Էլիֆ Շաֆաքի ցեղասպանության մասին «Ստամբուլի ընկեցիկը» թարգմանվել է հայերեն

Ամսաթիվ 2013-05-22 15:48:14

ԵՐԵՎԱՆ,ԱՐՄԵՆՊՐԵՍ

Թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի հայաստանյան շնորհանդեսը կկայանա մայիսի 30-ին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գրքի հայերեն թարգմանության հեղինակ, ամերիկահայ գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը: «Էլիֆ Շաֆաքը հայ հասարակությանը պետք է հայտնի լինի, նրա վեպը ցեղասպանության հետեւանքների մասին է: Նա շատ բարձր գեղարվեստական, ժամանակակից ոճ է օգտագործել: Սա նրա երկրորդ վեպն է, որ անգլերենով է գրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Գրականագետը նշեց, որ գրքում բավական լուրջ հարցեր է բարձրացնում եւ ընթերցողին հնարավորություն է տալիս այս հարցի շուրջ ավելի խոր մտածել, իսկ հեղինակի փիլիսոփայական մոտեցումն ավելի է բարձրացնում գրքի արժեքը:

Գրքի հրապարակումից հետո Էլիֆ Շաֆաքի դեմ քրեական գործ է հարուցվել, քանի որ գրքում նրա հերոսներից մեկը օգտագործել է Ցեղասպանություն բառը: «Իհարկե դատարանում նրան արդարացրին, քանի որ ոչ թե նա էր այդ բառն օգտագործել, այլ գեղարվեստական գրքի հերոսը»,- ասաց Մադոյան-Ալաջաջյանը:

Շաֆաքը այժմ Թուրքիայում չէ, թաքնված է, քանի որ գրքի համար թուրք ծայրահեղականներն անընդհատ հետապնդում են: «Եվ չնայած այս ամենին՝ Շաֆաքը Թուրքիայում ամենաընթերցված գրողն է»,- ասաց նա:

Գրականագետը նշեց, որ Էլիֆ Շաֆաքը հարազատ անձնավորություն է. արվեստը եւ մտավոր բարձր կարողությունները չպետք է որեւէ ազգություն ճանաչեն: «Շաֆաքի ամենամտերիմ մարդկանցից մեկն էլ Հրանտ Դինքն էր, եւ նա շատ ծանր էր տանում Դինքի մահը»,- ասաց թարգմանիչը:

Գիրքը հայերեն թարգմանվել է երկու լեզուներից: Անգլերենից թարգմանության հեղինակը Մարո Մադոյան-Ալաջաջյանն է, իսկ թուրքերենից գիրքը հայերեն է թարգմանել «Անտարես» հրատարակչությունը: «Ես ուշացումով տեղեկացա, որ «Անտարես»-ը ձեռք է բերել գիրքը թարգմանելու հեղինակային իրավունքը: Սակայն հետագայում ես նրանց հետ համաձայնության եկա թարգմանության հարցում»,- ասաց Մարո Մադոյան-Ալաջաջյանը՝ տեղեկացնելով, որ երկու թարգմանությունները միմյանցից զգալիորեն տարբերվում են:

Թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» գիրքը լույս է տեսել 2006թ: Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում եւ թարգմանվել աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

Share to Google Plus
Share to Odnoklassniki