(Armenian) Թուրքական վեպի դատաստանը

5IMYEREVAN.COM

23 Մայիս 2013, 10:04 219

Նաիր Յան

Ի դեմս Օրհամ Փամուկի, Ռաքիպ Զարաքոլուի և մի քանի այլ թուրք գրողների’ մեր բառապաշարում հայտնվել է «թուրք առաջադեմ մտավորականություն» արտահայտությունը, որ կարծես եզրույթ, անգամ հասկացություն է դարձել։ Նրանց այլախոհ մտքերը սպիտակ ագռավի կարգավիճակի են հանգեցրել։ Նույն դատաստանին է արժանացել թուրք լոնդոնաբնակ արձակագիր Էլիֆ Շաֆակը, որը հերիք չէ 2006-ին գրել է հայոց ցեղասպանության մասին «Ստամբուլի ընկեցիկը» վեպը, դեռ մի նոր գործ էլ քրդերին է նվիրել։ Այդօրինակ համարձակության համար տիկին Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել հայտնի 301 հոդվածի համաձայն’ թրքությունը վիրավորելու համար։ 2006-ից գրեթե 7 տարի է անցել։ Նա Լոնդոնի իր տանն է’ մեկուսացած, վախենում է անծանոթների հետ շփումներից, խուսափում բոլորից, չնայած նրա անմեղությունն ապացուցված է։ «Ստամբուլի ընկեցիկը» ծավալուն վեպում ոչ թե հայոց ցեղասպանության պատմությունն ու ընթացքն են ներկայացված, այլ հետևանքները։ Երկու ընտանիքներին’ թուրք ու ամերիկահայ, կապում է մի գաղտնի պատմություն։ Թուրքերը չեն ուզում հիշել իրենց անցյալը, ջնջում են այն, ասես չեն էլ ունեցել։ Իրականում խուսափում են, որ չտառապեն։ Վեպի հերոսներից մեկը’ թուրք Մուստաֆան, անընդհատ հետապնդող մեղքի զգացում ունի, չի ուզում իր հայրենի Թուրքիա գնալ, հարազատներին տեսնել, վախենում է այդ ծանր մեղքի դեմ-դիմաց կանգնել։ Շաֆակը զարգացնում ու ապացուցում է հետևյալը. Թուրքիան հեռու է դեմոկրատիայից, վախենում է սեփական ժողովրդին ասել ճշմարտությունը։ Իսկ այս վեպը գրողի ու իր ժողովրդի երկխոսությունն է։ Այսքանից հետո պարզ է, որ արձակագիրը թուրքական իշխանությունների հալածանքին էր ենթարկվելու։ «Ստամբուկի ընկեցիկը» Շաֆակը գրել է անգլերեն, գիրքն արդեն թարգմանվել է 30 լեզվով, այդ թվում’ թուրքերեն։ Թուրքիայում վեպը մեծ պահանջարկ ունի և, ընդհանրապես, Էլիֆ Շաֆակն իր հայրենիքում ամենաշատ ընթերցվող կին-գրողն է։ «Ստամբուլի ընկեցիկը» բնագրից հայերերն է թարգմանել Մարո Մադոյան-Ալաջաջյանը։ Գիրքը 2013-ի մայիսի վերջերից պատրաստվում է ներկայանալ ընթերցողին։ Թարգմանչուհին հիացած է վեպի ոչ միայն թեմայով, պատմությամբ, այլ նաև գեղարվեստական արժանիքներով։ Ասում է, որ թուրք հեղինակի հետ մտածելակերպի շատ ընդհանրություններ ունենք։ Մարո Մադոյան-Ալաջաջյանն այնքան է ոգեշնչվել գրքով ու հեղինակով, որ այցելել է թրքուհու հայրենիք’ Ստամբուլ’ սեփական աչքերով տեսնելու ու չմիջնորդավորված զգալու հեղինակի նկարագրած Թուրքիան, թուրք ժողովրդին, պատկերացում կազմելու ընդամենը 90-100 տարի առաջ ցեղասպանություն իրականացրած ու սահուն կերպով 21-րդ դար հասած թուրքերի մասին։ Թարգմանչուհին հայատյացության դրսևորումների ականատես չի եղել։ «Թուրքերի խնդիրն այսօր հայերը չեն, այլ’ քրդերը։ Հայերը խնդիր կլինեին ցեղասպանությունից անմիջապես հետո, բայց չեղան, դրան հաջորդած 70 տարիները սքողեցին պատմությունն ու մոռացության մատնեցին այն աստիճան, որ թուրքերը հայոց ցեղասպանության փաստից չեն էլ անհանգստանում ու տարված են նախ և առաջ քրդական խնդրով»,-պատմում է թարգմանչուհին։ Հ.Գ. Թուրք արձակագիր Էլիֆ Շաֆակին դատի է տվել հենց իր «Սամբուլի ընկեցիկը» վեպի հերոսներից մեկը, որն իրական կյանքում էլ գոյություն ունի։ Գրքի հերոսն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, ինչի համար էլ արձակագիրը կանգնել է դատարանի առաջ։ «Գեղարվեստական հերոսի ասածի համար իրավունք չունեք ինձ դատելու»,- արդարացել է Շաֆակը։ Հիմքեր չունենալով’ դատարանն ազատել է նրան բանտից։

Share to Google Plus
Share to Odnoklassniki