ:

Բերիմուր: Անտա՛շ …Ես այստեղ եմ, որ օգնեմ քեզ:

Անդրու: Սպասիր…ես ինչպե՞ս վստահ լինեմ, որ դու ուրվական ես: Հնարավոր է պարզապես աներեսի նման ներխուժել ես այստեղ:

Բերիմուր: (Նրա հետ խաղ խաղալով) Գուցե: Հմտորեն Համլետի կերպարանք առած: (Անդրուն դանդաղ, գաղտագողի մոտենում է Բերիմուրին: Նա  հպվում է Բերիմուրի ձեռքին: Բերիմուրը մնում է անտարբեր) Բօօ՜:

Անդրու: Բայց…ես կարողանում եմ հպվել քեզ: Իմ ձեռքը չի անցնում քո միջով:

Բերիմուր: Ես ուրվական եմ, Անդրու, այլ ոչ թե ինչ-որ յուրահատուկ էֆեկտ:

Անդրու: Բայց…ուրվականները պետք է զորություն ունենան: Արտակա՛րգ զորություն:       

Բերիմուր: Անդրու, ես մեռած տեղից հենց նոր եմ վեր կացել: Իսկ ինչպիսի՞ն էր քո առավոտը: Հիմա իրո՞ք ուզում ես, որ քեզ վախեցնեմ:

Անդրու: (Տպավորված չէ): Ես քեզանից չեմ վախենում:

Բերիմուր: Ուզու՞մ ես այնպես անեմ, որ մարմնովդ սարսուռ անցնի:

Անդրու: (Շատ ինքնավստահ): Չես կարող:

Բերիմուր: Ուզու՞մ ես քեզ այնպես վախեցնեմ, որը հեռու է մարդկային որևէ երևակայությունից:

Անդրու: Ինչու՞ չէ, փորձի՛ր:

Բերիմուր: Վեց շաբաթից դու կխաղաս Համլետ: (Անդրուն ճչում է):

Անդրու: (Իրապես սարսափած): Օ՜հ, տեր Աստված, դու իրոք նա ես, այնպես չէ՞:

Բերիմուր: Ջոն Բերիմուր: Դերասան: Լեգենդ: Գայթակղող: Դիակ:

Անդրու: Ուրեմն…ստացվեց: Այդ սեանսը՝ Ֆելիսիան, նրա մայրը…նա քեզ հետ բերեց այնտեղից:

Բերիմուր: Ամենևին: Այդ դու էիր, որ պահանջեցիր ինձ:

Անդրու: Մի՞թե:

Բերիմուր: Որպես թատերական վեհ ավանդույթի կապող օղակ: Յուրաքանչյուր անհատ, ով ձեռնարկում է խաղալ Համլետ, իրավասու է  հայտ ներկայացնել իրենից առաջ խաղացողին: Սկսած  Բերբեջից ու Քիյենից մինչև Իրվինգը՝այդ հայտը միշտ բավարարվել է:

Անդրու: Սպասիր…ուզում ես ասել, որ դու այստեղ ես, որպեսզի ինձ օգնես, որ ես Համլե՞տ խաղամ: Որովհետև դու էլ ես նույն կերպ վարվե՞լ:

Բերիմուր: Ճիշտ այդպես:     

Անդրու: Շատ լավ: Ուրեմն խնդիրը լուծված է: Որովհետև ես Համլետ չեմ խաղալու: Ոչ մի դեպքում: Այնպես որ դու կարող ես պարզապես…հետ գնալ: Ուր որ…կամենաս:

Բերիմուր: Ցավոք, դա անհնար է:

Անդրու: Ինչու՞:

Բերիմուր: Ես չեմ կարող հետ վերադառնալ: Ինձ այնտեղ չեն ընդունի, քանի դեռ առաջադրանքս չեմ կատարել: Քանի դեռ դու…

Անդրու և Բերիմուր: Չես խաղացել Համլետ:

Բերիմուր: Ճիշտ այդպես:

Անդրու: (պարտված): Օ՜հ, ոչ: Օ՝հ, տեր Աստված: Ուզում ես ասել, եթե ես այդ բանը չանեմ…

Բերիմուր: Կնշանակի ես հենց այստեղ էլ կմնամ: Այս պատերի մեջ: Հեռուստատեսային մի դերասանի հետ մեկընդմիշտ ծուղակն ընկած:

Անդրու: Դե, գիտե՞ք ինչ, շա՜տ կներեք, ես, պետք է ասեմ, որ շատ էլ լավ հեռուստատեսային դերասան եմ և մի մեռած ու ապխտած ոսկոր չի կարող ինձ որևէ բան սովորեցնել: Նույնիսկ այն դեպքում, եթե ես Համլետ խաղամ, ինչը չեմ անելու: Ես դա շատ էլ լավ կանեի: Միանգամայն ինքնուրույն: (Բերիմուրը կատաղած նայում է Անդրուին: Նա իր գոտեպայուսակից հանում է «Համլետ»-ի մի օրինակ՝ կաշվե կազմով և շպրտում Անդրուին):

Բերիմուր: Շատ լավ, ուրեմն, Համլետ, «Լինել, թե չլինել»:

Անդրու: Ի դեպ, սա այն մենախոսությունն է, որը ես արտասանել եմ դերասանների ընտրության ժամանակ: Եվ ես դերը ստացա: (Անդրուն «Համլետ»-ի օրինակը հետ է շպրտում Բերիմուրին):

Բերիմուր: Շարունակի՛ր: (Բերիմուրն ամբողջ հասակով մեկնվում է թախտին: Անդրուն, ով ամբողջովին տարված էր ինքն իրենով, որոշում է մի երկու շարժում ցույց տալ Բերիմուրին: Նա արագ խոշոր քայլեր է անում,  մեջքով շրջվելով Բերիմուրին: Հետո ուսերն առաջ պարզած կռանում է): Այո՞:  

Անդրու: Ես նախապատրաստվում եմ:

Բերիմուր: Դու…նախապատրաստվում ես:

Անդրու: Այո: Այսպես է սովորեցրել իմ դերասանական խաղի ուսուցիչը՝  Հարոլդ Գաֆնին:

Բերիմուր: Հարոլդ Գաֆնի՞ն:

Անդրու: Նա, ով ստեղծել է Գաֆնիի տեխնիկան: Խաղ, որի միջոցով կարող ես հաղթել: Չեմ կարող խոսքն արտասանել հենց այնպես՝ անկյանք: Ես պետք է մտնեմ կերպարի մեջ: Ես պետք է դառնամ Համլետը: Ես լինելու եմ նրան փոխարինողը:

Բերիմուր: Փոխարինո՞ղը:

Անդրու: Ես մտածում եմ մի այնպիսի բանի մասին, որն ինձ հետ իրոք պատահել է, որպեսզի կարողանամ հիշել դրա հետ կապված հույզերը և վերարտադրել դրանք:

Բերիմուր: Իսկ ի՞նչ ես հիշում:

Անդրու: Դա գաղտնիք է: Այլապես չի ստացվի: Սուս մնա: Ես սկսում եմ խաղալ:

Բերիմուր: Ինչու՞ է ինձ թվում, որ մենք պետք է սկսենք մոտակայքում լրագրեր տարածել: Օ, կներես: Ես պետք է լռեմ: Խորը հարգանքից դրդված: Ճանապարհը փակ է…մարդը խաղում է: (Անդրուն մի փոքր հեռանում է, դեմքով շրջվում դեպի հանդիսատեսը և սուսերամարտի շարժումներ կատարում: Նա քիթը մի փոքր ֆսֆսացնում է, ուսերը թուլացնում, ինչպես պրոֆեսիոնալ ըմբշամարտիկը մարզվելիս: Նա իր դեմքին մի քանի տարբեր արտահայտություններ է տալիս, փորձում է լինել չափից դուրս բնական (ultra-naturalistic), հետևելով հենց այն մեթոդին, որի մասին խոսում էր: Նա սոսկալի ոռնոց է հանում և ինքն իրեն ապտակում: Այնուհետև նույնը  կրկնում է: Բերիմուրն ահաբեկված հետևում է այս ամենին): Անդրու, գիտե՞ս ինչ, ես մեռած եմ, և մեռած եմ մնալու հուր հավիտյան, բայց այդքան ժամանակ չունեմ, որ ամբողջ օրս քեզ տրամադրեմ: (Անդրուն նորից է սկսում: Մի քանի հարվածներ տալուց հետո նա սկսում է խոսել: Լարվածությունից նրա ճակատը կնճռոտվում է, խոսելաձևը հիշեցնում է Բրուկլինի կոպիտ, խուլիգան տղաներին (Բրանդոյի ու ԴեՆիրոյի մարմնավորած կերպարներից):     

Անդրու: Լինել,թե…չե՛ղավ (Նա կանգ է առնում: Գլխում մի միտք է ծագում): Թե…չլինել…: Այս է, ա՛յս է խնդիրը: Սպասի՛ր: Ո՛րն է…նա մի ձեռքը վեր է բարձրացնում): Ո՛րն է հոգեպես…ա՛հ…ավելի ազնիվ, այո…

Բերիմուր: Սխալ է:

Անդրու: Ի՞նչ:

Բերիմուր: Ոչ:

Անդրու: Ի՞նչը «Ոչ»:

Բերիմուր: Ոչ:

Անդրու: Ի՞նչը ոչ: Ոչ՝ այսինքն իմ մեկնաբանության հետ համաձայն չե՞ս,  ոչ՝ այսինքն իմ մեկնաբանությունը պարզ չէ՞, ոչ՝ այսինքն դու կարծում ես, որ ես ծայրից ծայր սարսափելի վա՞տ եմ խաղում:

Բերիմուր: Այո:

Անդրու: Ես սարսափելի վա՞տն եմ:

Բերիմուր: Այդ պահին: Այդ ի՞նչ էիր անում:

Անդրու: Ես փորձում եմ ընկալել դերը և խորասուզվել: Ես փնտրում էի էմոցիոնալ հենքը, որի շուրջ կարող եմ կերտել կերպարը:

Բերիմուր:Ինչու՞:

Անդրու: Ինչու՞: Որպեսզի կերպարը կենդանություն ստանա: Որպեսզի  ինչ-որ կերպ հասնեմ ճշմարտությանը: (Բերիմուրը սարսափահար բարձրանում է տեղից):

Բերիմուր: Ճշմարտությա՛նը: Քո կատարումը…դադարները, հառաչանքները, այն ամենը, որը դու համարում ես անգնահատելի՝ չափազանց զարհուրելի է: Մենք երբեք չպետք է շփոթենք ճշմարտությունը ասթմայի հետ:

Անդրու: Ի՞նչ:

Բերիմուր: Ես հասկանում եմ, թե որն է ներքին մղումը, Աստված վկա, ես բավական երկար եմ ապրել, որպեսզի կարողանայի տեսնել, թե ինչպես է ճշմարտությունը ներմուծվում ժամանակակից  թատրոն: Որքան հիշում եմ, այն ուղղեկցվում էր սինթետիկ թելերով և GE ընկերության կողմից վաղվա համար նախատեսած խոհանոցային տեխնիկայով:

Անդրու: Օհ, ուրեմն դու պարզապես ուզում ես, որ դերը խաղամ չափազանցնելո՞վ :

Բերիմուր: Ի՞նչ ասացիր:

Անդրու: Չափազանցնել: Կողոպտել: Ամեն ինչ նսեմացնել: Չափազա՜նց մեծ: Չափազա՜նց…

Բերիմուր: (Ձեռքի ազդեցիկ շարժումով): Բերիմու՞րը:

Անդրու: Դե, դու այդպիսի համբավ ունեիր: Որպես մեծություն… առավել մեծ էիր, քան կյանքը:

Բերիմուր: Ի՞նչ չափսի մեծություն ես նախընտրում: Դիմաշարժություն, բուռն զգացմունքներ…սրանք դերասանի գործիքներն են: Հրաժարվիր սրանցից, և արդյու՞նքը՝ սոսկ իրականությունը կլինի: Կիրառի՛ր դրանք ճաշակով և դերասանական նրբանկատությամբ, և թատրոնը կփառավորվի: Ես դերը մարմնավորելիս չեմ չափազանցնում: Ես պարզապես տասը մարդու էմոցիոնալ ռեսուրսներ ունեմ: Ես դիլետանտ չեմ: Ես բազմությունն եմ: Անդրու, ո՞վ էր Համլետը:

Անդրու: Իշխա՞ն:       

Բերիմուր: Աստղ:

Անդրու: Ի՞նչ:

Բերիմուր: Աստղ: Այդ դերը մարտահրավեր է, բայց առավել շատ՝   փայլելու, կառավարելու, հրապուրելու, խաղալու  հնարավորություն: Ի՞նչ է պետք աստղ դառնալու համար:

Անդրու: Տաղա՞նդ: (Նրանք իրար են նայում): Կներեք, ես առանց մտածելու ասացի:

Բերիմուր: Ցնցող ձայնածավա՞լ,  տասնամյակների մարզու՞մ, պատշաճ արտահայտչամիջո՞ց: (Նա գլուխը թափահարում է, ասելով՝ ոչ):  Սեղմ գուլպաներ:

Անդրու: Սեղմ գուլպանե՞ր:

Բերիմուր: Սեղմ գուլպաներ: Դու ու՞ր ես նայում, հենց այս պահին:

Անդրու: Չեմ նայում:

Բերիմուր: Իհարկե, նայում ես: Կարտոֆիլը, վարունգը, ոլորած կիսագուլպան… սա է իշխան Համլետի պատմությունը:

Անդրու: Ուզում ես ասել…պատմությունը դու՞ ես ուռճացրել:

Բերիմուր: Դրա անհրաժեշտությունը չկար, նույնիսկ այն պատշգամբի: (Դադար է տալիս, հայացքը ուղղելով վերև): Երկրորդ պատշգամբի:

Անդրու: Ուրեմն Համլետը պետք է լինի…վավաշո՞տ:

Բերիմուր: Համլետը երիտասարդ է, ուսանող, ով գտնվում է իր սեքսուալ գագաթնակետում: Նա ոտքից գլուխ ամբողջովին հորմոն է: Գալիս է Օֆելյան՝ իր հրապուրանքով գայթակղող կույսը: Մաքրաբարոյությունն են քննարկում:

Անդրու: Խնդրում եմ, կատակ մի՛ արա: Առավել ևս, մի՛ ծաղրիր մաքրաբարոյությունը:

Բերիմուր: Ինչու՞: Ի՞նչը:

Անդրու: Ես այդ մասին չեմ կարող խոսել:

Բերիմուր: Օ՜, սիրելիս: Քո սիրեցյա՞լը: Խնդի՞ր ունես:

Անդրու: Մղձավանջ: Հինգ ամիս է:

Բերիմուր: Ի՞նչ:

Անդրու: Ոչինչ:

Բերիմուր: Իրո՞ք:

Անդրու: Վանքերում գրկախառնվելը, ամիշների ծածկոցների վրա հաճելի զբոսախնջույքները, սոնետները:

Բերիմուր: Ո՛չ…սոնետները:

Անդրու: Այո՛: Եվ ես հավատարիմ եմ եղել: Ամբողջովին: Դա բնական չէ: Գիտե՞ս, թե ինչ կարող է պատահել, եթե սեքս չանես:

Բերիմուր: Ոչ:

Անդրու: Շնորհակալություն:

Բերիմուր: Բայց ինչու՞:

Անդրու: Ինչու՞ նա, կամ ինչու՞ ես: Դիրդրան սեքս անել չի ուզում, որովհետև…վստահ չէ: Որովհետև նա ունեցել է չափից ավելի ուրախ ու երջանիկ մանկություն, նա դրա  զոհն է և միանգամայն համոզված է, որ այդպես էլ շարունակվելու է:

Բերիմուր: Իսկ դու՞:

Անդրու: Ե՞ս: Ինչու՞ եմ ես այս ամենը հանդուրժում: Ինչու՞ աղաչեցի Դիրդրային, որ ամուսնանա ինձ հետ և դա արեցի մեր ծանոթության  հենց առաջին օրը: Որովհետև, որքան էլ դա տարօրինակ է, այնուամենայնիվ նա ինձ հանդիպած ամենակրքոտ կինն է: Որովհետև, երբ նա անտուն մարդ է տեսնում, նրան կտորի կազմով օրացույց է նվիրում: Դիրդրան պարզապես…ինձ ստիպում է մտածել, որ սերն այնքան զարմանալի բան է, որքան պետք է լինի: Նա ռոմանտիկ է, ինչը նշանակում է, որ խելագար է: Ես գիտեմ, որ սիրում եմ նրան, որովհետև ուզում եմ խեղդել նրան: Սա խելքին մո՞տ բան է:     

Բերիմուր: Իհարկե: Կույս աստվածուհի:

Անդրու: Խնդրում եմ, մի՛ խրախուսեք նրան:

Բերիմուր: Նրան պետք է գանձի պես պահել և մեծարել: Իմ սեռական կյանքի պատմության մեջ ես շատ քիչ եմ հանդիպել այսպիսի կանանց: Երևի միայն հինգ հարյուր: Նրանք ամենապաշտելի սրբերն են: Սակայն… միջոցներ կան:

Անդրու: (Անհամբերությամբ): Ի՞նչ:

Բերիմուր: Ոչ: Դա կլիներ աներևակայելի:

Անդրու: Ի՞նչը:

Բերիմուր: Ես երբեք թույլ չեմ տա կնամոլության նման գործելակերպ: Այդպիսի՝ Վալենտինոյին հատուկ հիպնոտիզմ:

Անդրու: Այդպիսի՝ Բերիմուրին հատուկ նենգություն:

Բերիմուր: (Մահու չափ վիրավորված): Անտա՛շ:

Անդրու: Այո՞:

Բերիմուր: Սրիկա՛:

Անդրու: Խնդրե՞մ:

Բերիմուր: Համլե՛տ:

Անդրու: Ո՛չ: Այդտեղ վերջացրու:

Բերիմուր: Համլետ, ով նենգորեն բացահայտեց իր հոր սպանությունը, խելագար ձևացավ: Կեղծիքը կատարելագործելու համար նա պետք է արհամարհանքով վերաբերվեր իր սիրեցյալին՝ ազնիվ Օֆելյային, և վերջինս  խորտակվեց:

Անդրու: Բայց մի՞թե Օֆելյան ինքնասպան չեղավ: Ես չեմ ցանկանում Դիրդրային ցավ պատճառել:

Բերիմուր: Դու գթասիրտ կլինես:

Անդրու: Ոչ, դա կլինի անազնիվ:

Բերիմուր: Դու հավանաբար կգերադասես թերապիայի որևէ ձև: Քննարկումները շարունակվելու՞ են: Ի՞նչպես հիմա դրան ասում՝  «հաղորդակցությու՞ն», ինչը լիովին սպանում է սիրավեպը: (Տանիք տանող դուռը ուժգնությամբ բացվում է: Ներս է մտնում Դիրդրան՝ Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի սպիտակ, երկար բամբակյա գիշերանոցը հագին, գիրքը ձեռքին: Դիրդրան պետք է չկարողանա Բերիմուրին տեսնել: Նշմարելով Դիրդրային՝ Բերիմուրը գրգռվում է): Ա՜հհ:

Դիրդրա: Անդրու՞:

Անդրու: (Զարմացած): Դիրդրա:

Բերիմուր: (Սևեռուն, գնահատող հայացքով նայում է Դիրդրային): Սիրելիս:

Դիրդրա: Ու՞մ հետ էիր խոսում: (Անդրուն շրջվում է դեպի Բերիմուրը):

Բերիմուր: Ոչ: Պետք չէ, որ նա ինձ տեսնի:

Անդրու: (Դիրդրային): Ոչ մեկի: Ես պարզապես…կրկնում էի իմ տողերը՝ մենախոսությունները:

Դիրդրա: Ես կարդում էի քո գիրքը Բերիմուրի մասին: Նա չտեսնված էր:

Բերիմուր: Հավերժահարս:

Դիրդրա: Բայց նրա կյանքն այնքան… ողբերգական էր: Գիտե՞ս, որ նա անուղղելի հարբեցող է եղել: Կյանքի վերջին տարիներին, երբ չէր կարողանում խմիչք գտնել, խմում էր զանազան մաքրման հեղուկներ:

Բերիմուր: Մաքուր սուտ:

Դիրդրա: Եվ օծանելիք:

Բերիմուր: Թունդ խմիչքի վրայից միայն:

Դիրդրա: Այսինքն, նա զարմանալի տիպ էր, չորս անգամ էլ ամուսնացել է:

Բերիմուր: Իրո՞ք:

Դիրդրա: Նա  խենթի պես սիրահարվում էր այդ կանանց, իսկ հետո խելագարի պես սկսում էր նրանց խանդել: Բայց հետո ինքն էլ նրանց դավաճանում էր: Անդրու…ես ուզում եմ, որ դու ինձ մի բան խոստանաս: Ես գիտեմ, որ Բերիմուրը քո հերոսն է, և մենք բոլորս պետք է նրան երկրպագենք, բայց խնդրում եմ, խոստացիր ինձ, որ դու երբեք նրա նման չես լինի: (Անդրուն կանգնած է Դիրդրայի և Բերիմուրի մեջտեղում: Դիրդրան բռնում է Անդրուի ձեռքը): Խոստանու՞մ ես: (Բերիմուրը բռնում է Անդրուի մյուս ձեռքը):

Բերիմուր: (Աղաչելով): Երդվիր:

Անդրու: Դիրդրա…բայց հնարավոր է, որ Բերիմուրն այնքան էլ վատը չէր:

Բերիմուր: Հնարավո՞ր է:

Անդրու: Ուզում եմ ասել, որ նա այնքան տաղանդավոր էր, և վստահ եմ, որ նա ունեցել է մի քանի…

Բերիմուր: Սքանչելի առանձնահատկություննե՞ր:

Անդրու: Լավ օրեր: (Դիրդրան այժմ նստած է և թերթում է Բերիմուրի գիրքը):

Դիրդրա: Օ՜հ, ոչ: Նա…լավ, իսկ դու գիտե՞ս, նա ընդամենը տասնչորս տարեկան է եղել, երբ առաջին անգամ սեքս է արել:

Բերիմուր: Սա ո՞ր գիրքն է:

Դիրդրա: Իր իսկ խորթ մոր հետ: Կարո՞ղ ես երևակայել:

Բերիմուր: Ես լրացուցիչ շահաբաժնով ֆրոյդյան կտրոն եմ:

Դիրդրա: Եվ դրանից հետո անհնար է դարձել նրան կանգնացնելը, նա հավանաբար եղել է Նյու Յորքի բոլոր կանանց հետ: Նախքան «Համլետ»-ում խաղալը, նա եղել է ցերեկային ներկայացումների կուռքը: Նա հանդես է եկել շատ հիմար ներկայացումներում, և կանայք ուշաթափվում էին նրա համար հենց այնտեղ՝ շարքերի արանքում: Այստեղ կան նրա նկարներից…(Դիրդրան գիրքը բացած պահում է) սկսած այն ժամանակվանից, երբ նա երիտասարդ էր: Նա այնքան…գրավիչ է:

Անդրու: Դիրդրա՞:

Դիրդրա: Ահա, այս նկարում նա է՝ Օֆելյային մերժելիս: Տես, նա ամբողջովին սև է հագած, մի տեսակ՝ վիզը բաց: Եվ սեղմ գուլպաներ: (Բերիմուրը հիացած է):

Անդրուն: (Բերիմուրին): Ձայնդ կտրի՛ր:

Դիրդրա: (Կարծելով, որ Անդրուն իր հետ է խոսում): Ի՞նչ: Ի՞նչ ես ուզում ասել: Օ՜հ, հասկանում եմ: Դու ինձ հետ վարվում ես այնպես, ինչպես Համլետն է վարվում Օֆելյայի հետ: Անդրու, ի՞նչ ես կարծում, Համլետը Օֆելյայի հետ քնու՞մ էր:

Բերիմուր: Դա կարող է պատահել միայն «Չիկագո» ընկերությունում:

Անդրու: (Բերիմուրին): Ձայնդ կտրի՛ր:

Դիրդրա: (Գրեթե ուշագնաց լինելով): Օ՜հ, Անդրու, Համլետն այնքան անսիրտ է վերաբերվում Օֆելյային: Նա ասում է՝ «Մտիր կուսանոց»: Կուսանո՛ց: Օ՜հ, եթե դու ինձ այդ բանն ասեիր…ես կմեռնեի:

Անդրու: (Բերիմուրին): Ես կատակ չեմ անում:

Դիրդրա: Օ՜հ, Անդրու, ասա, ինչպես թատերախաղում է:

Անդրու: Ի՞նչ: «Մտիր կուսանո՞ց»:

Դիրդրա: Ոչ…Բերիմուրի պես:

Բերիմուր: (Անսահման հեղինակավոր ազդեցությամբ): Բերիմուր, սկսի՛ր: (Բերիմուրը սկսում է մեկ այլ դաս տալ: Նա սևեռուն հայացքով նայում է Դիրդրային և մեղմ շոյում է նրա դեմքը: Հնչում է խորհրդավոր երաժշտություն: Նա շրջվում է մի կողմ: Անդրուին ցույց է տալիս, որ նույնն անի: Անդրուն սևեռուն հայացքով նայում է Դիրդրային և մեղմ շոյում է նրա դեմքը: Ոչ մի երաժշտություն չկա: Անդրուի գործողությունները մակերեսային են: Նա աշխատում է չմասնակցել: Նա ձեռքի շարժումով ասում է՝ «տեսնու՞մ ես, որ չի ստացվում»):

Դիրդրա: (Շատ հուսախաբ եղած): Անդրու… (Բերիմուրը վրդովված է , որ Անդրուն չի ցանկանում համագործակցել):

Բերիմուր: (Աղաղակում է): «Մտի՛ր…»: (Անդրուն ցնցված է Բերիմուրի բղավոցից, նա  տենդագին ուժգնությամբ մտնում է դերի մեջ):

Անդրու: «Կուսանո՛ց»: (Դիրդրան ցնցված է, նա հրճվում է այս նոր Անդրուով):

Դիրդրա: Այո՛:

Բերիմուր: (Դեռևս շատ կրքոտ): «Ինչու՞ ես ուզում մեղավորներ աշխարհ բերել»: («Համլետ» գրքի օրինակը վերցրած, Անդրուն շտապում է Բերիմուրի հետևից: Մեծ զգացմունքայնությամբ նրանք միաժամանակ  մոտենում են Դիրդրային):

Անդրու: «Ես ինքս քիչ թե շատ պարկեշտ մարդ եմ, բայց դարձյալ իմ մեջ այնպիսի բաներ եմ տեսնում…»:

Բերիմուր: Դադար տուր: Խորհի՛ր: Ոչնչացրու՛:

Անդրու: (Անսահման հեղինակավոր տոնով) «…Որ ավելի լավ էր մայրս ինձ ծնած չլիներ»:

Դիրդրա: Ո՛չ:

Անդրու: «Ես շատ հպարտ եմ…»:

Բերիմուր: «Քինախնդիր…»:

Անդրու: «Ավելի շատ չարություններ ունիմ ձեռքիս տակ, քան միտք՝ նրանց տեղ տալու…»:

Դիրդրա: (Բազմոցի հետևի կողմն անցնելով): Անդրու, այս ամենը չափազանց նյարդայնացնում է ինձ…

Անդրու: «Քան երևակայություն՝ նրանց ձև տալու, քան ժամանակ՝ իրագործելու»: (Անդրուն գրկում է Դիրդրային, նրանք գրկախառնվում են և համբուրվում խելահեղորեն անկաշկանդ: Բերիմուրը կանգնած է նրանց կողքին, հավանություն տալով և վայելելով տեսարանը):

Բերիմուր: «Ինչու՞ ուրեմն ինձ նման էակներ քարշ գան երկրի և երկնքի միջև: Մենք բոլորս էլ առաջնակարգ սրիկաներ ենք, մեզնից ոչ մեկին չհավատաս»: (Անդրուն Դիրդրայի ոտքերը բառացիորեն կտրում է գետնից, նրան տանում է դեպի բազմոցը):

Անդրու: «Գնա, մտիր կուսանոց»: (Անդրուն Դիրդրային նետում է բազմոցին, վերջինս ձգվում է դեպի նա: Անդրուն նրան վեհապանծ քամահրանքով է վերաբերվում, ամբողջովին մերժելով նրան): Մեքենաս կանչի՛ր:

Դիրդրա: Ո՛չ: (Դիրդրան տնքում է և շարունակում աղերսանքով ձգվել դեպի Անդրուն: Անդրուն շրջվում է Բերիմուրի կողմը: Նրանք իրար ձեռք են սեղմում՝ երկուսն էլ անչափ ինքնավստահ և հաջողության գիտակցմամբ: Անդրուն կրկին շրջվում է Դիրդրայի կողմը: Վերջինս աղերսում է): «Տեր իմ, Համլետ»:

Անդրու: «Գեղեցիկ կույս» (Անդրուն կռանում է բազմոցին, ձգվելով դեպի Դիրդրան: Նրանք կրքոտ համբուրվում են, և հենց գործողությունը սկսում է զարգանալ, լսվում է դռան զանգը: Անտանելի հուսախաբված): Ո՛չ: (Դռան զանգը անդադար զնգում է): ՀԵՌԱՑԵ՛Ք: (Դիրդրան ցատկում է և մոտենում ներքին հեռախոսին):

Դիրդրա: (Հանդարտվելով և շտկելով ինքն իրեն, լսափողի մեջ): Այո՞:

Բերիմուր: Խեղճ տղա: Միայն բանաստեղծական մեկ երկտողի սահմաններում: Այն էլ Շեքսպիրի՝ Աֆրոդիտեի ամենաազդեցիկ սիրահարի:

Անդրու: (Խելահեղորեն հուսահատ): Ես արդեն  հասնելու էի նպատակիս՝ սեքս էի անելու:   

Դիրդրա: (Դեռ ներքին հեռախոսի մոտ է): Գերի՛ն է:

Բերիմուր: Գերի՞ն:

Անդրու: Իմ ընկերներից է: Դիրեկտոր է: Լոս Անջելեսից: Նա էր կազմակերպել իմ շոուն: Ինչու՞ է նա այստեղ: Ինչու՞:

Բերիմուր: Դու Համլետն ես: Ուսումնառությունը խափանվեց: Ձախողված գործողություն: (Դիրդրան բացում է դրսի դուռը և դուրս է նայում, դեպի միջանցք: Հայտնվում է Գերի Պիտեր Լեֆկովիցը: Գերին մոտ երեսուն տարեկան է, լոս անջելեսյան թափթփված ու գերժամանակակից մարդու տիպիկ օրինակ: Նա հագել է չափազանց թանկարժեք ամենօրյա հագուստ՝ Արմանի կոստյում, կամ էլ հինգ հազար դոլար արժողության  պիջակ և բեյսբոլի գլխարկ: Գերին պետք է ներկայացվի որպես չափազանց ուրախ, մեծ երեխա և տարօրինակ կերպով հրապուրիչ էակ՝ իր անարատ ճաշակի շնորհիվ: Գերիի համար իրականությունը շատ քիչ նշանակություն ունի, ամենակարևորը գործարքն է):

Գերի: Դիի՛, Դիի՛:

Դիրդրա: Գե՛րի: (Գերին և Դիրդրան գգվում են): Ի՞նչ գործ ունես այստեղ: Ինչու՞ Լոս Անջելեսում չես:

Գերի: Ես այստեղ եմ իմ հերոսի համար: Անդրու Րալլին՝ իմ հերոսը: Այ՛ տղա, Էնդի: (Գերին թևերը տարածում է, որ գրկախառնվի Անդրուին): Էնդի տղա, խոսելու ժամանակն է: Միաձուլումն իրականացել է: Այո՛: (Գերին կարճատև ֆիզիկական ջղաձգություն է ունենում, որը կարծես  լինի պատերազմի, պարի և քարոզչական ավյունի տոնական միաձուլում):  

Դիրդրա: Տղաներ, ձեզ թողնում եմ առանձին, որ խոսեք: Ես գնամ և ավարտեմ իմ ընթերցանությունը: (Դիրդրան սկսում է աստիճաններով բարձրանալ դեպի տանիք: Նա շրջվում է Անդրուի կողմը բուռն ցանկասիրությամբ): «Մնաք բարով, տեր»:

Անդրու: (Դժգոհ): Այո՛, կուսանոց: (Դիրդրան տեսանելիորեն սարսռում է և կրքոտ տնքոց է արձակում):

Դիրդրա: Օ՜հ: (Նա վազում է վերևի հարկ և դռնով դուրս գալիս տանիք):

Գերի: Ընթերցանությու՞ն: Նա կարդու՞մ է:

Անդրու: Ես դա չեմ հասկանում:

Գերի: Դեռ չե՞ք… (Նա ձեռքի անպարկեշտ շարժումով սեքսուալ կապ է ցույց տալիս):

Անդրու: Ոչ, դեռ ոչ, Գերի, և ոչ մի ձեռքի շարժում:

Գերի: Օ՜հ, ա՛յ մարդ, եթե ես մի կնոջ հետ այդքան երկար ժամանակ հանդիպեի և ոչ մի շահ չունենայի, չգիտեմ, հնարավոր է սկսեի մտածել նրան փոխելու մասին՝ կհրաժարվեի նրանից: Բա սա ո՞վ է: (Գերին ձեռքի շարժմունքով  ցույց է տալիս Բերիմուրին: Անդրուն նայում է Բերիմուրին և ցնցվում է, որ Գերին կարողանում է նրան տեսնել):

Բերիմուր: Իհարկե, նա կարող է ինձ տեսնել, որովհետև դրանից ոչինչ չի փոխվի: (Ներկայանում է Գերիին): Ջոն Բերիմուր:

Գերի: Բերիմուր: Ճիշտ է: Դիսնե՞յ: Նախագահի տեղակա՞լ:

Բերիմուր: Ոչ, ես դերասան եմ:

Գերի: Դերասա՛ն: Օ՜: Մեկը քիչ էր: Հաջողություն, մեծ մարդ: Անկեղծ եմ ասում: Տեսնու՞մ եք, ահա թե ինչու եք դուք այդքան հոյակապ մարդիկ: Դուք երկուսդ էլ դերասաններ եք և ուղղակի մրցակցության մեջ եք, բայց կարողանում եք առերևույթ ցույց տալ, որ ընկերներ եք: Տեսնու՞մ եք: Ես լրիվ ձախողված եմ (հայհոյանք է օգտագործում): Ես չեմ կարող ընկերություն անել որևէ մեկի հետ, ով ինձ նման է:

Բերիմուր: Մենք հասկանում ենք: 

Գերի: Ուզում եմ ասել, որ ինչքան գիտեմ, բունգալոյի փոքր տարածքը կարող է տեղավորել միայն որոշակի քանակությամբ ինձ պես շնորհաշատների՝ սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ի դեմս մեկ անձնավորության, չէ՞:

Բերիմուր: Այդ ամենը միայ մեկ անձնավորության մե՞ջ:

Գերի: Սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր՝ Գերի Պիտեր Լեֆկովից:

Բերիմուր: Հա՜, հասկացա: Ուրեմն, եթե դու նաև տեսարանը ձևավորեիր, ապա պետք է մի հավելյալ անվանում ևս ունենայի՞ր:

Գերի: Սրամիտ է: Ասածդ սրամիտ է: (Բերիմուրի հանդերձանքով հիացած): Հրաշալի տեսք ունես: Դա ի՞նչ է: Ճապոնակա՞ն: Լվացած մետա՞քս:

Բերիմուր: Համլետ: Շեքսպիր:

Գերի: Ճիշտ է: Շատ լավ է: Հետադարձ հայացք:

Բերիմուր: Տասնվեցերորդ դար:

Գերի: Օ՜, տեր Աստված, մեկ այլ դար: Նման այն մարդկանց, ովքեր տարբեր են ինձնից: Շատ լավ, ասա ինձ ողջ ճշմարտությունը,  մի՞թե ես քեզ հանդիպած ամենաինքնասիրահարված մարդը չեմ: Իմ պատասխանն է՝ այո: Շատ լավ, հերիք է խոսենք իմ մասին: Պատկերավոր խոսելաոճ: Էնդի, Էնդի տղա, Էնդի՝ իմ սեր…մենք հասանք մեր նպատակին: Շարժվում ենք առաջ: Հեռուստաընկերությունը տվեց իր հավանությունը: Առաջին փորձնական թողարկումը, այնուհետև՝ հինգ դրվագ:

Անդրու: Ինչի՞ փորձնական թողարկումը և հետո հինգ դրվագը:

Գերի: Շոուի: Մե՛ր շոուի:

Անդրու: Ինչի՞ մասին ես խոսում:

Գերի: Շատ լավ, ես քեզ չեմ ասել, որովհետև չէի ուզում, որ դու հիասթափվես և ինձ մեղադրես, եթե այն չիրականանար: Բայց ստացվեց: Ես քո անունն օգտագործեցի, որպեսզի շահագրգռեմ բաժնետերերին: Ես  հեռուստաընկերությունում ասացի, որ դա քո ամենասիրած ծրագիրն է, որ դու պատրաստ ես մասնակցել: Եվ Ջիմ Քորմանից հետո դու ես հեռուստաընկերության քաղցր պատառը, որի առջև նրանք սողում են:

Անդրու: Իրո՞ք:

Գերի: Ամերիկան կանչում է քեզ: Մասնակցելու քո խոստումը վճռական նշանակություն ունի:

Բերիմուր: Բայց նա խոստում չի տվել: Նա Համլետ է խաղալու:

Անդրու: Լավ…

Գերի: Սպասի՛ր, մի րոպե…Ո՞ր հեռուստաընկերությունում:

Բերիմուր: Զբոսայգում: Այս ամռանը:

Գերի: Ի՞նչ, ինչ-որ նշանակալից առիթո՞վ, չլինի՞  Hallmark-ի Փառքի Սրահի համար է:

Բերիմուր: Դա որևէ բանի համար չէ: Այն…թատրոն է:

Գերի: Սպասիր, թող որ ես սա հասկանամ: Դա Շեքսպիր է, չէ՞, ինչպես՝ հանրահաշիվը բեմի վրա: Եվ դա Կենտրոնական զբոսայգում է, որտեղ հավանաբար նստատեղեր կան. որքա՞ն, ամենաշատը հինգ հարյուր հոգու համար: Եվ միակ բանը, որ կվաճառվի, երևի Գիլգուդի  ձայներիզներն են, ինչպես նաև Mostly Mozart ձեռքի տոպրակները, որոնք դեռ մի բան էլ անվճար են: Ասա ինձ, Էնդի, ո՞վ է հիմա քո ներկայացուցիչը:

Անդրու: Լիլիանը, նա  լրիվ դրա կողմնակիցն է:

Գերի: Լիլիանը, տեր Հիսուս, իհարկե, ես նրան շատ եմ սիրում, բայց նա պատերազմի հանցագործ է: Կատակ չեմ անում: Նա տասը ժամանոց վավերագրական ֆիլմ է, որը ուր որ է պետք է բացահայտվի: Լավ Էնդի, եղավ, արա զբոսայգում քո փոքրիկ շոուն: Կարելի՞ է դա եկամուտներից հանել: Այսինքն, այդ թատրոնում նույնիսկ ընթրիք էլ չեն առաջարկում: Նրանք այնտեղ վաճառում են միայն ցորենի ալյուրով թխվածք և փոքրիկ տոպրակներով ընկույզ և չամիչ: Դա ընդեղենի թատրոն է: Դա Շեքսպիր է սկյուռիկների համար: Սպասիր, պատասխանիր իմ մի հարցին. մի շատ հասարակ հարց՝ ինչու՞, ինչու՞ ես դու դա անում: Սնանկացե՞լ ես:

Անդրու: Ոչ, ես խնայած դրամ ունեմ:

Գերի: Չլինի՞ գրազի հաշիվ է:

Անդրու: Ո՛չ:

Գերի: Էնդի, չլինի՞  ինչ-որ փորձանքի մեջ ես ընկել:

Անդրու: Այո՛, Գերի, հենց դա է, դու վերջապես հասկացար: Բեմադրող ռեժիսորները ծնողներիս պատանդ են վերցրել:

Գերի: Էնդի, բայց Համլետ: Ես պետք է քեզ սա ասեմ, քանի որ մենք ախպերներ ենք և ինձ համար այդ ախպերությունը շատ թանկ բան է: Ապա մի մտածիր  հեղինակությանդ մասին: Ինչ խոսակցություն է շրջանառվելու փողոցում: Երբ մարդիկ՝ ասենք Հոլիվուդում, լսեն, որ դու խաղում ես անգլախոս աշխարհի ամենամեծ թատերախաղը, նրանք հաստատ կմտածեն, որ դու որպես դերասան այլևս պիտանի չես:

Անդրու: Գերի…

Գերի: Ես լուրջ եմ ասում: Դու առաջարկներ չե՞ս ստացել: Ո՞չ մի առաջարկ, իսկ գովազդի՞: Այն զիբիլ Trailburst-ի՞ց էլ:

Անդրու: Գերի, իսկ դու այդ գովազդները երբևէ տեսե՞լ ես: Դու տեսե՞լ ես, թե ես ինչ խաղընկերների հետ եմ ստիպված աշխատել:

Բերիմուր: Ի՞նչ:

Գերի: Խաղատիկնիկ: Փոքրիկ, բրդոտ շերտասկյուռ: Շատ դուրեկան է:

Անդրու: Դա ձեռքի խաղատիկնիկ է՝ խամաճիկ: (Բերիմուրին): Դու երբևէ աշխատե՞լ ես խաղատիկնիկի հետ: Մի տղա կա, ով ծնկի է իջնում  և աշխատում խաղատիկնիկի հետ: Նա բարձրախոսի մեջ կարող է շերտասկյուռի ձայնով խոսել: Եվ այդ շերտասկյուռին խաղացնող օպերատոր տղան ասում է, (բարձրաձայն,  սուր, շատ քաղցր-մեղցր ձայնով), «Օ՜, Էնդի, ինձ էլ կտա՞ս Trailburst Nugget»: Իսկ ես ասում եմ՝ ո՛չ, սրանք մարդկանց համար են և ոչ թե շերտասկյուռների: Եվ նա սկսում է…լաց լինել: Իսկ ես…(Անդրուն չի կարողանում իր խոսքն ամբողջովին ավարտել):

Բերիմուր: Դու ի՞նչ:

Անդրու: (Նվաստացած): Ես…համբուրում եմ շերտասկյուռի փոքրիկ գլխիկի վերևի մասը:

Գերի: Դա հոյակապ է:

Անդրու: Գարշելի է: Նվաստացնող է: Ես չորս տարի քոլեջ եմ հաճախել և երկու տարի էլ՝ թատերական դպրոց, ոչ այն բանի համար, որ ինչ-որ մեկի գրպանը հարստացնեմ: Ապրանքն անգամ բանի նման չէ: Trailburst Nugget-ները նման են շոկոլադի մեջ թաթախած թեփի և շատ ավելի կալորիա ունեն, քան խոզաճարպը:

Գերի: Եվ դա՞ է պատճառը, որ դու Համլետ ես խաղում:

Անդրու: Գերի, դու թատրոնից ոչինչ չես հասկանում, դու չես հասկանում, թե ինչու են մարդիկ Շեքսպիր խաղում:

Բերիմուր: Խաղում են, որովհետև դա արվեստ է:

Գերի: (Ջղաձգվելուց հետո): Էնդի, Էնդի, իմ բազմատաղանդ, իմ քաղցր Էնդի, հեռուստատեսային լավագույն եթերաժամի (prime-time) պարծանք: Դու արվեստ չես անում: Դու արվեստը գնում ես: Քոնը հեռուստատեսությունն է, կամ էլ՝ կինոն, որի միջոցով տոպրակով փող ես սարքում և պատիդ Մոնե կախում: Այս շաբաթավերջին ես Բրենտվուդում մի ռեժիսորի տանն էի, անհավատալի է՝ է՛լ Պիկասո, է՛լ Վան Գոգ, է՛լ Ռեմբրանդտ: Եվ այս ամենը նրա հեռուստատեսային շոուների շնորհիվ:

Անդրու: Գերի, բայց ես չեմ ուզում պարզապես արվեստ գնել: Այսինքն, ուզում եմ ասել, դու ո՞րը կնախընտրեիր՝ Պիկասո նկարե՞լ, թե՞ նրանից մի նկար ունենալ:

Գերի: Ձե՞ռ ես առնում: Ես կցանկանայի ծախել: Աճուրդում: Կանխիկ գումարի հոսք: Հասկացա՞ր, թե ես ինչ եմ սիրում՝ թռչունը ձեռքումս ունենալ, շրջանառություն, ակտիվ գործողություն: Դու ես իմ Ռեմբրադտը:

Անդրու: Ես ե՞մ:

Գերի: Էս Շեքսպիրի գործարքից ինչքա՞ն ես ստանալու: Ոչ մի գրոշ, չէ՞: Իրականում դու ես նրանց վճարում, որովհետև քո ժամանակը թանկ արժե: Առաջին փորձնական թողարկումը և այնուհետև հինգ դրվագ՝ վեց թվից բաղկացած գումար է: Իսկ եթե հաջողություն ունենա, ապա քեզ մասնակցի կարգավիճակ կտան:

Անդրու: (Տպավորված): Մասնակի՞ց, սինդիկատու՞մ:

Գերի: Հա՛, ամեն անգամ եթեր դուրս գալուց քեզ կվճարեն՝ առաջին ցուցադրության ժամանակ, կրկնության ժամանակ, Սինգապուրում առավոտվա չորսին ցուցադրելիս, երեք հազար թվին: Ըստ էության, դու բավարար գումար կունենաս, որ գնես Անգլիան, Շեքսպիրին գետնի տակից հանես ու ստիպես, որ Սուրբ Ծննդյան առթիվ շոու գրի:

Բերիմուր: Իրականում իրենից ի՞նչ է ներկայացնում այդ հեռուստատեսային ծրագիրը, որն այդպես երկինք ես բարձրացնում,  ոսկու այդ հանքը:

Գերի: Շատ լավ՝ ներկայացնեմ: Մոտ եկեք, ասեմ: Ո՛չ ոստիկանների մասին է, ո՛չ էլ ջահել բժիշկների, հեռուստատեսային ո՛չ մի զիբիլ չկա:

Անդրու: Հոյակապ է:

Գերի: Դու Մայք Սալիվանն ես՝ ուսուցիչ: Դու երիտասարդ ես, իդեալիստ, համակարգին անծանոթ: Քաղաքի վատ թաղամասերից մեկի ավագ դպրոց: Կոպտություն: Թմրադեղեր: Կարճափող հրացան M-1: Սեքս՝ անչափահաս տարիքում:

Անդրու: Օհո՜…

Գերի: Ոչ մեկի պետքը չէ: Բոլոր ուսուցիչներն ուժասպառ են եղել:

Բերիմուր: Բայց ինչու՞:

Գերի: Որովհետև… դու անտարբեր չես: Դու այդ թաղամասում ես մեծացել: Դու ուզում ես օգնել՝ վերափոխել ինչ-որ բան:

Անդրու: (Անկեղծորեն): Բայց գիտե՞ս դա մի տեսակ կարծես…լավ: Դա գրեթե մոտ է իրականությանը: Ուզում եմ ասել, որ կարելի է իրական խնդիրներով  զբաղվել: Ես կարող եմ խոցելի լինել: Հնարավոր է երբեմն էլ լրիվ շփոթվեմ:

Գերի: Գիշերը, հենց արևը մայր է մտնում, դու գերբնական ուժ ես ստանում:

Բերիմուր: Գերբնական ու՞ժ:

Գերի: Իհարկե: Այսինքն, ո՞վ կցանկանա տեսնել այդ կեղծ ու մոգոնած պատմությունները հոգատար, զգացմունքային, չամուսնացած մայրերի մասին: Դրանք այլևս չկան՝ վերջ: Բայց մայրամուտից հետո դու անպարտելի ես: Ռենտգենյան ճառագայթներով ձևափոխված տեսողություն: Դու կարող ես թռչել, սակայն տասը ոտք բարձրությունից ոչ ավել: Տեսնու՞մ ես, մենք այնպես ենք անում, որ ամեն ինչ լինի իրականության սահմաններում: Կրակոտ ու խանդավառ: Այսպիսով, մութն ընկնելուն պես, քեզ տրված զորությամբ դու օգնում ես քո համայնքին, օգնում ես երեխաներին:

Անդրու: Իսկ երբ ես գերբնական ուժ եմ ունենում, նրանք իմանու՞մ են, որ այդ ես եմ:

Գերի: Ոչ: Դու կաշվե և ջինսե հագուստով ես, նրանք էլ մտածում են՝ էս ի՜նչ գազան տիպ է: Վերնագիրն էլ գազան է, ուղղակի սպանում է՝ «Գիշերօթիկ Դպրոց»: Տիկնիկներ, պլակատներ, հագուստներ: Դու կարող ես հեշտությամբ ալբոմ ունենալ:

Անդրու: Բայց…ես երգել չգիտեմ:

Գերի: Մեկ ուրիշը կարող է երգել: Դու կարող ես Trailburst-ի պոչը բռնել, խնդիր չկա, նրանք հավանաբար քեզ կընդառաջեն, որովհետև դու  հիմա ուսուցիչ ես: Ուրեմն մտածիր այդ մասին: Ի՞նչ կա մտածելու, դու հավատարիմ ես հեռուստաընկերությանը: Պարզապես մոռացիր   Համլետի հետ կապված այդ զիբիլը: Այսինքն էդ ու՞մ ես է ձեռ առնում:

Անդրու: Ի՞նչ ես ուզում ասել:

Գերի: Էնդի, ախր ես քեզ գիտեմ: Չէ՞ որ առաջինը ես եմ  քո առջև ճանապարհ բացել: Դու դերասան չես:

Անդրու: Ի՞նչ:

Գերի: Դու դրանից լավն ես: Դերասանը ի՞նչ է, պարզապես մի անգլիացի տղա, ով սերիալների մեջ երևալու հնարավորություն չունի: Տե՛ս, ես քաղաքում եմ, մտնում եմ Րիտզ հյուրանոց: Ես Լիլիանի հետ կխոսեմ և կանեմ այնպես, որ գործը գլուխ գա: (Գերին գգվում է Անդրուին: Նա սեղմում է Բերիմուրի ձեռքը): Հաճելի էր քեզ հետ հանդիպելը: Դու խաղում ես, հա՞:

Բերիմուր: Ջոն Սիդնի Բերիմուր:

Գերի: Կաշխատեմ քեզ հիշել, Բերիմուր…որևէ  ազգակցական կապ կա՞ մահացածի հետ:

Բերիմուր: Հեռավոր:

Գերի: (Դռան մոտ): Մահ: Այ մարդ, մտածիր դրա մասին՝ է՜ն աշխարհ: (Գերին դուրս է գալիս դրսի դռնից):

Անդրու: (Արդարանալով): Ոչինչ չասե՛ս: Նա ճիշտ է, նա միանգամայն ճիշտ է:

Բերիմուր: «Գիշերօթիկ Դպրո՞ց»:

Անդրու: Չգիտեմ ինչ անեմ: Մտածիր փողի մասին՝ դու ունեի՛ր այդքան փող:

Բերիմուր: Այո, երբ ավելի մեծացա: Հարստությունը երիտասարդներին վայել չէ, այն կասեցնում է ձգտումը:

Անդրու: Բայց…բայց…ի՞նչ կասես ապահովության մասին:

Բերիմուր: Ի՞նչ մոլուցք է դարձել այդ ապահովությունը: Ո՞րն է ամենավատ բանը, որ կարող է պատահել:

Անդրու: Այն, որ ես Համլետ խաղամ. Գերին ճիշտ է ասում: Եվ այն, որ ոչ ոք ինձ աշխատանքի չի ընդունի, և ես շուտով քրջեր հագած երեսնիվայր կընկեմ փողոց՝ առանց աշխատանքի: Եվ գնալու որևէ  տեղ էլ չեմ ունենա:

Բերիմուր: Ի՜նչ լավ կլիներ, եթե յուրաքանչյուր երեկոն այդպիսի վախճան ունենար:

Անդրու: Ինչու՞ եմ ես քեզ հետ խոսում: Եվ հարցը միայն դրամը չէ: Ես այդ աստիճան մակերեսային չեմ: Հարցը համբավն է: Դու գիտե՞ս, թե քանի մարդ  կնայի «Գիշերօթիկ Դպրոց»-ը, նույնիսկ եթե այն տապալվի:

Բերիմուր: Իհարկե: Այսպիսի գործի մեջ համբավ ձեռք բերելու հնարավորություն կա:  Քեզանով կարող են հիանալ, քեզ տենչալ: Դու կարող ես ձեռք բերել լավ վաճառվող լվացքի փոշուն բնորոշ բոլոր հատկանիշները: Բայց կա համբավ՝ բացահայտ հռչակ, կա նաև փառք: Դու սրանց տարբերությունը հասկանու՞մ ես:

Անդրու: Իհարկե, համբավը շատ ավելի լավ է վարձատրվում: Համբավը ծովի ափին սեփական տուն ունի: Համբավին անհրաժեշտ է թիկնապահ ունենալ:

Բերիմուր: Փառքին՝ միայն հանդիսատես:

Անդրու: Լավ էլի, այդ հանդիսատեսը փոխվել է: Չե՞ս կարծում, որ եթե այսօր Շեքսպիրն այստեղ լիներ, նորմալ կերպ կգրեր:

Բերիմուր: Ներողություն եմ խնդրու՛մ: (Անդրուն վերցնում է «Համլետ»-ի տեքստը):

Անդրու: Ասա, մի՞թե նրա կերպարները չեն կարող «how dost thou, my liege?»  ճոռոմաբանության փոխարեն ասել՝ ինչպե՞ս ես: Լավ, ի՞նչ է նշանակում «liege»-ը, ի սեր Աստծո, «fardel»-ը, որն այսօր անհասկանալի է անգլախոս մարդկանց: «Լինել, թե չլինել»-ում կա  մի հատված, որտեղ Համլետը մտածում է ինքնասպանություն գործելու մասին, չէ՞: Նա այդտեղ ասում է, թե ինչ սարսափելի է կյանքը,

«Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությունը:

Թե ոչ ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել

Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին»:

Բերիմուր: Ճիշտ է:

Անդրու: Եվ նա խորհում է, թե ինչու՞ պետք է որևէ մեկը համակերպվի այս ամենի հետ՝ «Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել

Մի մերկ դաշույնով»: Այստեղ օգտագործում է «Quietus» և «Bodkin» բառերը: Ի՞նչ են սրանք նշանակում:

Բերիմուր: Quietus  նշանակում է մահ, bodkin –ը դաշույնն է:

Անդրու: Եվ այս հաջորդ նախադասությունը՝ «Ո՞վ կհոժարեր այսքան բեռ կրել…», այստեղ օգտագործում է fardel  բառը:

Բերիմուր: Fardel  նշանակում է բեռ: Որևէ բեռ:

Անդրու: Իսկ ինչու՞ չենք կարող փոխել այն: Ինչու՞ չեմ կարող պարզապես ասել՝ «աշխարհում եղած այս ամբողջ աղբի պատճառով, ինչու՞ ինքդ քեզ չդանակահարես», փոխանակ ճոռոմ-ճոռոմ  fardel-ները երկարացնես ու քարշ տաս էստեղից էնտեղ: Ամեն ինչ պարզ կստացվի, և մարդիկ էլ կհասկանան:

Բերիմուր: Շնորհներ պարգևող  հրեշտակներն ու խորհրդատու դեսպանները մեր կողմից են: Ասա՛ ինձ, եթե ատում ես Շեքսպիրին, եթե Լոս Անջելեսն այդքան հրապուրիչ է, ուրեմն ինչու՞ մասնակցեցիր դերասանների ընտրությանը:

Անդրու: Որովհետև իմ ներկայացուցիչն ինձ ստիպեց, և որովհետև Դիրդրան շատ է սիրում «Համլետ»-ը: Եվ որովհետև…որովհետև նրանք ինձ առաջարկեցին:

Բերիմուր: Որովհետև նրանք քեզ առաջարկեցի՞ն:

Անդրու: Որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը մտածեց, որ հնարավոր է, պարզապես հնարավոր է, որ ես կարողանամ դա անել: Որ ինձ վիճակված չէ ամբողջ կյանքում  լինել բժիշկ  Ջիմ Քորման՝ զինակոչիկ վիրաբույժ: Հեռուստատեսության համար կարևոր չէ դու տաղանդ ունես, թե ոչ: Ես ունեի անհրաժեշտ փայլը, ժողովրդին գերող հրապույրը: Որոշ ժամանակ անց, սկսեցի մտածել, որ երևի թե դա է այն ամենը, ինչ ես ունեմ: Եվ եթե ես բացակայեմ, ապա իմ փոխարեն կարող են պլակատ օգտագործել: Բայց եկա Նյու Յորք, և ինչ-որ մեկն ասաց՝ սպասիր, հնարավոր է, որ Էնդի Րալլին կարողանա Շեքսպիր խաղալ՝ բեմի վրա: Արտասանի՛ր  այս տողերը:

Բերիմուր: Խաղա՛:

Անդրու: Այո, բայց նրանք սխալվում էին: Ես գիտեմ, որ իմ տեղը հեռուստատեսությունն է: Եվ դա հանցանք չէ: Ցավում եմ, որ հույսերդ չեմ արդարացնում, և վստահ եմ, որ եթե հետ գնաս և խոսես ում հետ հարկն է, կարող ես այս «Համլետ»-ի հետ կապված հաշիվը փակել, որովհետև ես իրոք հոգնել եմ, իմ ընկերուհին չի ուզում հետս քնել, և ես կարծում եմ իմ ներկայացուցիչը հիվանդ է, բայց չի ցանկանում իր հիվանդության խնդիրը քննարկել: Իմ կյանքը նվաստացնող խեղկատակություն է, ուստի խնդրում եմ, շատ շնորհակալ կլինեմ, եթե դու պարզապես գնաս:

Բերիմուր: Կարո՞ղ ես պատկերացնել, որ դու առաջին դերասանն ես, ով նման կասկածներ է ունեցել: Կարո՞ղ ես հավատալ, որ յուրաքանչյուր ապագա Համլետ  չի՛ սարսռել, չի՛ գունատվել և չի՛ փորձել փախուստի դիմել: Անդրու, Համլետը քեզ կփոխի՝ դրանում կասկած չունենա՛ս: Եվ այս հաշիվը, քո խոսքերով ասած՝ փակել չի լինի: Եվ ես այստեղից չեմ հեռանա, քանի դեռ դու չես իրագործել այն, ինչը քո կոչումն է: Դու մոտենում ես խաչմերուկին և որոշումդ պետք է կայացնես՝ ի՞նչ ես ուզում լինել՝ արտիստ, թե՞ նախաճաշի արկղ:

Անդրու: Վե՛րջ տուր:

Բերիմուր: Դու այլևս Ջիմ Քորմանը չես:

Անդրու: Դու՛րս:

Բերիմուր: Եվ դու դեռևս զգայուն Մայք Սալիվանն էլ չես:

Անդրու: Դու դա չգիտես:

Բերիմուր: Դու Համլե՛տն ես:

Անդրու: Ո՛չ: (Անդրուն և Բերիմուրը կանգնում են դեմ դիմաց, ինչպես  հոկեյիստները տափողակը խաղի մեջ նետելու պահին՝ մրցակցին մի քայլ անգամ տեղի չտալով: Վերջապես Բերիմուրը որոշում է կայացնում):

Բերիմուր: Այդպես է: (Բերիմուրը մեծ քայլերով մոտենում է մի բարձր, խոշոր  առարկայի, որը գտնվում է սենյակի անկյունում: Այդ առարկան ամբողջովին ծածկված է սավանով: Բերիմուրը թափահարելով քաշում է սավանը, որի տակ դրված է կարմիր փայտից պատրաստված պահարան):

Անդրու: (Զարմացած): Դա իմը չէ: Ինչպե՞ս է այդտեղ հայտնվել: (Բերիմուրը բաց է անում պահարանը և այնտեղից մենամարտի մի սուր է հանում: Նա սուրը նետում է Անդրուին: Վերջինս բռնում է այն): Սու՞ր, օ՜, տեր Աստված: (Բերիմուրը մեծ քայլերով գնում է սենյակի հակառակ կողմը: Նա սավանը քաշում է մեկ այլ ծածկված առարկայի վրայից, որի տակ զենք ու զրահ կա): Տեղափոխողներին պետք է կանչեմ: (Բերիմուրը մի սուր է հանում այնտեղից: Նա սուրը ճկելով փորձարկում է, հետո գլխից վեր բարձրացնում և սուր ծայրը պահում Անդրուի վրա):

Բերիմուր: En garde!   

Անդրու: Ի՞նչ:

Բերիմուր: Ողբերգությա՛ն ավարտը: Համլետի մենամարտն ու մահը: (Բերիմուրն իր սուրը թափահարելով առաջ է շարժվում դեպի Անդրուն):

Անդրու: Ներեցե՛ք, բայց ես սուսերամարտել չգիտեմ:

Բերիմուր: Համլետը գիտի, ես՝ նույնպես: (Բերիմուրը սրով Անդրուին հարվածելու փորձեր է անում, վերջինս հետ է ցատկում):  

Անդրու: Վե՛րջ տուր: Ես ատում եմ սուսերը: Ես ատու՛մ եմ բռնությունը: (Բերիմուրը նորից է փորձում հարվածել: Անդրուն արագ հեռանում է): Ես ազատված եմ մարզումներից, կարող եմ մարզադահլիճ չգնալ:

Բերիմուր: Համլետը նույնպես կարող էր չգնալ մինչև ողբերգության վերջին պահը: Նա գոնե դիմում է գործողության: Նա ողբերգական կեցվածք է ընդունում: (Բերիմուրը ձևացնում է, թե հարձակվում է Անդրուի վրա, վերջինս կրկին տեղից վեր է թռնում):

Անդրու: Նա մեռնում է:

Բերիմուր: Հերոսի մահով: (Նա իր սրով թրատում է օդը, այս ու այն կողմ ցատկելով իր իմացած ամենախիզախ ձևով):  Սրա համար է, որ մարդ պետք է խաղա: Սրա համար է, որ նախանձում են նրան, ով խաղում է: Մեզ թույլատրված է այսպիսի բան անել:

Անդրու: Այլևս այդպես չէ: Մենք աճպարարություն անող մարդիկ ունենք: Փոխարինողներ:

Բերիմուր: Իհարկե՝ մենախոսությունների համար: (Բերիմուրն առաջ է շարժվում դեպի Անդրուն, վերջինս վազում և թաքնվում է միջանցքում՝ աստիճանների տակ: Հետո Անդրուն հետ-հետ է գնում դեպի աստիճանների մյուս կողմը: Բերիմուրն այս բանը կանխատեսել էր, ուստի շրջանցել և արդեն հասել էր այնտեղ, որպեսզի հայտնվի նրա դիմաց: Իհարկե, մարտի հաջող բեմականացումը կախված է բեմադրող ռեժիսորի անհատական հայեցողությունից: Բերիմուրը ձևացնում է, թե հարձակվում է Անդրուի վրա, վերջինս, առաջին անգամ բարձրացնում է իր սուրը, որպեսզի ինքնապաշտպանվի): Կեցցե՛ս:

Անդրու: Ո՛չ: Վե՛րջ տուր: Ես չեմ կարող: (Անդրուն իր սուրը ցած է դնում: Անդրուի հաջորդ խոսքի ժամանակ Բերիմուրը պետք է կանգնի բազմոցի վրա և վեր ցատկելով սրով կտրուկ հարվածներ անի օդում, և որքան  վտանգավոր, այնքան ավելի աշխույժ տրամադրությամբ): Ես դադարեցնում եմ, լա՞վ: Դու շատ ճարտար ես, բայց ես չպետք է խաղամ: Քեզ թվում է կարող ես ինձ ստիպել, որ ես լինեմ քեզ նման, լինեմ Համլետ: Որ ես լինեմ հանդուգն, խիզախ և վրեժխնդիր: Պետք է ասեմ՝ ո՛չ, ես չե՛մ անի: Ես ազատամիտ եմ: Ուրեմն՝ ո՛չ մի մենամարտ, ո՛չ մի առնական վարքագծի դրսևորում՝ ո՛չ իմ տանը:

Բերիմուր: (Վրդովված): Քո՛ տանը: (Բերիմուրը բազմոցից ներքև է ցատկում: Նա և Անդրուն դեմ դիմաց են կանգնում հոկեյիստների պես: Բերիմուրն իր սուրը բարձրացնում է: Նա կտրուկ շարժումով թրատում է բազմոցը, փչացնելով պաստառը):

Անդրու: (Աչքերին չհավատալով): Բազմոցս: Դու թրատեցիր իմ բազմոցը:

Բերիմուր: Այն ինձ տհաճություն էր պատճառում: Շա՜տ ժամանակակից է: (Բերիմուրը նայում է շուրջը: Նա իր սուրը բարձրացնում է և ուժեղ հարվածում սեղանի վրայի լամպին, որն ընկնելով հատակին, փշրվում է:

Անդրու: Վե՛րջ տուր: Դա իմ լամպն էր: Ամեն բան տակնուվրա ես անում:

Բերիմուր: Նոր լամպ գնիր: Հաջորդը: (Բերիմուրը սրի հարվածով դարակի վրայից թռցնում է վազը: Վազը չկոտրելու, ինչպես նաև դրամ խնայելու նպատակով, Բերիմուրը կարող է վերցնել վազը և կամարակապ միջանցքով շպրտել բեմից  դուրս, իսկ այնտեղից համապատասխանաբար կարող են լսվել փշրվելու ձայներ: Անդրուն, տեսնելով ինչ է կատարվում իր ունեցվածքի հետ, մեռելի գույն է ստանում: Նա վերցնում է իր սուրը և ճոճում: Նա դառնում է վճռական ու գործնական մարդ):

Անդրու: Բավակա՛ն է: Աղջիկը մինչև ուրբաթ չի գալու: Մեկնումեկը պետք է փոշեծծիչով  մաքրի:

Բերիմուր: (Հիացմունքով): Ոչ ես: (Բերիմուրը ձեռքով նշան է անում, և  հնչում է քայլերգի ոգևորող երաժշտություն, որը հիշեցնում է Էրոլ Ֆլինին: Բերիմուրն ու Անդրուն լուրջ սուսերամարտ են սկսում: Անդրուն հարձակվում է Բերիմուրի վրա, նրանց սուսերը խաչաձևվում են երկուսի գլխավերևում):

Անդրու: Կրկի՛ն: (Անդրուն և Բերիմուրը սուսերամարտում են, շարժվելով դեպի բեմի խորքը: Բերիմուրը մի ձեռքով բռնել է սուսերը, իսկ մյուս ձեռքով՝ շամպայնի շիշը և մեծ կումերով  շամպայն է ըմպում: Լինում է մի պահ, երբ Բերիմուրը սուսերամարտում է շամպայնի շշով):

Բերիմուր: Կեցցե՛ս: (Բերիմուրը թափահարում է շամպայնի շիշը, և փրփուրը ցողում է Անդրուի վրա: Նրանք մեծ ոգևորությամբ շարունակում են սուսերամարտն ամբողջ բեմի վրա…Անդրուն հետ-հետ է գնում, Բերիմուրը բարձրանում է աստիճանների վրա: Անդրուն զինաթափում է Բերիմուրին: Վերջինիս սուսերն ընկնում է ներքև: Հիմա արդեն Անդրուի սուսերն  ուղղված է Բերիմուրի կոկորդին):

Անդրու: Դե ասա՛ , ասա՛, որ ես պարտավոր չեմ այդ բանն անել: Ո՛չ մի Համլետ:

 Բերիմուր: Անդրու, բայց դու…արդեն դա անում ես: Տե՛ս: (Անդրուի ուշադրությունը շեղվում է, Բերիմուրը նրա ձեռքից խլում է սուսերը, և ուղղելով դեպի Անդրուն, բավականություն ստանալով ստիպում է նրան աստիճաններով հետ-հետ նահանջել): Համլե՛տ՝ զորակոչիկ իշխան: (Անդրուն կարողանում է վերցնել հատակին ընկած  Բերիմուրի սուրը, և նրանք շարունակում են սուսերամարտը): Համլե՞տ:

Անդրու: Չե՛մ կարող:

Բերիմուր: Այդ դեպքում, կարո՞ղ եմ քեզ սպանել: (Բերիմուրը խփում և Անդրուի ձեռքից գցում է սուսերը: Այժմ, երբ Բերիմուրը հարձակվում է Անդրուի վրա, վերջինս անպաշտպան է): Հենց հիմա՞: Վերջ տա՞մ քո թանկագին միջակությանը: Պատկերացրու քո տապանագիրը՝ «Անդրու Րալլի՝ Սիրեցյալ Վախկոտը: Սիրեցյալ Ծախու Դերասանը: Այստեղ Ոչ Ոք  Թաղված Չէ»: (Բերիմուրը ձևացնում է, թե հարձակվում է Անդրուի վրա և թվում է, թե վիրավորում է նրան: Անդրուն սեղմում է վիրավոր տեղը և տնքում, նա վայր է ընկնում: Այս ամենը չափազանց համոզիչ է: Բերիմուրը սարսափած է, նա Անդրուին իրապես վիրավորելու որևէ նպատակ չուներ): Մանչու՞կ:

Անդրու: (Աշխատելով հստակ խոսել, որոշակիորեն շատ ուժգին ցավ զգալով): Ոչ…դու ճիշտ ես…

Բերիմուր: (Ծունկի գալով): Ի՞նչ:  Մի՞թե  դու… անհրաժեշտություն կա՞, որ մարդ կանչեմ՝ բժի՞շկ:

Անդրու: Ոչ:

Բերիմուր: Ցավում եմ, բայց ես չէի ուզում…քեզ վիրավորել:

Անդրու: (Հազիվ կարողանալով խոսել): Կանչի՛ր…

Բերիմուր: Ու՞մ կանչեմ: Դիրդրայի՞ն: (Անդրուն ոտքի է ցատկում, լիովին  ապաքինված և հաղթական: Նա ամուր բռնում է իր սուրը և ուղղում Բերիմուրի վրա):

Անդրու: Շեքսպիրի՛ն:

Բերիմուր: Հա՛: (Բերիմուրը քթի տակ ծիծաղում է և ձեռքով նշան անում, որից հետո լսվում է հաղթական շեփորանվագ):

 

                                       Վարագույր    

 

 

                                           Երկրորդ արար

 

                                    Տեսարան 1

 

Ժամանակ:  Վեց շաբաթ անց, բեմադրության առաջնախաղի օրն է:

Գործողությունների  վայր:  Նույնն է:

 

 

 

Բնակարանը վերափոխվել և դարձել է իսկական միջնադարյան որջ: Անդրուի ողջ կահույքը փոխարինվել է կաղնու փայտից վարպետորեն տաշված կահույքի ծանր կտորներով:  Բեմի կենտրոնում դրված է ճոխ երեսպատված մի փոստակառք և անթիկունք բազմոց: Մի կողմում  գեղազարդ գահ կա, իսկ փառահեղ կրակարանն այժմ ամբողջովին երևում է: Պատերից մեկի վրա գոբելեն կա, որի վերևում ջահ է կախված: Աստիճանների մոտ դրված է վերածննդի ժամանակաշրջանի գլոբուս: Հատակը պատված է արևելյան գորգերով, իսկ դրանց վրա կաշվե կազմով հնադարյան գրքերի մի կույտ, և միջավայրին բնորոշ խորհրդանշական դիպակե բարձիկներ կան: Ամբողջ սենյակում կան զանազան աշտանակներ, պատի ջահեր ու մոմակալներ, որոնք դեռ վառված չեն: Զենքն ու զրահը, գոթական համապատասխան այլ նմուշները լիովին ամբողջացնում են թատերական տրամադրությունը:

Շուրջ բոլորը դրված են ծաղիկներով լի ծաղկամաններ, մնացած ծաղիկներն էլ տուփերով դիզված են դրսի դռան առաջ:

Երբ վարագույրը բարձրանում է, Բերիմուրը երգելով ցած է իջնում ձեղնահարկից: Նա գնում է դեպի գլոբուսը, բաց է անում այն, և երևում է  խմիչքով լի բարը: Բերիմուրն իր համար խմիչք է լցնում: Նա դեռ հագնված է Համլետի պես:

Ֆելիսիան հագած- կապած ներս է մտնում կամարակապ միջանցքով: Նա Բերիմուրին չի կարող տեսնել: Նա ուշադիր զննում է բնակարանի նոր կահավորանքը և գլուխը թափահարում:

Ֆելիսիա: Օ՜, տեր Աստված, ի՞նչ է պատահել նրան: (Կամարակապ միջանցքով ներս է մտնում նաև Դիրդրան՝ ծաղկամանով ծաղիկները ձեռքին: Դիրդրան հագել է միջնադարյան ոճի, թավշե, շատ երկար նրբագեղ զգեստ, որի թևքերը կախվում են ներքև: Նա խաղում է Օֆելյայի նաժիշտներից մեկի դերը, նրա մազերի մեջ ծաղկեպսակ է ներհյուսված):

Դիրդրա: Ի՜նչ անհավատալի է, չէ՞: Դա Բերիմուրն է: Անդրուն ինձ ասաց, որ սա իսկ և իսկ այն է, ինչ եղել է այն ժամանակ: Անդրուն ասում է, որ այս ամենն իրեն օգնել է, որ տրամադրվի:

Ֆելիսիա: Դե, հույս ունեմ, որ դա նրան հաջողվել է՝ տրամադրված է: Այսօր առաջնախաղն է: (Դիրդրան և Ֆելիսիան հուզմունքից  սուր ճիչեր են արձակում: Ամբողջ տեսարանի ընթացքում նրանք խելահեղորեն հուզված են: Այս տեսարանը պետք է խաղացվի գլխապտույտ առաջացնող սպասումներով, բուռն ցանկությամբ ու ակնկալիքով):

Դիրդրա: Առաջնախա՛ղ: Հա՛մլետ:

Ֆելիսիա: Իսկ ու՞ր է նա: Բա թատրոն չի՞ գնում:

Դիրդրա: Նա վերևում՝ ձեղնահարկում, պատրաստվում է: Նա հագել է իր կոստյումը, ուր գնում է՝ այդ կոստյումն է հագնում: Նա  խոսում է Բերիմուրի հետ:

Ֆելիսիա: Իրո՞ք: Նրան  հաջողվե՞ց կապվել հետը:

Դիրսրա: Ո՛չ, նա պարզապես երևակայում է: Ես նրան միշտ բռնացնում եմ: Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է, որ նա հիմա այստեղ է և հսկում է մեզ:

Ֆելիսիա: Բերիմու՞րը:

Դիրդրա: Այո: Օհ, Ջոն Բերիմուր, որտեղ էլ լինես, օրհնի՛ր այս երեկոն, օրհնի՛ր Անդրուին: (Երբ Դիրդրան աղերսում է Բերիմուրին, նա  վազում է սենյակով մեկ, փնտրելով ուրվականին: Իսկ Բերիմուրը, ով չափազանց զվարճացած է, հետևում է նրան, շրջանցելով, բայց նաև աշխատելով հետ չմնալ: Վերջապես նա մարմնով մեկ ընկնում է փոստակառքի վրա):

Ֆելիսիա: Քաղցրս, հանդարտվիր: (Բերիմուրը գլխով նշան է անում Դիրդրային փոստակառքի վրայից: Նա թևերը լայն բաց է անում):

Դիրդրա: Գիտեմ: Ամբողջ օրը, ամբողջ շաբաթ այսպես եմ եղել: Չեմ կարողանում հանգիստ մնալ…(Ինչ-որ անտեսանելի ուժեր Դիրդրային քաշում և նստեցնում են փոստակառքի մեջ՝ Բերիմուրի կողքին: Դիրդրան պառկում է, այդ ընթացքում Բերիմուրը մեղմորեն շոյում է նրա մազերը: Դիրդրան անտեղյակ է Բերիմուրի ներկայությունից, սակայն Բերիմուրն  իր ազդեցությունն է ունենում նրա վրա): Ֆելիսիա, ի՞նչ է սեքսը: (Ֆելիսիան  զբաղված է դիմահարդարվելով, կոսմետիկայի տուփի հայելու մեջ ինքն իրեն զննելով):

Ֆելիսիա: Սե՞քսը: Օ՜, իրոք… դու դեռ «նստած ես թախտին, սպասում ես բախտին»: Դրա համար էլ այդքան նյարդային ես: Սեքսը հիանալի է, երբ ճիշտ տղամարդու հետ ես:

Դիրդրա: Իրո՞ք: Իսկ ինչպե՞ս է այն սխալ տղամարդու հետ:

Ֆելիսիա: (Մի փոքր ուշացումով) Շատ ավելի լավ:

Դիրդրա: Ֆելիսիա, դու սարսափելի ես: (Բերիմուրը համբուրում է Դիրդրայի պարանոցը): Վե՛րջ տուր:  

Ֆելիսիա: Ի՞նչը: (Դիրդրան զայրացած վեր է թռնում տեղից: Բերիմուրը նույնպես վեր է կենում և ուղղվում դեպի աստիճանները):

Դիրդրա: (Նյարդայնացած): Ոչինչ: Ֆելիսիա…ինչպե՞ս կարող ես իմանալ: Եթե  քո համար առաջնայինը վեհ սերն է, եթե դա …Շեքսպիրն է:

Ֆելիսիա: Չիմանալու ի՞նչ կա: Ամենալավը Էնդին է: Ուզում եմ ասել, որ նա աստղ է, և հավանաբար աղջիկները ամեն կողմից շրջապատում են նրան: Իսկ նա քեզ է սպասում:

Դիրդրա: Ճիշտ ես ասում: Պարզապես …երբեմն ինձ թվում է, որ ես ընդհանրապես չեմ ամուսնանալու, այսինքն՝ ոչ մի կենդանի մարդու հետ: (Բերիմուրը, ով աստիճանների վրա է, շրջվում և ողջունում է Դիրդրայի արտասանած վերջին խոսքերը՝ «ոչ մի կենդանի մարդու»: Նա իր բաժակը բարձրացնում է, որպես կենաց խմելու նշան: Հետո նա շրջվում է, աստիճաններով բարձրանում և դուրս գալիս տանիք):

Ֆելիսիա: Քաղցրի՞կ:

Դիրդրա: Ես միշտ ցանկացել եմ լինել  Ժաննա դը Արկ, կամ Ջուլիետ, կամ Գինեվրա: Եվ ես կցանկանայի սիրել Համլետի պես մեկին, կամ Արթուր թագավորի, կամ Սոկրատի:

Ֆելիսիա: Դու հարուստ ես, չէ՞:

Դիրդրա: Ոչ…ինչու՞:

Ֆելիսիա: Դե, քո մտածելակերպը, այսինքն, ուզում եմ ասել՝ շատ եմ հավանում, բայց դու ստիպված չես ապրուստ հայթայթել, չէ՞:

Դիրդրա: Ոչ, իրոք, ես հարուստ չեմ: Միայն ծնողներս են հարուստ: Նրանք հրաշք են: Արդեն գրեթե քառասուն տարի է նրանք ամուսնացած են: Եվ ես հենց դա եմ ուզում՝ հավերժական սեր: Մինչև ծերություն:  Եվ այսօր Անդրուն խաղալու է Համլետ: Եվ ես կիմանամ. (Գերին է գալիս կամարակապ միջանցքով: Նա ձեռքին ունի բաժակ և մի շիշ շամպայն: Նա հագել է սմոքինգ, որի մոդելը թե՛շքեղ է և թե՛ գերժամանակակից): Գերի, դա լավ նշան չէ: Շամպայնը խմում են հետո՝ նշելու համար, այլ ոչ թե նախօրոք:

Գերի: Օ՜, կներեք: (Դիրդրան Գերիի ձեռքից խլում է շամպայնը և կամարակապ միջանցքով դուրս գալիս, Գերիին մենակ թողնելով Ֆելիսիայի հետ): Հե՜յ…ի՜նչ կարևոր երեկո է: Գրգռող ու տաք:

Ֆելիսիա: Ես անհամբեր եմ:

Գերի: Գիտե՞ս, ես Էնդիին սիրում եմ, նա հրաշալի դերասան է, բայց…ի՞նչ է անելու, եթե հանկարծ ձախողվի: (Դիրդրան հետ է գալիս սենյակ):

Դիրդրա: Չի՛ ձախողվի: Նա հիանալի կլինի: Այդպիսի բան մտքովդ անգամ չանցկացնես:     

Ֆելիսիա: Հույս ունեմ, որ նա լավ կխաղա: Թեպետ, դե գիտես, էլի, սա Շեքսպիր է, ինչպե՞ս կարող ես վստահ լինել: 

Գերի: Միանգամայն ճիշտ է: Ուզում եմ ասել, հնարավոր է, որ հաջողությունն  ապահովված լինի՝ հնարավոր է, քանի որ Շեքսպիրի պարագայում լավի ու վատի միջև ոչ մի տարբերություն չկա: Եվ բոլորը  վախենում են դա ասել: Ուզում եմ ասել, որ ֆիլմերի պարագայում դու  կամ պետք է էկրանի վրա  ծիծաղաշարժ լինես, կամ էլ քեզ ծրագրից կհանեն: Դու կարող ես հասկանալ արդյո՞ք արտաքինդ բավարար բարետես է գլխավոր դերերի համար, թե՞ ավելի հարմար ես օժանդակ դերերի համար: Ուզում եմ ասել՝ կարող ես հասկանալ: Շեքսպիրի պարագայում իրոք շատ դժվար է հասկանալ, թե նրանցից ո՞վ է լավը, եթե իհարկե մերկ չեն:

Դիրդրա: Գերի, դու երբևէ թատրոն գնացե՞լ ես:

Գերի: Հա: Վերջերս չեմ գնացել: Կարո՞ղ եմ անկեղծ լինել: Ես չեմ հասկանում: Թատրոնը: Անիմաստ բան է: Առաջընթացի նման բան է, չէ՞: Պատկերացրու՝ քայլ առ քայլ: Նեանդերթոլների ժամանակ, ուրախ ժամանցը նման էր երկու բեկոր քարի՝ բում, բում: Հետո միջնադարում եղավ թատրոնը: Հետո եկավ ռադիոն: Հետո՝ համր կինոն: Հետո՝ հնչյունայինը: Հետո՝ հեռուստատեսությունը: Սա արդեն՝ կատարյալ արվեստն է: Երբ հեռուստացույց ես նայում, կարող ես միաժամանակ ուտել: Կարող ես զրուցել: Իրոք, պետք չէ կենտրոնացած լինել, եթե դա արդեն մեկ անգամ հեռուստացույցով դիտել ես: Կես ժամանոց, հաճելի դրվագներ են: Կամ, նույնիսկ է՛լ ավելի լավ են գովազդները՝ երեսուն վայրկյան: Կրակոտ աղջիկ, կրակոտ տղա, գարեջուր՝ ամեն ինչ կա: Ամեն ինչ զտված է: Այսինքն, երբ ես թատրոն եմ գնում, ես նստում եմ այնտեղ ու հիմնականում մտածում՝ ո՞րն է իմ արմունկը դնելու տեղը: (Տանիք տանող դուռը ուժգնությամբ բացվում է: Հայտնվում է Անդրուն՝ Համլետի սև հագուստով, որը նման է Բերիմուրի հագուստին, սակայն ճիշտ նույնից չէ: Անդրուի Համլետը պետք է մի փոքր ժամանակակից երանգ ունենա, բայց պետք է անպատճառ ունենա սեղմ գուլպա և codpiece, ինչպես նաև սուր և դաշույն: Անդրուն խմած է, թեպետ նա ամենևին հարբած չէ: Նրա ձայնային և մարմնական ոճն  այժմ նման էր Բերիմուրի ոճին. Նա վեհություն է ձեռք բերել և ինչ-որ չափով վեհաշուք է: Նրա ձեռքում շամպայնի շիշ կա):

Անդրու: Դու՛րս:

Դիրդրա: Ա՛նդրու:

Գերի: Մե՛ծ մարդ: 

Անդրու: Դու՛րս:Այսօր ես Համլետ եմ խաղալու: Պետք է մենակ լինեմ:

Դիրդրա: Անդրու, սիրելիս, կարո՞ղ ենք քեզ թատրոն տանել:

Անդրու: Ո՛չ: Ես հագնվել եմ, խմել եմ, և ինձ միայն առանձնանալ է պետք: (Անդրուն կանգնած է սանդղահարթակի վրա, որը դեպի վեր տանող ճանապարհի կեսն է: Գերին աստիճաններով վերև է բարձրանում, որպեսզի մոտենա նրան):

Գերի: Ես քեզ լսում եմ: Էնդի, և դա շատ հիանալի է ստացվում: Ես ասել եմ հեռուստաընկերությանը, որ  Համլետ խաղալու քո որոշումը վերջնական չէ: Հեռուստաընկերությանը դա շատ դուր եկավ: Նրանք գիտեն, որ դա խորամանկ խաղ է: Այնպես որ, իմ նպատակն է ստանալ շոուի բաժնեմասերի կեսը, կամ էլ դու Լիր կխաղաս:

Անդրու: Հեռացի՛ր:

Գերի: ( Անդրուի տնազն է անում հիացած) Հեռացի՛ր: Շատ եմ սիրում էս տղային: Հե՜յ, իսկ առաջնախաղն իրենից ի՞նչ է ներկայացնում, խնջու՞յք:

Դիրդրա: Իհարկե:

Գերի: Լուսանկարիչնե՞ր:

Ֆելիսիա: Իրո՞ք:

Գերի: Քննադատնե՞ր:

Դիրդրա: Անդրու, դու նրան մի՛ լսիր: Դու նրանց  շատ դուր կգաս, և դա կարևոր էլ չէ: 

Գերի: Ֆիլմերում և հեռուստատեսությունում  հեշտ է: Լավն այն է, որ դու  կարող ես լրիվ տապալել ամեն ինչ, և ոչ մեկը քեզ չի կասեցնի: Բայց այսօր՝ պետք է զգույշ լինես, չէ՞: Նրանք էնտեղ են: (Գերին սկսում է աստիճաններով ներքև իջնել: Հենց նա մեջքով շրջվում է Անդրուին, վերջինս հանում է իր դաշույնը և ուղղում Գերիի մեջքին: Գերին  չի տեսնում, և Անդրուն դաշույնը հետ է դնում պատյանի մեջ: Գերին՝ հասնելով ներքև): Գիտե՞ս, երբ ես իմացա, որ դու պետք է սա անես, ասեցի՝ հե՜յ, հնարավոր է Էնդին ճիշտ է, միգուցե  թողնեմ ամեն բան, հեռանամ Լոս Անջելեսից և միայն Շեքսպիրով զբաղվեմ, բեմադրեմ ու գրեմ: Բայց հետո սթափվեցի: Էնդի տղա, հիմա քո հերթն է: Մեքենաս ներքևում է՝ որևէ մեկը գալի՞ս է:

Ֆելիսիա: Մեքենա՞: Լիմուզի՞ն:

Գերի: Դու անշարժ գույքի մեջ ես, չէ՞: Պետք է Բեվերլի Հիլզ գաս:

Ֆելիսիա: Գիտեմ: Ես երազում եմ այդ մասին: Բեվերլի Հիլզը… իմ Համլետն է:

Անդրու: Հենց հիմա՛:

Գերի: Գնում ենք, գնում:

Ֆելիսիա: Կհանդիպենք ներկայացումից հետո: (Նա մի վերջին անգամ հափշտակված նայում է Անդրուին): Մի տես, ինչ հիասքանչ ես: Ճիշտ կարծես Փիթեր Փենը լինես՝ երեկոյան ցուցադրության մեջ:

Անդրու:Գնաք բարով: (Գերին և Ֆելիսիան դրսի դռնից դուրս են գալիս):

Դիրդրա: Հաստատ չե՞ս ուզում, որ մնամ: Ես կարող եմ քեզ հետ գալ թատրոն:

Անդրու: Պետք է գնաս, ազնիվ օրիորդ: (Անդրուն աստիճաններով ներքև է իջնում և երբ արդեն հասնում է ներքև, Դիրդրան առաջին անգամ ուշադրություն է դարձնում նրա  codpiece-ին: Նա շիկնում է և հայացքը հեռացնում, հետո մեկ անգամ ևս թաքուն նայում է: Անդրուն իր սուրը հանում է պատյանից և մի քանի կեղծ փորձեր է անում: Դիրդրան վերցնում է մի զույգ շատ մեծ չափսի, չափազանց նորաձև բարձրաճիտք «Ռիբոք» սպորտային կոշիկներ, որոնք նա թաքցրել էր աստիճանների հետևում: Նա այդ կոշիկները տանում է գահի մոտ և նստում: Իր հաջորդ խոսքն ասելիս նա պետք է հանի պատմական դարաշրջանի իր հողաթափերն ու հագնի այդ հսկայական սպորտային կոշիկները):

Դիրդրա: Ես գիտեմ, որ դու լինելու ես ամենալավը: Ես այնքա՜ն հպարտ եմ քեզանով: Այնքա՜ն ուրախ եմ, որ այս բեմադրության մեջ խաղալու ենք միասին, նույնիսկ այն դեպքում, երբ ես պարզապես Օֆելյայի նաժիշտն եմ, և նույնիսկ այն դեպքում, երբ ես չունեմ ոչ մի խոսք: Երեկ, հագուստները փորձելիս, ռեժիսորն ինձ մի կողմ կանչեց: Նա ասաց, որ ես շատ լավ եմ խաղում, սակայն, երբ հայտնեցին, որ Օֆելյան մահացել է, ես չպետք է ճչայի, կամ երերայի, կամ խլեի քո սուրը և փորձեի ինքս ինձ խոցել: Նա ասաց, որ ողբերգության վերնագիրը «Օֆելյայի մոտ ընկերուհու ողբերգությունը» չէ: Բայց ես հասկանում եմ: (Դիրդրան արդեն հագել է իր սպորտային կոշիկները: Հագուստի փեշը նրբորեն բռնած, նա անցնում է Անդրուի կողքով և քայլում դեպի դրսի դուռը):

Անդրու: Ազնիվ օրիորդ:

Դիրդրա: Տեր իմ: (Մինչ Դիրդրա շրջվում է, Անդրուն բռնում է նրա ձեռքը և պտտեցնելով  կրքոտ  գրկում: Անդրուն կրկին պտտեցնելով նրան դուրս բերում իր գրկից, որի ընթացքում Դիրդրայի հագուստի թևքերը ոլորվում են նրա շուրջը: Դիրդրան զգաստանում է,  քիչ է մնում ուշաթափվի: Նա մի հայացք է գցում Անդրուի վրա և ցանկասիրաբար հառաչում: Դիրդրան գնում է դեպի դրսի դուռը: Մեջքով շրջվելով դեպի Անդրուն, նա հավաքում է իր երկար, ծավալուն փեշը և հսկայական գունդ դարձնում իր գրկում: Հետո այդ դիրքով շրջվում է, մի վերջին անգամ այրվող հայացքով նայում է Անդրուին և  դուրս  գալիս: Դեպի տանիք տանող դռան առաջ հայտնվում է Բերիմուրը: Նրա ձեռքին  շամպայնի շիշ կա: Նա ողջունում է Անդրուին: Նրանք այժմ համերաշխ են, ինչպիսին լինում էին հանդուգն և խիզախ ելիզավետյան ժամանակների ընկերները):

Անդրու: Բլե՛յթ:

Բերիմուր: Րա՛լլենբերգ:

Անդրու: Այսօր՝ Հա՛մլետ:

Բերիմուր: Դանիացի՛:

Անդրու: (The Bard) Բանաստե՛ղծ: (Պոետ Այվոնի ափերից-Շեքսպիրին այսպես են կոչում):

Բերիմուր: Շիշը:

Անդրու: Լավագու՛յնը: (Բերիմուրն արդեն աստիճաններով ներքև է իջել, և նրանք բաժակները խփում են իրար, որպես հանդիսավոր ձևով կենաց խմելու առաջարկ):

Բերիմուր: Եվ Դի՛րդրան:

Անդրու: Դիրդրա՞ն:

Բերիմուր: Հաստա՛տ: Նա պետք է տեսնի, թե դու ինչպես ես մտնում կերպարի մեջ: Նա  իրեն Օֆելյա է երևակայում: Նա պետք է կամ ամուսնանա քեզ հետ, կամ էլ՝ խեղդվի:

Անդրու: Մենք շա՛տ գործ ենք արել:

Բերիմուր: Բանավոր հավաստիացում:

Անդրու: (Իր սրով նշան անելով): Կատարողական արվեստ:

Բերիմուր: Նույնիսկ, համարձակվում եմ ասել՝ տեքստը հասկանալն ու գնահատելը:

Անդրու: Իրոք: Մեր ձեռքբերումը կրկնակի է…ես ոչ միայն պաշտում եմ թատերախաղը, այլև առաջին անգամ այն ավարտին եմ հասցրել:

Բերիմուր: Բարի գալուստ, Րալլենբերգ,  Համլետի թագավորական հրամանով: ( Երկու տղամարդիկ խոշոր քայլերով իրար ընդառաջ են գալիս և ձեռքերը դնում մեկը մյուսի ուսին):

Անդրու: Էլի՛տա:

Բերիմուր: Օգոստո՛ս:

Անդրու: Իշխաններ և խաղացողներ:

Բերիմուր: Մենք չենք քայլ…

Անդրու: Մենք խոշոր քայլեր ենք անում:

Բերիմուր: Մենք չենք խոսում…

Անդրու: Մենք աղերսում ենք…

Բերիմուր: Մենք շշնջում ենք…       

Անդրու: Մենք մռնչու՛մ ենք…

Բերիմուր: Համլե՛տ, եղբայր իմ…

Անդրու: (Խորը  խոնարհումով): Թագավոր խաղացող:

Բերիմուր: Պահը մոտեցել է: Ես նշանակելու եմ իմ օրինական ժառանգին: Րալլի, ծունկի՛ եկ: (Անդրուի թագադրման ընթացքում, թերևս նաև նախորդող տեսարանի ժամանակ պետք է հնչի հաղթական, զինվորական քայլերգ, ընդգծելով ու շեշտելով օրվա  ծիսակատարության յուրահատկությունը: Անդրուն Բերիմուրի առջև ծնկի է իջնում: Բերիմուրն իր ձեռքի շամպայնի շիշն օգտագործում է որպես սուր և թեթևակի հարվածներ հասցնում Անդրուի ուսերին): Սույնով քեզ օծում եմ ամբողջ ստորին Մանհաթենի Իշխան Համլետ: Դու միանում ես մի ականավոր շառավիղի: Այսուհետև քեզ կճանաչեն որպես մեծագույն ամերիկյան Համլետ:

Անդրու: Բոլոր ժամանակների՞:

Բերիմուր: Քո սերնդի: (Անդրուն մի փոքր երերալով ոտքի է բարձրանում: Իրավիճակը, որի մեջ գտնվում է, սկսում է նրան հասու դառնալ):

Անդրու: Իմ սերնդի՞:

Բերիմուր: Բայց ինչու՞ ոչ: 

Անդրու: Ինչպե՞ս ասեմ, ես շարունակ մտածում եմ…այսօր:

Բերիմուր: Իհարկե՝ ներկայացումը: Րոպեներ են մնացել:

Անդրու: Ոչ, ոչ: Ես շատ լավ եմ: Համլետ: Օ՜: Համլետ:

Բերիմուր: Փա՛ռք:

Անդրու: Փառք…

Բերիմուր: Շեքսպի՛ր:

Անդրու: Շեքսպիր…

 Բերիմուր: Կույր, անասելի սարսա՛փ:

Անդրու: Դա՛ է:

Բերիմուր: Իհարկե, դողում ես և չափազանց վեհ պատճառով: Դերը: Պահը: Քննությունը:

Անդրու: Արի ինձ հետ: Եղիր այնտեղ:

Բերիմուր: Չեմ կարող: Դու դա գիտես:

Անդրու: Ուրեմն օգնիր ինձ: Պետք է, որ դու ունենաս… «Համլետ» խաղալու մի վաղեմի գաղտնիք: Մի հնարք, մի որևէ բան, որը դու թաքցնում ես:

Բերիմուր: Իհարկե: (Բերիմուրը նայում է շուրջը, համոզվելու համար, որ ոչ ոք չի լսում: Նա Անդրուին առաջարկում է նստել հատակին, գուցե մի կույտ բարձերի վրա: Բերիմուրը նստում է նրա կողքին՝ գահի վրա, այնպես, կարծես պատրաստվում է գաղտնիք  հայտնել նրան): Խնդրեմ հատվածն այնպես արտասանիր, ինչպես ես քեզ համար արտասանեցի, թեթև և սահուն: Բայց եթե դու էլ մեր դերասաններից շատերի պես գոռգոռաս, ապա ավելի լավ կլինի, որ իմ տողերը քաղաքի մունետիկներին արտասանել տայի: Ոչ էլ կարիք կա ձեռքով օդը սղոցելու, այսպես, այլ, ամեն բանի մեջ չափավոր եղիր. Որովհետև, կրքի հեղեղի, փոթորկի, և, այսպես ասենք, հողմապտույտի մեջն անգամ պետք է սովորես մի տեսակ բարեխառնություն պահել, որ հարթություն տա խոսքիդ: Ոչ էլ շատ մեղկ պետք է լինես. Այլ, սեփական Ճաշակդ պետք է ղեկավարդ լինի: Շարժումներդ բառերիդ հարմարեցրու, և բառերը շարժումներիդ, հատկապես ուշադիր լինելով, որ բնական չափավորությունից դուրս չելնես. որովհետև ամեն բան, որ չափազանցված է, խաղի նպատակին   է, ինչ որ թե՛ հնուց և թե՛ հիմա միշտ եղել է և է՛, այսպես ասած, մի հայելի պահել բնության առաջ, ցույց տալ առաքինության իր սեփական դեմքը, մոլության՝ իր պատկերը, և ժամանակի դեմքին ու մարմնին՝ իր տեսքն ու տիպը: Արդ, եթե դա շատ խիստ դուրս բերվի, կամ շատ թույլ, գուցե անգետներին ծիծաղեցնե, բայց բանիմացներին միայն անախորժ կարող է լինել: Գնա պատրաստվիր: (Բերիմուրը հրաշալի է ներկայացնում իր խոսքը: Անդրուն ցնցված տեղից վեր է բարձրանում): 

Անդրու: Ոչ, կարծում եմ՝ ոչ:

Բերիմուր: Գնա պատրաստվիր: Ամեն ինչ այնտեղ է՝ տեքստի մեջ, քո տրամադրության տակ:

Անդրու: Ես դա չեմ կարող անել: Այն, ինչը դու նոր արեցիր: Ախր ես…ինձ ու՞մ տեղն եմ դրել, ի՞նչ եմ ինձնից  ներկայացնում:

Բերիմուր: Անդրու… քո վախը հասկանալի է: Իմ առաջնախաղի օրը՝ օ՜, տեր Աստված:

Անդրու: Բայց…դու Բերիմուրն էիր:

Բերիմուր: Բերիմուրը՞: Ես թեթև ժանրի կոմիկ էի, ով ձգտում էր հասնել Օլիմպոսին: Վզիցս  կախված էր ընտանեկան բարի համբավն ու հեղինակությունը: Նախքան վարագույրը բացվելը ես վախից կաթվածահար եղած նստել էի բեմի վրա՝ մթության մեջ:

Անդրու: Բայց դու… հեռուստատեսային մի ինչ-որ խեղկատակ չէիր: Այնուամենայնիվ դու թատրոնում էիր:

Բերիմուր: Մի՛ չափազանցրու: Ուզու՞մ ես իմանալ բուլվարային իմ հաջողությունների վերնագրերը՝ «Հարստության որսորդը», «Լուսնի լույսը», «Իշխանուհի Զիմ Զիմ»:

Անդրու: Բայց…եթե Գերին ճիշտ լինի՞: Իսկ եթե քննատաներն ինձ ատե՞ն:

Բերիմուր: (Ծաղրական տոնով): Օ՜հ, լրագրերը:

Անդրու: Իսկ եթե ե՛ս ինձ ատե՞մ:

Բերիմուր: Դու այս երեկոյին պատրաստվել ես:

Անդրու: Բայց երբ դու Համլետ խաղացիր, դու պատրաստվեցիր վեց ամիս: Քաղաքից  գյուղ գնացիր՝ միայն դերը սովորելու համար:

Բերիմուր: Ջանասեր ես եղել:

Անդրու: Իհարկե, սակայն՝ վեց շաբա՞թ: Եվ այս երեկո… ոչ միայն քննադատներն են լինելու, այլև ժողովուրդը…իմ ընկերները, իմ ընտանիքը: Մարդիկ, ովքեր ինձ տեսել են երկրորդ դասարանում՝ դպրոցական ներկայացման մեջ խաղալիս, նրանք ակնկալելու են առաջընթաց տեսնել: Դիրդրան՝ ևս:

Բերիմուր: Նա պաշտելու է քեզ:

Անդրու: Դա ինքնըստինքյան չի ստացվում: Դիրդրան ուզում է, որ ես լինեմ…հերոս: Անմահ: Իսկ եթե այդպես չլինի՞, եթե ես նրան հիասթափեցնե՞մ:

Բերիմուր: Անհնարին է:

Անդրու: Մինչև հիմա ես համառորեն աշխատել եմ, փորձել եմ լինել Համլետ, փորձել եմ նմանվել քեզ, իսկ այժմ…

Բերիմուր: Անդրու, այս առաջնախաղը  քո կյանքում առաջինը չէ: Քո խուճապը,  անվստահությունը…այս ամենը բնական է:

Անդրու: Սա լոկ բեմի վախ չէ: Սա…մեկ այլ բան է:

Բերիմուր: Ի՞նչ:

Անդրու: Հասարակ տրամաբանությու՛ն: Ինձ մոտ ծնվեց այն միտքը, որ կարող եմ վերադառնալ Նյու Յորք, որ կարող եմ ինքս ինձ և բոլորին մի անհեթեթ տեսակետ ապացուցել: Միանգամից դերասան եմ դառնում: Մնում է միայն Շեքսպիր ավելացնեմ: Բայց ես չեմ կարծում, որ այդպես վարվելով կհասնեմ արդյունքի:

Բերիմուր: Իսկ ինչու՞ ոչ:

Անդրու: Որովհետև բեմի վրա ես լինելու եմ վարպետ դերասանների հետ, մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչ են անում: Տեր Հիսուս, ինչու՞ ես  լսեցի քեզ: Ես կարող էի այս պահին լինել Լոս Անջելեսում՝ հարստություն դիզելիս, շալվա՛ր հագած:

Բերիմուր: Դա՞ է ուզածդ: Դա՞ է այն, ինչը ես քեզ սովորեցրի:

Անդրու: Դա այն է, ինչը ես գիտեմ:

Բերիմուր: Վե՛րջ տուր, անտանելի լակո՛տ: Քո նվնվոցն անպատվությու՛ն է: Շեքսպիրի բառերին…արժանացի՛ր: Համլետի դերի համար… արժանավայել եղի՛ր:

Անդրու: Օ՜,  բավական է այդ բանն ասես:

Բերիմուր: Ի՞նչ:

Անդրու:  Լսու՞մ ես, թե ինչ ես ասում:

Բերիմուր: Ներեցե՞ք:

Անդրու: Համլետ խաղալուց հետո դու թատրոնը լքեցի՛ր: Եվ դու այլևս չվերադարձա՛ր:

Բերիմուր: Կարևոր չէ: (Անդրուն սկսում է Բերիմուրին նախատել, և նրանց վեճը գնալով սաստկանում ու առավել դաժան է դառնում):

Անդրու: Ես այդ մասին կարդացել եմ՝ հարյուր մեկերորդ ներկայացումից հետո դու ուղիղ Հոլիվուդ ես գնացել:

Բերիմուր: Միառժամանակ:

Անդրու: Մնացած կյանքդ:

Բերիմուր: Դա ի՛մ գործն է:

Անդրու: Դու ապրել ես Բեվերլի Հիլզում՝ մեծ առանձնատանը: Ունեցել ես սեփական զբոսանավ և կինոսրահ և…քանի՞ կին:

Բերիմուր: Բավականաչափ:

Անդրու: Դու մեկը մյուսի հետևից ֆիլմեր էիր նկարահանում…

Բերիմուր: Դրանցից մի քանիսը՝ դասական:

Անդրու: Մեծ մասը՝ ա՛ղբ:

Բերիմուր: Այո՛: Որոշ ժամանակ անց ես դժվարանում էի նույնիսկ դրանց հարցում: (Մի հարված): Եղավ մի օր, երբ նկարահանման ժամանակ կինոխցիկը սկսեց աշխատել, և…ես չէի կարողանում ոչ մի տող հիշել: Ոչի՛նչ: Անընդհատ փորձում էին նորից ու նորից նկարահանել դրվագը: Ո՛չ մի բառ, ո՛չ մի խոսք՝ միայն մշուշ էր և…սարսափ: Իսկ ես հարբած չէի՝ ո՛չ, քարի պես՝ սթափ: Բոլորն իմ հանդեպ չափազանց բարյացկամ էին, բառերն ուղղակի խզբզում էին վերնաշապիկների թևքերին, ստվարաթղթի վրա և պահում էին կինոխցիկից հեռու:

Անդրու: (Քինոտ) Ջոն Բերիմուրը, մեծագույն դասական դերասա՛նը: Նա, ով բոլորիս համար օրինակ է:      

Բերիմուր: Անհույս, աշխատանքի համար ոչ պիտանի, հարբեցո՛ղ: Հասարակության առաջ ստորացած ու նվաստացած: Անհամ կատա՛կ: (Թունոտ  ուժգնությամբ): Այո՛, ես փախա Հոլիվուդ, դու շա՛տ ճիշտ ես…և դու չես կարող երևակայել, թե ես ինչ կյանքով էի ապրում: Ես կինոյի աստղ էի, իսկ դու գիտե՞ս, թե դա ինչ է նշանակում: Իմ դեմքն ուներ հինգ հարկ բարձրություն և վեց զերոյի չափ լայնություն: (Դադար): Բայց մինչ այդ ամենը, երբ հասել էի հաջողության գագաթնակետին՝ բախվեցի հրեշին: Ես համաձայնեցի խաղալ մի այնպիսի խելահեղ բարդ դեր, այնքան արտակարգ, այնքան անհավանական, որն իրականացնելու ցանկացած ճիգ կարող էր լինել միայն ու միմիայն ճիգ: Ես բոլորի ուշադրության կենտրոնում էի՝ մի ամբոխի, որն արդեն ուզում էր հեռանալ՝ ծաղրել ու գնալ: Եվ ես նրանց ցնցեցի, ես նրանց հետամուտ եղա և ասացի՝ այո՛, դուք մնալու եք, և այո՛, դուք հիշելո՛ւ եք: Եվ իմ կյանքում միայն մի պահ ես օգտագործեցի այն ամենը, ինչ գիտեի, իմ տաղանդի ամեն մի մասնիկը, իմ վճռականության ամե՛ն մի ունցիան: Ես Ջոն Բերիմո՛ւրն էի: Իսկ այդպիսի սուրբ երեկոների համար չե՛մ ամաչում: Ես Համլե՛տ եմ խաղացել: Իսկ դու՞: (Մինչև իր խոսքն ավարտելը Բերիմուրը ծայր աստիճան սպառվում է. նա ետ է քաշվում ու նստում աթոռին: Անդրուի հետ նրա պայքարը երկուսին էլ շշմեցրել է, և նրանցից ոչ մեկը չի կարողանում խոսել: Մի փոքր դադարից հետո հնչում է դռան զանգը: Անդրուն գնում է դեպի ներքին հեռախոսը):

Անդրու: (Լսափողի մեջ): Այո՞: Շատ լավ, շատ լավ, գալիս եմ: (Մի պահ  Անդրուն և Բերիմուրը լուռ են: Հետո Անդրուն բացում է դրսի դուռը: Ներս է մտնում Լիլիանը: Նա շատ գեղեցիկ է արծաթափայլ երեկոյան զգեստով: Նա չափազանց բարկացած է):

Լիլիան: Րա՛լլի, մեքենան սպասում է՝ գնա՛: (Անդրուն նայում է Բերիմուրին, նրանից ակնկալելով մի եզրափակիչ խոսք: Ոչինչ չի ստանում): Գնա՛: (Անդրուն դռնից դուրս է վազում: Լիլիանը շրջվում է և տեսնում Բերիմուրին: Դիմում է Բերիմուրին): Դո՛ւ:  Տեսքդ սարսափելի է:

Բերիմուր: (Զարմացած, որ Լիլիանը կարողանում է տեսնել իրեն): Ի՞նչ: (Անդրուն հետ է գալիս և գլուխը ներս խոթում):

Անդրու: Լիլիան, գալի՞ս ես:

Լիլիան: Ես տաքսիով քեզ կհասնեմ:

Անդրու: Լիլիան, ես պետք է սա անեմ, այնպես չէ՞:

Լիլիան: Ոչ: Կարող ես մնալ այստեղ և տապալել ներկայացումը: Ես այնքան հպարտ կլինեմ: Գնա՛: (Անդրուն հեռանում է, իսկ Լիլիանը մնում է Բերիմուրին դեմ առ դեմ կանգնած): Այո, ես քեզ կարող եմ տեսնել՝ խոզի մեկը:

Բերիմուր: Ինչպե՞ս:

Լիլիան: Ես շատ ծեր եմ: Կարող եմ տեսնել ամեն բան: Եվ պատահել է այնպես, որ ճանաչում եմ քեզ:

Բերիմուր: Իրո՞ք:

Լիլիան: Հա՛, այդպես էլ գիտեի, որ ինձ չես հիշելու:

Բերիմուր: (Ուշադիր զննելով Լիլիանին): Հնարավո՞ր է:

Լիլիան: (Խրախուսական տոնով): Ի՞նչ:

Բերիմուր: Ոչ: Այո: Այդ…դու՞ ես:

Լիլիան: Ես շատ երիտասարդ էի:

Բերիմուր: Դիրիժորի…երիտասարդ կինը:

Լիլիան: Ջութակահարի:

Բերիմուր: Ջութակահար, այո, ով սիրուհի ուներ:

Լիլիան: Կեցցե՛ս:

Բերիմուր: (Լիլիանի շուրջը պտտվելով): Ես քաղաքում էի, մի ֆիլմի հետ էի համագործակցում: Կոկտեյլի շուրջ հավաքույթ էր: Ամուսինդ պետք է գար այնտեղ, որպեսզի միանար քեզ: Չեկավ:

Լիլիան: Գլուխդ մի՛ գովա: Դու նույնպես ամուսնացած էիր՝ մի դերասանուհու հետ:

Բերիմուր: Դերասանուհու՞: Մի՞թե դա օրինական էր: Ես քեզ տեսա հանդերձարանում հեկեկալիս:

Լիլիան: Ես չեմ հեկեկում:

Բերիմուր: Ջղայնությունից: Մենք եկանք այստեղ:

Լիլիան: Խենթությունից: Ժամանակավոր խելագարվածություն:

Բերիմուր: Մեր մեջ հրդեհ բռնկվեց: (Բերիմուրը ձեռքի շարժումով ավլելու նշան է անում և կրակ է բորբոքվում կրակարանում):

Լիլիան: Եվ մոմի լույսը: (Բերիմուրը ձեռքի մեկ այլ շարժում է անում, և սենյակում եղած բոլոր մոմերը հանկարծ վառվում են: Բեմի լույսերը թուլանում են, ստեղծելով աներևակայելի  ռոմանտիկ տրամադրություն: Պատուհանից կարող է լուսինը  նշմարվել):

Բերիմուր: Մենք շամպայն գողացանք կոկտեյլի հավաքույթից:

Լիլիան: Շոկոլադի սալիկներ գնեցինք Five & Dime խանութից:

Բերիմուր: Խախտեցինք բոլոր պատվիրանները: Մենք սիրաբանեցինք:

Լիլիան: Եվ գիրացանք:

Բերիմուր: (Հիացած): Դու անտանելի էիր:

Լիլիան: Դու… Բերիմուրն էիր: (Արդեն տրամադրությունը դարձել է չափազանց մտերմիկ՝ Բերիմուրն ու Լիլիանը քիչ է մնում գրկախառնվեն: Բերիմուրը քաշվում է մի կողմ): Ի՞նչ:

Բերիմուր: Ո՛չ:

Լիլիան: Ի՞նչ է պատահել:

Բերիմուր: Դու անսահման բարի ես: Ես անարժան եմ: Ես լիովին ձախողվել եմ: Ես վերադարձել եմ միմիայն մեկ նպատակ իրագործելու համար, և այժմ…

Լիլիան: Ի՞նչ: Ի՞նչ նպատակով ես եկել:

Բերիմուր: Որ Անդրուն Համլետ խաղա:

Լիլիան: Դե, ուրեմն արդեն կատարված է:

Բերիմուր: Բայց անելու դեռ շատ բան կա: Ես ցանկանում էի, որ Անդրուն…դասեր քաղեր:

Լիլիան: Ի՞նչ դասեր:

Բերիմուր: Այն ամենից, ինչում նա ինձ մեղադրում է: Իմ ապրած կյանքի համար ողորմելի արդարացումս: Ինձ մատուցել էին ամբողջ մոլորակը: Բոլոր այն հնարավորությունները, որ կարելի է երևակայել: Անդրուն իմ վերջին ապարդյուն հույսն է, փրկության հետևից գնացող տիեզերական սլացքը:

Լիլիան: Բերիմուր, ինձ ասա, ե՞րբ է այդ բանը պատահել:

Բերիմուր: Ի՞նչը:

Լիլիան: Այդ ե՞րբ դարձար սկաուտների առաջնորդ:

Բերիմուր: Ներեցե՞ք:

Լիլիան: Րալլին մեծ տղա է: Դու քաջալերել ես նրան, ես՝ նույնպես: Նրան դա անհրաժեշտ էր: Բայց այսօրվա օրը պետք է նրանը լինի, միմիայն նրանը:

Բերիմուր: Ուրեմն ինչու՞ ես մնացել այստեղ: Ի՞նչ ես ուզում:

Լիլիան: Ես, բոլորի նման, եկել եմ Բերիմուրին տեսնելու:

Բերիմուր: Զվարճանալու համար:

Լիլիան: Երեք հրապարակով կրկես: Իրոք տարօրինակ մի բան: Կինոաստղ և դանիացի իշխան: Կնամոլ, սակայն՝ ոչ հրեշ: Հարբեցող, սակայն, ձանձրալի՝ երբե՛ք: Այսօր մի վերջին հանդիպման հույս ունեի: Վերհուշ: Բայց շատ երկար ժամանակ է անցել: Գուցե ես ճիշտ չեմ հիշում: Ես պետք է գնամ: (Նա ուզում է հեռանալ):

Բերիմուր: Լիլիա՞ն:

Լիլիան: (Կանգ առնելով): Այո՞:

Բերիմուր: Անդրուն: Ի՞նչ ես կարծում, լավ կլինի՞:

Լիլիան: Ո՞վ կարող է դա ասել:

Բերիմուր: Ես կարողացա՞ նրան օգնել: Թեկուզ ինչ-որ ձևո՞վ:

Լիլիան: Իրեն հարցրու, երբ վերադառնա: Ուրիշ հարց ունե՞ս:

Բերիմուր: Մի հարց միայն: Ամուսինդ լա՞վ է:

Լիլիան: Հուսով եմ՝ ոչ: Մենք բաժանված ենք: Դատավարության ժամանակ քո անունը ևս շոշափվել է:

Բերիմուր: (Գոհունակությամբ): Բաժանվա՜ծ…(Մի փոքր անց): Մի վերջին հանդիպու՞մ: (Բերիմուրը ձեռքի մի շարժում է անում, և սկսվում է  հախուռն ու ռոմանտիկ մի երաժշտություն: Բերիմուրը ձեռքերը պարզում է, իսկ Լիլիանը դիմադրում է նրան):

Լիլիան: Ես ծեր եմ:

Բերիմուր: Ես մեռած եմ:

Լիլիան: Ես այլևս չեմ պարում:

Բերիմուր: Բացառություն արա:

Լիլիան: Հիմար:

Բերիմուր: Fraulein:

Լիլիան: Իմ Համլետ: (Լիլիանը մոտենում է Բերիմուրին: Նրանք պարում են: Մի պահ կանգ են առնում): Ասա, ու՞ր է գնում մարդը, երբ նա հայտնվում է այնտեղ, որտեղից դու ես եկել. ես ենթադրում եմ, երևի թե դրա՞խտ:

Բերիմուր: Ցավալի է ասել:

Լիլիան: Իսկ այնտեղ…ծխու՞մ են:

Բերիմուր: Իհարկե: Չէ՞ որ դրախտ է:

Լիլիան: Պե՞տք է, որ…վախենամ:

Բերիմուր: Մահվանի՞ց: Երբե՛ք: Միայն կյանքից:

Լիլիան: Դերասաններ:

Բերիմուր: (Վիրավորված): Ի՞նչ:

Լիլիան: Ես նրանց սիրում եմ: (Նրանք շարունակում են պարել: Կրկին կանգ են առնում):

Բերիմուր: Լիլիան, գիտե՞ս, մի հարց էլ կա, որ շատերը տալիս են: Հարցը վերաբերում է որոշ գործողություններին և հանդերձյալ աշխարհում դրանց կիրառմանը:

Լիլիան: Ի նկատի ունես ֆիզիկական բնույթի գործողություննե՞ր:

Բերիմուր: Քեզ չի՞ հետաքրքրում:

Լիլիան: Զարմացրու ինձ: (Բերիմուրը ծիծաղում է: Նրանք կրկին շարունակում են պարել, մինչ լույսերը սկսում են թուլանալ և վարագույրը ցած է իջնում):           

 

 

 

                               Տեսարան 2

Ժամանակ: Հաջորդ օրը: Առավոտյան ժամը  7-ը:

Գործողության վայր:  Նույնն է:

 

 

Բերիմուրն  ամբողջ մարմնով ընկած է փոստակառքի վրա:  Վերնաշապիկը բաց է և մի կողմ թեքված: Նրա շուրջն անօգտակար սննդի(junk food)  փաթեթներ և chips-ի բաց տուփեր կան: Փոքրիկ, շարժական հեռուստացույցը դրված է անթիկունք բազմոցի վրա: Ռոմանտիկ երգը, որի տակ Բերիմուրն ու Լիլիանը պարում էին, այժմ լսվում է հեռուստացույցից:

 

Երաժշտությունն ընդհատում է Trailburst Naggets-ի գովազդը: Բերիմուրը շշմած ու վրդովված դիտում է Nuggets-ի գովազդը:

Շերտասկյուռ: (Հեռուստացույցով): Էնդի, խնդրում եմ… ինձ էլ կտա՞ս Trailburst Nuggets:

Անդրուի ձայնը: (Հեռուստացույցով): Կներես, բայց…ո՛չ, Nuggets-ը մարդկանց համար է, և ոչ թե շերտասկյուռների: (Շերտասկյուռը սկսում է բարձրաձայն լաց լինել): Օ՜հ, շատ լավ, բայց հիշեք՝ Trailburst Nuggets-ը նախաճաշի համար համեղ հաճույք է: Այն հարմար աղանդ է ցանկացած պահի համար: (Հնչում է Trailburst Nuggets-ի զնգզնգոցը: Անդրուն անաղմուկ ներս է մտել: Նա երգում է գովազդի մեջ երգող Անդրուի, այսինքն՝ ինքն իր հետ: Անդրուն դեռ Համլետի շորերով է, բայց դրել է արևային ակնոց, և հագել Levi’s ջինսից ժակետ ու սպորտային կոշիկներ: Հենց Բերիմուրը զգում է, որ Անդրուն սենյակում է, հեռուստացույցն անջատում և ոտքի է ցատկում):  

Բերիմուր: (Անհամբեր): Այո՞:

Անդրու: (Մի քիչ հապաղելով): Այո՞:

Բերիմուր: Հաջորդող առավո՛տն է: Ուրե՞մն:

Անդրու: Ուրե՞մն:

Բերիմուր: Ասա՛, ինչպե՞ս անցավ ելույթդ: (Անդրուն կամարաձև միջանցքով դուրս է գնում, էլ ավելի հուսախաբ անելով Բերիմուրին): Սա ինչ է, մի՞թե ինձ պետք է արհամարհես: Կասկածից վեր է, թե ինչքան հրեշավոր է արարքդ՝ զրկել ինձ աշխատանքիս արդյունքից, զրկել և անգամ մի բառ չասել, նույնիսկ չոր ու ցամաք մի տեղեկություն: (Անդրուն կամարաձև միջանցքով հետ է վերադառնում, մեծ ումպերով նարնջի հյութ խմելով խավաքարտե տուփից: Նա հանել է արևային ակնոցը):

Անդրու: Ուրեմն…ուզում ես իմանա՞լ: Ինչ պատահե՞ց: Անցած գիշե՞ր:

Բերիմուր: Եթե  կկամենաս տեղյակ պահել: Եթե  չափից ավելի  չես գոռոզացել՝ հաջողությունից փքվել:

Անդրու: Ո՞վ է քեզ գրում:

Բերիմուր: Ասա՛ ինձ: Ես վաստակել եմ այդ իրավունքը:

Անդրու: (Մի փոքր հապաղելով): Նախ…դո՛ւ ինձ ասա: Այնտեղ՝ վերևում քո կատարած գործարքը…Եթե ես խաղայի Համլետ, դու կկարողանայիր հետ գնալ, ճի՞շտ է:

Բերիմուր: Ճիշտ է:

Անդրու: Եվ դրանից հետո մենք կարող ենք այլևս երբեք չհանդիպել, համաձա՞յն ես: 

Բերիմուր: Համաձայն եմ:

Անդրու: Ուրեմն ոչինչ կախված չէ ներկայացման որակից:

Բերիմուր: Ոչ, չեմ կարծում, որ կախված է: Բայց ինչու՞:

Անդրու: Որովհետև…այնքան էլ լավ չստացվեց: Իրականում՝ ես ահավոր վատ խաղացի:

Բերիմուր: (Չկամենալով նրան հավատալ): Ո՛չ:

Անդրու: Ցավում եմ: Այսինքն, ես կարողացա մինչև վերջ հասցնել, խոսքերս հիշում էի: Բայց…միայն այդքանը:

Բերիմուր: Անկարելի է: Համեստություն ես անում: Ես վստահ եմ, որ դու հիանալի ես եղել:

Անդրու: Ոչ, հավատա իմ խոսքին: Կամ հարցրու ում ուզում ես: Իհարկե, անհաջողություն չէր, սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե այդպես լիներ: Կամ, գոնե առավել հիշարժան, ինչպիսին Հինդենբուրգն էր: Կամ հոսանքը անջատվեր: Այո՛, տարիներ անց մարդիկ իրար հարց կտային՝ ու՞ր էիր դու այն օրը, երբ Անդրու Րալլին Համլետ էր խաղում: Ինն ամիս անց հարյուրավոր անսպասելի նորածիններ լույս աշխարհ կգային: Հիստերիկ ծիծաղելով:

Բերիմուր: Էժանագին վրեժխնդրություն, սա շատ էժանագին վրեժխնդրություն է իմ հանդեպ: Վստահ եմ, որ…քո խաղն ընդունելի է եղել: Առավել քան:

Անդրու: Ոչ: (Քիչ անց): Ամբողջ գիշեր ես քայլել եմ:

Բերիմուր: Ո՞րտեղ:

Անդրու: Ամենուր: Զբոսայգում: Հինգերորդ պողոտայում: Այնտեղից էլ մինչև Բաթերի զբոսայգի:

Բերիմուր: Ամբողջ գիշե՞ր: Քեզ մոտեցող, անհանգստացնող չեղա՞վ:

Անդրու: Մեկ անգամ: Երկու տղա՝ դանակով: Ես պարզապես ասացի՝ ինձ նայեք, տղաներ, ի՞նչ եք ուզում: Քսանհինգ ցե՞նտ, մանրադրա՞մ: Հետո նրանք ինձ ճանաչեցին՝ հեռուստատեսությունից: Սխալ շոու էր: Ես շարունակեցի քայլել: (Հնչում է դռան զանգը: Անդրուն գնում է պատասխանելու): Առավոտվա ժամը յոթն է: Ի՞նչ է կատարվում այստեղ: (Լսափողի մեջ): Այո՞: Իհարկե: Արի վերև: (Բերիմուրին): Գերին է:

Բերիմուր: Գերի՞ն: Մալիբուի օզոնի  ա՞մպը, մշակութային այդ խոռո՞չը: «Գիշերային Դպրոց» -ն ես անելու՞:

Անդրու: Կարծում եմ շուտով կպարզվի:

Բերիմուր: Ապրե՛ս, Անդրու: (Նա թիկնոցի տակից հանում է շամպայնի շիշը և Անդրուին կենաց առաջարկում): Սա այն գումարների համար, որ դու կարող ես վաստակել և այն ամբողջ հպարտության, որ կարող ես կո՛ւլ տալ: Սա մարտահրավերի համար է նաև ռիսկի, և (Նա ձեռքով ցույց է տալիս ինքն իրեն) ամենավատ օրինակ հանդիսացող տիպարների՛:  Անդրու՛, ինչու՞ չես ուզում ինձ միանալ, սա շատ լավ շամպայն է: Վերջին հաշվով, դու ի վիճակի ես գնել: Բախտավո՛ր շուն: (Անդրուն գնում է դեպի դուռը: Գերին ներս է մտնում: Նա սովորականի պես հագել է ամենաընտիր ամենօրյա հագուստ: Նրա ձեռքում մի խուրձ թերթ կա):

Գերի: (Անդրուին): Հե՜յ, Համլե՛տ: (Բերիմուրին): Մեծ մա՛րդ, ու՞ր էիր դու անցած գիշեր: Դու չտեսա՛ր: (Քիչ անց): Տեսեք ի՛նչ եմ բերել: Թերթերը: Չլինի՞ դուք արդեն տեսել եք:

Անդրու: Ոչ:

Գերի: Դե եկեք աչքի անցկացնենք: (Մի թերթ է բացում): Չե՞ք ուզում իմանալ:

Բերիմուր:  Ընդհանուր մի բան ունեն թերթերով ուրախ լուր բերող մարդիկ: Քողարկված պետք է լինեիր, չէ՞: (Բերիմուրը կամարակապ միջանցքով դուրս է գալիս):

Գերի: (Հաջորդաբար կարդում է գրախոսականները): Օհ-օհ…

Անդրու: Մի՛: Ինձ տո՛ւր: (Միանգամից հորինելով): «Ոչ այնքան անհետաքրքիր մի փորձ: Շատ ճանապարհ ունի անցնելու: Եթե պարոն Րալլին լրջորեն մտածում է, որ իր կարիերան բեմի վրա է լինելու…բլա, բլա, բլա…, նրա խաղընկերներն էլ՝ դերասանական ընտիր խումբ …և այլն, և այլն, թող հիշի՛, որ այն լինելու է անվճար»: 

Գերի: (Տպավորված): Վատ չէ: Դու ձեռքիցդ բաց թողեցիր «թեթև քաշային հեռուստատեսությունը», բայց դա այնքան էլ սարսափելի չէ, հը՞: Կարող էր շատ ավելի վատ լինել: Անձամբ ես, կարծում եմ, որ դու ահավոր էիր: Ինչպես որ ես սպասում էի:

Անդրու: Գերի…   

Գերի: Ես քեզ նախազգուշացրեցի: Ես ասացի՝ Էնդի, դա քո համար չէ, բայց, հե՜յ, դու սովորեցիր, չէ՞: Այդ ամբողջ ժողովրդի դիմաց: Այդքան ոտքերի քստքստոց:

Անդրու: Ես այնտեղ էի:

Գերի: Գիտեմ: Գիտեմ: Մի խոսքով, վերջապես այդ ամենն անցավ պրծավ: Հիմա վերադառնանք դեպի իրականություն: Ես ուզում էի նախքան մեկնելս քեզ տեսնել, որպեսզի հեռուստաընկերություն զանգեմ: Մենք ընդունու՞մ ենք առաջարկը: Ամեն բան պլանավորածի պե՞ս է լինելու: Սկսե՞նք ներկայացման նախապատրաստական աշխատանքները: (Նախքան Անդրուն կկարողանա խոսել): Սպասիր: Գիտեմ, որ ասելու ես՝ այո, ամեն բան պատրաստ է, բայց թույլ տուր… գնամ մասնակիցների մեջ համերաշխություն հաստատեմ: Բոլոր հարցերդ լուծեմ:

Անդրու: Գերի, վե՛րջ տուր: Ի՞նչ են ինձ առաջարկում:

Գերի: Դրամ: Հեղեղի պես վարձատրություն: Առաջին սեզոնին լինելու է քսանչորս դրվագ, որի համար երեք միլիոնը երաշխավորված է: Ճիշտ եմ ասում:

Անդրու: Երեք միլիոն դոլա՞ր: Միայ մեկ սեզոնի համա՞ր:

Գերի: Նույնիսկ եթե ձախողվի՝ մեկ տարի և վերջ, դա էլ բավարար է, որ կարողանաս շնչել, թուլանալ, հանդարտվել: Տուն: Ո՛չ՝ տներ: Ավտոմեքենաներ: Ոչ…ծնողների՛դ համար: Այն ամենի համար, որ նրանք արել են: Կամ էլ, եթե նրանց ատում ես՝ դուրս քշի նրանց…դրամը պատրաստ դրված է: Իսկ եթե շոուն մեծ հաջողություն ունենա, շատ լավ, ուրեմն դու մի քանի տարով կկապվես, բայց…այդ ամենը եռապատկիր: Քառապատկիր: Ու անդադար շարունակիր: Պատկերացրու: Մի օր կարթնանաս, և ինչ էլ պատահի՝ դու հարուստ ես: Ինչ-որ բան սխալ կլինի, ինչ-որ բան կկոտրվի, այնքան էլ վատ չի լինի, ոչինչ չի կարող երբևէ շատ վատ լինել: Ինչու՞: Որովհետև դու հարուստ կլինես: Ինչպես ասում են՝ հարուստները տարբեր են ինձնից ու քեզնից…(Փնտրելով գերադրական աստիճանը), նրանք ՀԱ՛ՐՈ՛ՒՍՏ  Ե՛ն: (Բերիմուրը հետ է գալիս և խմիչքը ձեռքին նստում է փոստակառքի վրա): Մյուս կողմից էլ, ես այստեղ քամի եմ փչում, կարող ես ձևացնել, որ խելքդ թռցրել ես, ձևացնել, որ ասելու ես՝ ո՛չ: Ձևացնել…իբր դու այստեղ խրվել մնացել ես: Թատրոնու՛մ: Ինչպես դրամաներում է լինում: Եվ մի քանի տարի անց…(Նա  մատնացույց է անում Բերիմուրին): Ահա և դու: Չեմ ցանկանում վիրավորել, բայց՝ ևս մեկ գործազուրկ դերասան: Ոչ այնքան երիտասարդ, հեռուստաընկերությանը ոչ այնքան հարմար: Գուցե դու սեղաններ սպասարկես: (Բերիմուրին): Կներես՝ մատուցո՛ղ: Շուտով դու կտեղափոխվես, քանի որ միջոցներդ չեն ների, որ այստեղ ապրես: Բայց, հե՜յ, ժամանակ առ ժամանակ մի գործ կճարես: Այստեղից այնտեղ և ոչ մի տեղ: Դա Չեխով է: Ներքնահարկն է: Հուլիս ամիսն է, և կան ծալովի աթոռներ: Ես չեմ փորձում քեզ վախեցնել: Որպես ընկեր, ես միայն իմ գործն եմ անում:

Անդրու: Երեք միլիոն դոլա՞ր:

Գերի: Գումարած բոլոր ծախսերը և քո անձնակազմը: Ծալովի աթոռներ, Է՛նդի, և դու ես դրանք ծալելու  յուրաքանչյուր շոուից հետո: Անանուն Ալկոհոլիկ աջակցող խումբը պետք է օգտվի այդ դահլիճից: Էնդի տղա, մենք  առաջարկն ընդունու՞մ ենք, թե՞ ոչ:

Անդրու: Ընդունում եմ, թե ո՞չ: Հեռուստաընկերության հետ պայմանագի՞ր…

Գերի: Ամբողջ սեզոնը…

Անրու: Երեք միլիոն դոլար…

Գերի: Առանց սեղմ գուլպաների:

Անդրու: (Դադարից հետո): Ոչ:

Գերի: Ո՞չ:

Բերիմուր: (Ցնցված): Ո՞չ:

Անդրու: Ոչ:

Գերի: Ո՞չ: Ի՞նչը ոչ՝ գումարի քանակը չի բավարարու՞մ, թե՞ ոչ՝ հեռարձակման ժամերը սրտովդ չեն:

Անդրու: Ոչ: Պարզապես՝ ոչ:

Գերի: Սպասի՛ր: Դու չես հասկանում: Լոս Անջելեսում այդպիսի բան չկա, որ «ոչ»-ը լինի՝ ոչ: Գիտե՞ս ինչ, ա՛յ, որ ասում ես՝ «այո», նշանակում է՝ իհարկե, եթե ավելի լավ առաջարկ չստանամ: Իսկ «ոչ»-ը նշանակում է՝ «այո», եթե ավելի շատ դրամ առաջարկեք:

Անդրու: Ո՛չ: Սա նյու յորքյան «ոչ» է: Եվ իրական «ոչ»: Վիրաբուժական «ոչ» է սա, վերջնական, վճռական, եզրափակիչ՝ ո՛չ:

Գերի: Օհ: Այսինքն՝ հնարավոր է:

Անդրու: Ոչ: Գերի, այս «ոչ»-ը կարող ես համեմատել այն բանի հետ, որ ասենք՝ Գերի, կցանկանա՞ս ածխածնի երկօքսիդի մասին Հանրային Հեռուստատեսության համար վավերագրական ֆիլմ պատրաստել:

Գերի: (Բերիմուրին): Խոսիր հետը: Մի բան հասկացրու:

Բերիմուր: (Առավել խնդուն): Ոչ:

Անդրու: Ո՛չ:

Գերի: Էնդի, հիմա դու այդպես ես ասում, բայց ի՞նչ ես ասելու վաղը, կամ հաջորդ օրը, երբ պարտամուրհակներդ սկսեն կուտակվել, երբ սկսես օդանավում էկոնոմ կարգ նստել:

Անդրու: Ցավում եմ:

Գերի: (Ծունկի գալով): Էնդի…գոնե իմ մասին մտածիր: Մտածիր, թե ես ինչքան գումար կարող եմ շահել այս գործարքից: Մի՛ եղիր եսասեր:

Բերիմուր: (Հիացած): Խիղճ ունեցիր…նա աղաչում է:

Գերի: (Բերիմուրին): Դու՛: Այս ամենի մեղավորը դու՛ ես: Դու՛ նրան ստիպեցիր խաղալ այդ տխմար Համլետը:

Բերիմուր: (Անմեղորեն): Ե՞ս: Ես նույնիսկ ներկա չեմ եղել ներկայացմանը: Ես տանն էի, հեռուստացույց էի դիտում: Ես ամերիկացի եմ:

Գերի: (Սաստիկ շփոթված): Հիսուս Քրիստոս, ի՞նչ է էստեղ կատարվում: Էնդի, ես ի՞նչ պատասխան պետք է տամ հեռուստաընկերությանը:

Անդրու: Նրանց ասա՝ ու՞մ է պետք Էնդի Րալլին: Նրա նմանները թափած են:

Գերի: (Հիացած): Հա՛: Լավ ասիր: Չտեսնված էր: Ես ու՞մ կարող եմ գտնել:

Անդրու: Գե՛րի:

Բերիմուր: (Գերիին): Երեք միլիոն դոլա՞ր: (Ծանր ու թեթև անելով): Իմ կարիքը կունենա՞ք: (Դրսի դռնից գլուխը ներս է խոթում Ֆելիսիան՝ ճամփորդական հագուստով, որը համապատասխան է նրա սովորական անճաշակ, պճնամոլ ոճին):

Ֆելիսիա: Գե՞ր:

Գերի: Մանկիկս, սպասիր մեքենայի մեջ:

Ֆելիսիա: Օդանավից կուշանանք:

Անդրու: Ֆելիսիա՞:

Ֆելիսիա: Բարև, քաղցր:

Գերի: Էնդի, ես մի քանի հոգու պետք է զանգեմ: Նյութական վնասը կանխելու համար:

Անդրու: Գնա խոհանոց: (Գերին դուրս է գալիս կամարակապ միջանցքով: Ֆելիսիան ամուր գրկում է Անդրուին):

Ֆելիսիա: Քաղցր, ի՞նչ կարող եմ ասել: Անցյալ օրը դու այնպես հրաշալի խաղացիր: Ուզում եմ ասել, այսինքն, իմ տեսած մասում:

Անդրու: Ո՞նց թե քո տեսած մասում:

Ֆելիսիա: Դե, ես հասցրեցի տեսնել առաջին արարը, որտեղ դու այնքան մոլորված էիր: Բայց ընդմիջման ժամանակ ծարավեցի, և Գերին լիմոյի մեջ բար ուներ…և Էնդի, կներես: Մեկը մյուսին հաջորդեց:

Անդի: Սպասի՛ր՝ դուք երկու՞սդ:

Բերիմուր: (Զվարճանալով): Կատարելությու՛ն:

Ֆելիսիա: (Ոգևորված): Հա՛: Եվ այդ բոլորը քո շնորհիվ…և Շեքսպիրի՛:

Անդրու: Ուրեմն դու միայն մեկ արար տեսա՞ր…դուք երկու՞սդ:

Ֆելիսիա: Քաղցր, կներես: Բայց ինչպե՞ս վերջացավ: Դու արդեն թագավոր ես չէ՞:

Անդրու: Ո՛չ…Ֆելիսիա, դու Գերիի հե՞տ ես գնում:

Ֆելիսիա: Հա, գնում եմ Լոս Անջելես: ( Հիացմունքով զննում է բնակարանը): Սա հոյակապ բնակարան է: Ես քեզ ասում էի: Ես միայն ափսոսում եմ, որ չկարողացանք Բերիմուրի հետ կապ հաստատել: Բայց ես մտածում էի…գիտե՞ս, միգուցե իրականում հոգիներ գոյություն չունեն: Նույնիսկ մաման, երևի այդ ամենն իմ մտքում է միայն: Ոչ մի հետմահու կյանք, ոչ մի հակառակ կողմ՝ ոչինչ: (Այս խոսքերի ընթացքում Բերիմուրը հետևի կողմից  գաղտագողի մոտենում է Ֆելիսիային և գրկում նրա գոտկատեղը: Նա այժմ շատ կրքոտ համբուրում է Ֆելիսիայի վիզը: Վերջինս միանգամայն անտեղյակ է): Բայց թե ո՞վ գիտե: (Գերին վերադառնում է կամարակապ միջանցքով):

Գերի: Մենք պետք է գնանք: Էնդի, բայց այս հարցը չի փակվել: Ես վերադառնալու եմ քո հետևից: Եվ եթե պետք լինի, ապա քեզ կկապեմ, թմրադեղ կտամ, կգցեմ վանդակի մեջ…ամեն բան կանեմ, որ դու դրամ վաստակես:  

Անդրու: Դուք ինչ-որ տեղ էիք թռնելու, չէ՞:

Ֆելիսիա: Մենք քեզ կզանգենք:

Գերի: (Ձեռքով հեռախոսի նշան է անում): Օդանավի միջից, բարեկամ: (Դռան մոտ հասնելով): Էնդի, էս թատրոնի գործը մենք միասին կհաղթահարենք: (Գերին և Ֆելիսիան դուրս են գալիս: Տանիք տանող դուռը ճռճռալով բացվում է: Դիրդրան է հայտնվում գիշերանոցով: Նրա մազերն անկանոն են ու ծաղիկներով հյուսված: Նրա աչքերը կիսաբաց են: Նա շփում է իր թևերը: Նա տնքում է, հաճույքից ընդարմացած վիճակի մեջ է: Նա չափազանց բավարարված կատվի պես հենվում և մարմնով շփվում է դռան շրջանակին): 

Անդրու: Դիրդրա՞:

Դիրդրա: Մմմմմ…

Անդրու: Դիրդրա՞:

Դիրդրա: Մմմմմ…

Անդրու: Դիրդրա, ինչպե՞ս ես, լա՞վ ես:

Դիրդրա: Մմմմմահ…

Անդրու: Դիրդրա, կներես, անցյալ գիշեր ներկայացումից հետո ես հեռացա: Հուսով եմ դու մասնակցեցիր խնջույքին: Ինչպե՞ս էր, հաճելի  ժամանակ անցկացրեցի՞ր:

Դիրդրա: Մմմ…

Անդրու: Դիրդրա, ի՞նչ է կատարվում: (Դիրդրան, ով սահելով և ճաղաշարքին հպվելով ներքև է իջնում աստիճաններից, այժմ Անդրուի գրկում է: Նա խորը հայացքով նայում է Անդրուի աչքերի մեջ և հետո հրաբուխի նման կրքոտ համբուրում նրան): 

Դիրդրա: Բարև:

Անդրու: Բարև:

Դիրդրա: Մմմմ…

Անդրու: Վե՛րջ տուր դրան:

Դիրդրա: Ինչի՞ն վերջ տամ:

Անդրու: Վե՛րջ տուր…տնքոցներիդ: Դիրդրա, դու խնջույքի գնացի՞ր:

Դիրդրա: Խնջու՞յք:

Անդրու: Այո, խնջույք, ներկայացումից հետո: Անցյալ երեկո մենք «Համլետ»  էինք խաղում, հիշու՞մ ես:

Բերիմուր: (Սկսում է աստիճաններով վերև բարձրանալ): Հավանաբար պետք է երկուսիդ մենակ թողնեմ:

Անդրու: Ո՛չ: Մնա:

Դիրդրա: Իհարկե, մնալու եմ: Օ՜, Անդրու, երեկ դու այնքան հրաշալի էիր:

Անդրու: Ոչ, ես հրաշալի չէի: Դիրդրա, ես այն չեմ…ինչ դու ուզում ես, որ լինեմ: Դու սպասում ես առասպելական մեկին, բացարձակ հերոսի, ինչպիսին Լանսելոթն է, կամ  Մարկ Անտոնիոն: Եվ դու ճիշտ ես: Երանի  ես այդքան լավը լինեի: Երանի ես քեզ համար լինեի հենց այդպիսին: Հանուն քեզ: Եվ հիմա ես շատ եմ ցավում:

Դիրդրա: (Անկեղծ զարմանքով): Անդրու, անցյալ երեկո ես նայում էի քեզ՝ բեմի վրա, և մտածում՝ նա այնքան ջանասիրաբար է աշխատել: Նա իր սիրտն ու հոգին է դրել սրա մեջ, և առնվազն, մասամբ էլ՝ ինձ համար: Բայց նրա խաղն այնքան…վատ է: Ինձ թվաց, թե ես կջախջախվեմ, բայց ինչ-որ բան կատարվեց: Ուզում եմ ասել, որ մարդիկ հազում էին, օդանավը՝ այն պարզապես մեր գլխավերևով թռավ, և հետո…այնքան մոծակներ կային:

Անդրու: Ուղիղ բերանիս մեջ էին մտնում:

Դիրդրա: Իսկ դու հա՛ շարունակում էիր: Եվ ես մտածեցի՝ ի՞նչն է մարդուն հերոս դարձնում: Հերոսը հենց նա է, ով փորձում է անել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ այն ժամանակ, երբ հաջողության հասնելն անհավանական է թվում: Ինչպես քո Համլետ խաղա՛լն է: Դու ամենախիզախ ու ամենավեհ մարդն ես, որ ինձ երբևէ հանդիպել է:

Անդրու: (Անհամբեր): Իրո՞ք:

Դիրդրա: Այո՛: Բայց հետո ես մտածեցի՝ ինչպես եմ քեզ միշտ ասել, որ համբերես, և որ ես ընդամենը նաժիշտներից մեկն եմ, և մտածեցի…ես քեզ արժանի չեմ:

Անդրու: Դիրդրա…

Դիրդրա: Ի վերջո, գիտե՞ս ինչ որոշեցի անել:

Անդրու: Խելամիտ մի բա՞ն:

Դիրդրա: (Իրոք վերապրելով այն): Ճիշտ այդպես: Ես որոշեցի խեղդե՛լ ինձ, ինչպես Օֆելյան. Կենտրոնական զբոսայգու լճի մեջ: Ինչ կատարյալ բան կլինի, չէ՞: (Նա վազում է ու կանգնում փոստակառք վրա): Ուստի ես գնացի թատրոնի հետևի կողմը, կանգնեցի մի ժայռի վրա և մազերիս մեջ վայրի ծաղիկներ հյուսեցի: Հետո երգեցի Օֆելյայի անպատշաճ  երգը…(Երգում է):

                      Հե՜յ նաննի, նաննի

                      Հե՜յ նաննի նա..նա..

                     (Անմխիթար): Բայց չկարողացա ինձ գցել: Նյարդերս տեղի տվեցին:

Անդրու: Ուրախ եմ:

Դիրդրա: Եվ այնքան հուզված էի, որ հետ եկա այստեղ ու վազեցի դեպի տանիք: (Նա արագ անցնում է բեմի երկայնքով ու աստիճաններով վազում դեպի սանդղահարթակ: Բերիմուրը նրան է սպասում: Նա կանգնած է Դիրդրայի հետևում: Դիրդրան խոսում է կարոտալից ձգտումով): Ես կանգնել էի ժայռի կատարին և հայացքս սևեռել էի լուսնին: Եվ ես նրան ասացի՝ Օ՜, պարոն Լուսին, դու այնքան մեծ ես, այնպես կլոր ու դեղին…

Անդրու: Դիրդրա…

Դիրդրա: (Չափազանց վրդովված): Գիտեմ, խնդրում եմ: Ես մտածեցի՝ Դիրդրա, բոլորն էլ ճիշտ են ասում՝ դիմի՛ր մեկին, ով քեզ կարող է օգնել: Հենց այդ պահին էր, որ ես դա զգացի:

Անդրու: Ի՞նչ զգացիր:

Դիրդրա: Մեղմ զեփյուռը պարանոցիս հետևի մասում: (Բերիմուրը շատ  քնքշորեն փչում է նրա պարանոցին): Միայն թե դա զեփյուռ չէր պարզապես, այն առավել կարծես… ձեռք լիներ: (Բերիմուրը թեթևակի շոյում է Դիրդրայի պարանոցը):

Անդրու: Ձե՞ռք:

Դիրդրա: Փաղաքշանք:

Անդրու: Ոչ: Ոչ: (Հենց Անդրուի առջևով Բերիմուրը բավական մեծ անցում է կատարում՝ աստիճանների վրայից շարժվելով դեպի փոստակառք և ամբողջ մարմնով մեկ փռվում վրան: Նա ժպտում է, և այդ ժպիտը կարծես Մոնա Լիզայի և չեսիրյան կատվի (փխրուն, անուրախ ժպիտ) ժպիտների յուրահատուկ խառնուրդը լինի):

Դիրդրա: Այո՛: Միայն այդքանն եմ հիշում, միայն թե, երբ այս առավոտ  արթնացա վերևի սենյակում, բարձիս վրա վարդ էր դրված:

Բերիմուր: Կարմիր վարդ:

Անդրու: (Դիրդրային): Կարմի՞ր վարդ:

Դիրդրա: Սիրո տենչանքի համար: Իսկ իմ «Ռոմեո և Ջուլիետ»-ի օրինակը բաց դրված էր այն էջի վրա, որտեղ Ջուլիետն այս խոսքերն է ասում.

 

                      Mybounty is as boundless as the sea,

                      My love as deep; the more I give to thee

                      The more I have, for both are infinite.

                      Առատաձեռն եմ անեզր ծովի պես,

                      Իմ սերը խորն է, որքան ես քեզ տամ

                      Այնքան շատ ունեմ, երկուսն էլ անեզր ու անսպառ են:

Եվ միայն քո մասին էի մտածում: Անդրու՛…ես արժանի եմ քեզ: (Դիրդրան թեթև քայլերով աստիճաններով դեպի տանիք է բարձրանում: Նա շրջվում է Անդրուի կողմը և հեշտասեր ու կրքոտ տոնով հրամայում): Տիրացի՛ր ինձ…հենց հիմա՛: (Դիրդրան այս պահին կարող է նաև Անդրուին մի վարդ նետել: Նա դռնով տանիք է դուրս գալիս, գլխով նշան անելով Անդրուին, որ վերջինս հետևի իրեն: Անդրուն սարսափելի կատաղած շրջվում է դեպի Բերիմուրը):

Անդրու: (Բերիմուրին): Երանի կարողանայի քեզ սպանե՛լ: Քեզ…քեզ…

Բերիմուր: Ի՞նձ: Այդ նա էր, որ ուզում էր ինքնասպան լինել: Նա կարծում էր, որ ինքը քեզ արժանի չէ:

Անդրու: Բայց դու ի՞նչ արեցիր:

Բերիմուր: Անդրու…ես ոգի՛ եմ, ուրվակա՛ն:

Անդրու: Բերիմու՛րն ես:

Բերիմուր: Ինչպե՞ս ես համարձակվում:

Անդրու: Երդվի՛ր, որ քո և Դիրդրայի մեջ ոչինչ չի եղել:

Բերիմուր: Խնդրու՛մ եմ: Ախր դու դա չես հասկանա: Դա Շեքսպիրյան մի պահ էր: Երկու լիրիկական հոգիների միջև բանաստեղծական անարատ հաղորդություն, լուսնկայի առաջնորդությամբ: (Մի փոքր անց): Ամռան կեսին ունեցած գիշերային երազ:

Անդրու: (Մի փոքր անց, կասկածամտորեն):  Շատ աղմուկ ոչնչի՞ց:

Բերիմուր: (Աստիճանաբար հանգստացնելով նրան): Այնպես, ինչպես քեզ դուր կգա:

Անդրու: Ուրեմն՝ Լավ է այն, ինչ լավ է վերջանում:

Բերիմուր: Իրոք: Սակայն ես դեռ չափազանց ապշած եմ: Երեք միլիոն դոլար: Եվ քո թանկագին Լոս Անջելեսը: Ինչու՞ չգնալ:

Անդրու: Ինչու  չգնա՞լ: Իսկ դու գիտե՞ս, թե ինչն ինձ թույլ չտվեց: Ամենամեծ խոչընդոտը՝ Համլետը:

Բերիմուր: Բայց…չէ՞ որ դու ահավոր վատ էիր: Ի՛նքդ այդպես ասացիր: Դիրդրան էլ համաձայնեց: Թերթերը՝ նույնպես…բոլորը Նյու Յորքում:

Անդրու: Գիտեմ, լսել եմ: Եվ պատճառներից մեկն էլ դա է: Անցյալ օրը, հենց սկզբից ես զգացի, որ գոռգոռում էի: Իմ ձայնն ամպագոռգոռ էր ու կեղծ, իրոք փքուն ոճ, իսկ հետո սկսեցի շտապել, հե՜յ, Դենմարկից ի՞նչ նորություն ունեք: Ես պարզապես չկարողացա դերի մեջ մտնել: Ես չկարողացա նվաճել այն: Եվ ահա, երբ ես բլբլում էի, հայացքս ընկավ մի տղայի վրա: Պատանի էր, մոտ տասնվեց տարեկան, ով նստած էր դիմացս՝ երկրորդ շարքում, և ակնհայտ էր, որ նրան ստիպելով էին բերել: Նա հորանջում էր, ճոճում էր ոտքերն ու ծրագիրն էր աչքի անցկացնում: Ես ուզում էի նրան ասել՝ հե՜յ, տղա ջան, ես քո կողմից եմ, ես նույնպես սա տանել չեմ կարող. սակայն չէի կարող դա անել: Ուստի գնալով ավելի ու ավելի վատ էի զգում՝ պարզապես խեղդվում էի: Այդ պահին մտածեցի՝ շատ լավ, իմ բոլոր հարցերի պատասխանները ստացա՝ ես Համլետ չեմ, և ոչ էլ՝ դերասան, ի՞նչ գործ ունեմ այստեղ: Հետո եկավ ամենակարևորը՝ մենախոսության պահը: Լուսարձակներն ամբողջովին իմ վրա էին, և ես այդ պահին մտածեցի՝ օ՜, տեր Հիսուս, սատանան դրա հետ, արա պրծի՛: 

                        Լինել թե չլինել, այս է խնդիրը,

                        Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,

                        Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,

                        Թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,

                        Եվ, դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:

Ես շարունակում էի և վերջապես մենախոսությունն ավարտեցի, հետո կրկին հայացքս ուղղեցի այնտեղ, որտեղ նստած էր այն տղան …նա լսում էր: Հանդիսատեսը՝ բոլորը…կատարյալ լռություն, լիովին կենտրոնացած էին: Ես  Համլետն էի: Եվ դա տևեց մոտավորապես ևս մի տասը վայրկյան, իսկ դրանից հետո ես կրկին վերադարձա  դժոխք և մնացի այնտեղ: Բայց այդ պահին, այդ մենախոսության ժամանակ՝ ես կարողացել էի դերի մեջ մտնել: Ես նվաճել էի այն: Եղա Հա՛մլետ: Ինձ  մնացել է միայն ևս   ութ հազար տող: (Նախորդող մենախոսությունը պետք է գնալով դառնա չափազանց կրքոտ: Անդրուն պետք է տեղափոխվի նախորդ երեկո՝ զբոսայգում, բեմի վրա: Կարելի է օգտագործել լուսային փոփոխություններ ու երաժշտական ակնարկներ:  Մենախոսության մեջ պետք է արտահայտվի նրա կյանքի և կարիերայի հետ կապված ողջ անբավարարվածությունը: Երբ նա հասնում է «Լինել թե չլինել» հատվածին, նա պետք է լինի Վաշինգտոնում և թատրոնի հանդիսատեսին պետք է օգտագործի որպես զբոսայգու հանդիսատես: Մենախոսությունը ասելիս պետք է երևա, որ Անդրուն իրոք օժտված է հզոր տաղանդով և մեծ հուզականությամբ: Բեմադրությունը հանգուցալուծվում է այն պահին, երբ Անդրուն ցուցաբերում է Բերիմուրից ստացած դասերը, ուստի մենախոսությունը պետք է լինի հնարավորին չափ հզոր և թատերայնորեն ազդեցիկ):

Բերիմուր: Ահա, խնդրե՛մ՝ Շեքսպիրի բերած փառքը: Համլետը քեզ վերափոխեց, շտկեց քո հունը:

Անդրու: (Անկեղծորեն): Այո: Եվ ես այս բնակարանը շատ եմ սիրում, որովհետև այն նման է բեմանկարի, որովհետև այն թատրոնն է: Եվ որովհետև ինչ որ ժամանակ դու այստեղ ես ապրել:

Բերիմուր: Իմ եղբայր Համլետ:

Անդրու: Թագավորի դերակատար: (Նրանք գրկախառնվում են): Մնա: Ինձ սովորեցրու:

Բերիմուր: Դու արդեն սովորել ես այն ամենը, ինչը կարևոր է: Դու ճաշակեցիր փառքը՝ այժմ կարող ես ձգտել հասնելու մինչև երկինք: Զարմացրու՛ բոլորին: (Շատ հանդիսավոր տոնով): Մի օր, Անդրու, ես քեզ այս բանը խոստանում եմ՝ մի օր դու խաղալու ես…թատրոնի շենքի ներսի բեմի վրա: Ես պետք է գնամ: Դու այս երեկո ներկայացում ունես: Եվ…(նա ձեռքով տանիքն է ցույց տալիս) ցերեկային ներկայացում:

Անդրու: Դու՛րս անցիր:

Բերիմուր: Գնում եմ: Բայց բաժանումից առաջ մի խնդրանք ունեմ: Ես հնարավորություն չունեցա տեսնել քո նորամուտը, սակայն պետք է տեսնեմ քո խոնարհվելը:

Անդրու: Իմ խոնարհվե՞լը: (Բերիմուրը գլխով դրական նշան է անում: Անդրուն, տարակուսած, ցուցադրում է իր խոնարհվելը, որը միանգամայն պարզ ու սովորական կռանալ է՝ գոտկատեղի մասից):

Բերիմուր: Ճիշտ այնպես, ինչպես մտածում էի:

Անդրու: Ի՞նչը:

Բերիմուր: Դա…մակերեսային էր: Խոնարհումը պետք է լինի թատրոնի մարմնացումը: (Անդրուն ձեռքի շարժումով ցույց է տալիս՝ «դե ցույց տուր ինձ»: Բերիմուրը ձևացնում է, որ չի ուզում, դիմադրում է, բայց հետո տեղի է տալիս): Օ՜…դե լավ: Սկսիր շփոթված ու ցնցված, դեռևս դրամայի ազդեցության տակ ես: (Բերիմուրը հանդիսատեսից շրջվում ու հեռանում է. Նա կարող է շրջանցել և հենվել աստիճանների բազրիքին այնպես, կարծես ծայր աստիճան ուժասպառ վիճակում է: Հետո նա շրջվում է դեպի հանդիսատեսը:  Նրա տեսքից երևում է, որ նա ամբողջովին սպառված է ու շփոթված, ասես նույնիսկ վստահ չէ, թե ինքը որտեղ է գտնվում՝ տապալված իր իսկ հանճարի կողմից: Ուշադրությամբ նայելով առաջ՝ հանդիսատեսին): Տե՛ր իմ՝ մի՞թե իրոք հանդիսատես է դա: (Բերիմուրը լսում է բուռն ծափահարություններ, մատնացույց է անում հանդիսատեսին և թվում է, թե նա ցնցված է և ապշած: Նա իր դողդողացող մատն  ուղղում է իր վրա): Ո՞վ: Ե՞ս: (Նա հանդարտ քայլերով շարժվում է դեպի բեմեզրի լույսերը, ասես հանդիսատեսն ակամա նրան ձգում է առաջ): Լույսերի մեջ…(Բերիմուրը կանգնում է, նա դեռ շփոթված է բուռն ծափահարություններից: Նա իր ձեռքերը պարզում է դեպի պարտերում նստածները, երախտագիտություն ցույց տալով նրանց՝ հավանության համար): Բոլոր իմ երեխաները…(Բերիմուրը ձեռքերը կտրուկ բարձրացնում է վերև՝ դեպի օթյակ): Եվ էժանագի՛ն տեղերում: (Նա ձեռքի շարժումով ցույց է տալիս իր երկու կողմերը՝ երախտապարտ  մյուս բոլոր դերակատարներին): Թատերախմբի անդամներին…(Նա միանգամից ձեռքերը վեր է բարձրացնում, ցույց տալով, որ թատերախմբի անդամները կարող են գնալ, և վերստին անդրադառնում է իր անձնական ընդունելությանը): Նրանց երես մի՛ տուր: Եզրափակիչը՝ Ձեր խոնարհ ծառան: (Գոտկատեղից խոնարհվում է հնարավորին չափ ցած իջնելով և չափազանց ցուցադրական, ու մնում այդ դիրքում, քանի դեռ ծափահարությունները շարունակվում են,և դեռևս կռացած վիճակում, նա ձեռքերը  վեր է բարձրացնում): Օ՜հ, դադարեցրե՛ք: (Նա ուղղվում է, կանգնում առույգ և ձեռքերը խաչաձև դնում կրծքին): Ես սիրում եմ բոլորիդ: (Նա իր աջ ձեռքով թեթև հարվածում է կրծքին՝ սրտի կողմը, հետո բռունցքը վեր է բարձրացնում և ողջունում՝ բութամատն ու ճկույթը վեր պարզելով…որը խորհրդանշում է՝ «ես ձեզ սիրում եմ» բառերը): Հատկապես խուլ մարդկանց համար: (Նա համբույր է հղում, իր երկու ձեռքերն էլ օգտագործելով): Եվ վերջ: (Նա հետ-հետ է գնում՝ ձեռքերը տարածած և գլուխը խոնարած: Նա շրջվում է դեմքով դեպի Անդրուն):

Անդրու: Virginia Smokehouse! (սա  Վերջինիայում համբուգերի ռեստորան է):

Բերիմուր: Ցորենի՛ հացով: Հիմա քո հերթն է: (Բերիմուրը Անդրուին կանգնեցնում է իր փոխարեն: Անդրուն դեռ չի հասկանում, թե ինչ է  կատարվում): Լիակատար արդյունքի հասնելու համար…(Ձեռքի շարժումով նախաբեմն է ցույց տալիս): Վարագույրը ներքև իջեցրե՛ք: (Վարագույրն իջնում է և անմիջապես կրկին բարձրանում է վեր: Անդրուն մենակ է բեմի վրա: Բերիմուրն անհետացել է: Անդրուն չորս կողմն է նայում, հուսահատ ու մոլեգին կերպով փնտրելով Բերիմուրին: Այդ փնտռտուքի ընթացքում նա նկատում է հանդիսատեսին: Նա դողացող մատն ուղղում է իր վրա…) «Ե՞ս»: Նա կրկնում է Բերիմուրի ճոխ խոնարհումի կրճատած տարբերակը, երախտագիտություն ցույց տալով պարտերում նստածներին, հետո՝ օթյակում նստածներին, ապա ներկայացնում է «խոնարհ ծառա»-ի պահը՝ կռանալն ու խուլ մարդկանց ողջունելը: Այն պահին, երբ Անդրուն ողջունում է խուլերին, լուսարձակն ուղղվում է փոստակառքի վրա և լուսավորում «Համլետ»-ի կաշվե կազմով օրինակը: Անդրուն վերցնում է այն և հայացքն ուղղում դեպի երկինք, իսկ բեմի լույսերը սկսում են թուլանալ, բացի այն լույսից, որն այժմ ուղղված է Անդրուի վրա: Անդրուն ժպտում է):

 

                                              Վարագույր                       

Share to Google Plus
Share to Odnoklassniki