Սուն Ցզիի «Պատերազմի Արվեստը» Եվ Չինական Ստրատեգիայի Դասերը

Չինական Հեն դինաստիայի նշանավոր պատմիչներից Սիմա Թանը պատմում է, որ մեր թվարկությունից առաջ մոտավորապես հինգ հարյուր տասներկու թվականին Վու նահանգի թագավոր Հո Լուն, կարդալով «Պատերազմի Արվեստը» գիրքը, ցանկություն է հայտնում անձամբ ծանոթանալ հեղինակի՝ ռազմագետ ու գեներալ Սուն Ցզիի հետ: Չինաստանի պատմության մեջ դա մի ժամանակաշրջան էր, երբ երկրում գերիշխանություն ձեռք բերելու համար յոթ նահանգներ իրար դեմ էին պայքարում: Նույն պատմիչը վկայում է նաև, որ հենց այդ ժամանակ, երբ Հո Լուն հարձակվել է հարևան թագավորության վրա, իր ռազմական քաջությունն ապացուցած Սուն Ցզին արդեն նրա կողքին է եղել: Նշանավոր ռազմագետի հետ թագավորի բարեկամությունը սկսվել է մի հետաքրքիր  փորձությամբ:

«Ես ուշադրությամբ ընթերցել եմ քո գրքի բոլոր տասներեք գլուխները»,- ասել է թագավորը Սուն Ցզիին,-«Կարո՞ղ եմ մի փոքրիկ փորձաքննության ենթարկել զինվորներին կառավարելու վերաբերյալ քո տեսությունը»:

Սուն Ցզին պատասխանում է, -«Այո, կարող եք»:

Հո Լուն հարցնում է,-«Կարո՞ղ եմ խնդրել, որ փորձաքննությունը  կանանց հետ անցկացնես»:

Պատասխանը կրկին լինում է,-«Այո»:

Ուստի դղյակից հարյուր ութսուն կին են բերում: Սուն Ցզին նրանց երկու խմբի է բաժանում և թագավորի սիրելի երկու հարճերին ընտրում  յուրաքանչյուր խմբի ղեկավար: Հետո նրանց ասում է, որ ամեն մեկը մի նիզակ վերցնի և ավելացնում է,-«Կարծում եմ բոլորդ գիտեք ձեր առջևի ու հետևի կողմերը, գիտեք որն է ձեր աջ ձեռքը, որն է ձախ ձեռքը»:

Կանայք պատասխանում են,-«Այո, գիտենք»:

«Երբ ես ասեմ՝ «Աչքերդ դեպի առաջ», ապա պետք է նայեք ուղիղ դեպի առաջ»,-շարունակում է Սուն Ցզին,-«երբ ես ասեմ՝«Ձախ դա՛րձ», ապա դուք պետք է դեմքով  շրջվեք դեպի ձեր ձախ ձեռքի կողմը: Երբ ես ասեմ՝ «Աջ դա՛րձ», ապա դուք պետք է դեմքով շրջվեք դեպի ձեր աջ ձեռքի կողմը: Երբ ես ասեմ՝ «Հետ դա՛րձ», ապա դուք դեմքով պետք է շրջվեք դեպի ձեր հետևի կողմը»:

Հրահանգներն  ամբողջովին բացատրելուց հետո Սուն Ցզին սկսում է մարզումները: Այնուհետև թմբուկի հարվածների ուղեկցությամբ  հրաման է տալիս՝ «Աջ դա՛րձ»: Սակայն աղջիկները սկսում են ծիծաղի պոռթկումներ արձակել:

Սուն Ցզին նրանց ասում է,-«Եթե հրամանի բառերը պարզ ու հստակ չեն, եթե հրահանգները լիովին չեն հասկացվում, ապա  մեղավոր է գեներալը»:

Հետո նա կրկին սկսում է մարզումները: Այս անգամ նա հրաման է տալիս, ասելով,-«Ձախ դա՛րձ»: Աղջիկները կրկին քրքջում են: Այս անգամ Սուն Ցզին ասում է,-«Եթե  հրամանի բառերը պարզ ու հստակ չեն, եթե հրահանգները լիովին չեն հասկացվում, ապա մեղավոր է գեներալը: Իսկ եթե հրահանգները պարզ են, և զինվորներն  անհնազանդ են, ապա մեղավոր է սպայական կազմը»:

Ուստի նա հրաման է տալիս, որ երկու խմբերի ղեկավարներին էլ գլխատեն:

Թագավորը, ով բարձունքում տեղադրված տաղավարից հետևում էր մարզումներին, տեսնելով, որ իր սիրելի հարճերին ուզում են գլխատել, անմիջապես լուր է ուղարկում, ասելով,-«Այժմ մենք միանգամայն բավարարված ենք զորքը կառավարելու գեներալի  ունակությամբ: Եթե զրկվենք այս երկու հարճերից, ապա մեր միսն ու խմիչքը կկորցնեն իրենց համն ու հոտը: Մեր ցանկությունն է, որ նրանք չգլխատվեն»:

Սակայն Սուն Ցզին նրան պատասխանում է,-«Երբ ես ընդունեցի Ձերդ Մեծության կողմից ինձ հանձնված պաշտոնը՝ լինել նրա զորքերի հրամանատարը, իմ լիազորությունների սահմաններում  ի հայտ եկան Ձերդ Մեծության որոշ հրամաններ, որոնց ես անկարող եմ ենթարկվել»:

Ըստ այդմ, նա հրաման է տալիս գլխատել երկու հարճերին և նրանց փոխարեն նոր ղեկավարներ է նշանակում: Հետո կրկին  թմբուկ են խփում մարզումները սկսելու համար: Այս անգամ աղջիկները շրջվում են աջ ու ձախ, քայլում դեպի առաջ, շրջվում հետ, ծնկի իջնում, կանգնում այնպես, ինչպես իրենց հրամայվում է: Եվ այդ ամենը նրանք անում են կատարյալ ճշգրտությամբ և կարգապահությամբ, առանց փորձելու որևէ ծպտուն հանել:

Դրանից հետո Սուն Ցզին թագավորի մոտ սուրհանդակ է ուղարկում, ասելով, -«Ձերդ Մեծություն, Ձեր զինվորներն այժմ պատշաճ կերպով մարզված են ու կարգապահ, նրանք լիովին պատրաստ են Ձերդ Մեծության քննության համար: Նրանք պատրաստ են կատարել հրամանատարի ցանկացած առաջադրանք: Հրամայեք նրանց անցնել կրակների ու ջրերի միջով, և նրանք կհնազանդվեն…»:

Երբ Հո Լուն համոզվում է, որ Սուն Ցզին կարողանում է ղեկավարել բանակը, նրան, ի վերջո, դարձնում է գեներալ և իր զորքի հրամանատար: Ահա այս բանիմաց ու փորձառու գեներալն է, որ և՛ պարտության է մատնում  արևմտյան նահանգը, և՛ահ ու սարսափ տարածում  հյուսիսում, և ի վերջո, հաղթում է ֆեոդալական իշխաններին ու միավորում երկիրը:

Իր գրքի հենց առաջին գլխում Սուն Ցզին նշում է, որ պատերազմի արվեստը կենսական նշանակություն ունի երկրի համար, քանի որ այն ճանապարհ է կամ դեպի ապահովություն, կամ էլ՝ կործանում: Նա նշում է հինգ հաստատուն գործոններ, որոնք որոշիչ դեր են խաղում  ծրագրեր ու ստրատեգիա  մշակելիս: Այդ գործոններն են՝ բարոյական օրենքները, երկինքը, երկիրը, հրամանատարը, մեթոդն ու կարգապահությունը: Առաջնահերթ նա նշում է բարոյականը, քանի որ «Բարոյական Օրենքը» ժողովրդին հիմք է տալիս լիովին միաբան լինել իր ղեկավարի հետ,այնքան միաբան, որ վտանգից չվախենալով,  անգամ սեփական կյանքի գնով գնա նրա հետևից:

Պատերազմի ելքը պայմանավորված է նրանով, թե երկու կողմերից ո՞րն է առաջնորդվում բարոյական սկզբունքներով, երկու հրամանատարներից ո՞վ է առավել պատրաստված, ու՞մ են տրված երկնքի ու երկրի ընձեռած նպաստավոր պայմանները, ո՞ր կողմն է ավելի խստապահանջ, ու՞մ սպայական կազմն է ավելի լավ մարզված, ո՞վ է առավել խստորեն կիրառում  կարգապահությունը, ո՞ր բանակում են ավելի արդար ու հաստատակամ լինում պարգևատրելիս ու պատժելիս: Ի վերջո, այս ամենից է կախված հաղթանակը, կամ պարտությունը:

Սուն Ցզին պնդում է, որ այն հրամանատարը, ով կլսի իր տված խորհուրդները և ըստ այդմ էլ կգործի, կլինի հաղթող: Շատ կարևոր է, որ հրամանատարը լինի կարգապահ և հաստատուն օրենքներ կիրառի,   պարգևատրի, կամ պատժի հետևողական ու արդար սկզբունքով: Սա այն օրենքներից է, որ պետք է կիրառել նաև մյուս բոլոր բնագավառներում, անկախ նրանից սպորտի մարզիչ ես, որևէ ընկերության նախագահ, թե երկրի ղեկավար:

Սուն Ցզին իր ժամանակի լավագույն գեներալներից էր, ով տարիների ընթացքում ուսումնասիրել էր պատերազմի բոլոր գաղտնիքները, ձեռք բերելով մեծ փորձառություն և իմաստնություն: Նա   հավանաբար մասնակցել էր բազմաթիվ ճակատամարտերի, որոնց մասին այսօր դժվար է ստույգ տեղեկություններ ձեռք բերել: Նրա անունը, որպես մեծ ռազմագետի ու տեսաբանի, առաջին անգամ հիշատակել է Դաոիստ փիլիսոփա  Հուայ-նան Ցզուն, ով մահացել է մ.թ.ա. հարյուր քսաներկու թվականին: Սուն Ցզիի ապրած տարիների, անգամ նրա անձի շուրջ կան շատ տարակարծություններ, սակայն դրանք քննարկելը մեր համար այժմ այնքան էլ կարևոր խնդիր չէ: Այս դեպքում քննարկման համար շատ ավելի հետաքրքրական նյութեր է պարունակում հանճարեղ գեներալի «Պատերազմի Արվեստը» գիրքը, որով  նա անմահացել է: Գիրքը պատերազմին և ռազմական գիտությանը վերաբերող մեզ հայտնի առաջին գիտական աշխատությունն է, որը դեռևս հին դարերից եղել է ամենակարևոր ու ազդեցիկ ուղեցույցն արևելյան երկրների ռազմագետների համար, և այսօր էլ պահպանում է իր արդիականությունը:

 «Պատերազմի Արվեստը» գիրքը գրվել է ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի առաջ, երբ Չինաստանի տարբեր նահանգներում մղվում էին երկարատև քաղաքացիական պատերազմներ: Գիրքը չինացիների համար դարձել է իրենց ժողովրդի դասական արվեստի կոթողներից  մեկը: Սուն Ցզին թերևս պատերազմի մասին գրող ամենամեծ գիտակն է: Նա ապրել և աշխատել է Չինաստանի ամենահռչակավոր փիլիսոփա ու խաղաղասեր մտածող Կոնֆուցիուսի  ժամանակաշրջանում: Մեծ փիլիսոփայի, ինչպես նաև Չինաստանում ընդունված Դաոիզմի փիլիսոփայական մտածելակերպի ազդեցությունը հստակ կարելի է տեսնել Սուն Ցզիի գրքում: Կոնֆուցիուսի այն խորհուրդը, թե՝ «Երբ զայրույթը մեծանում է, մտածիր հետևանքների մասին», սկզբունք է նաև «Պատերազմի Արվեստը» գրքի համար: Ուստի, ոմանք այս գիրքը համարում են հակապատերազմական դասական գլուխգործոց:

 Սուն Ցզին պատերազմը համարում է ուժերի և միջոցների անտեղի վատնում:

«Հարյուր ճակատամարտում  հարյուր հաղթանակ տանելը վարպետության գագաթնակետ չէ,առանց կռվի թշնամուն ենթարկեցնելն է գերագույն վարպետությունը»,-ասում է Սուն Ցզին իր գրքում:

Նա գեներալներին ու թագավորներին համոզում է որքան հնարավոր է խուսափել կռվից: Ամենամեծ գեներալ համարում է նրան, ով կարող է հաղթել առանց կռվի, ցույց տալով, որ էմոցիոնալ լինելու փոխարեն պետք է փորձել կոնֆլիկտը հասկանալ, իսկ բանականությամբ առաջնորդվելով կարելի է խուսափել կոնֆլիկտից: Անհրաժեշտ է ունենալ այնքան ճիշտ և որակյալ ռազմավարություն, որ ոչ մեկը չկարողանա մրցել քեզ հետ: Իսկ եթե ունես ուժեղ հակառակորդ, ապա  պետք է օգտագործես այնպիսի հնարքներ, որ բոլոր դեպքերում էլ հաղթողը դու լինես: Հաղթանակը ձեռք է բերվում այն պահին, երբ ճիշտ ռազմավարություն է ձևավորվում: Շատ հաճախ նրանք, ովքեր առանց կռվի կարողանում են հաղթել, այնքան լավ են նախապատրաստված լինում պատերազմի և հաղթանակի համար, որ հակառակորդը պարզապես ահաբեկված անձնատուր է լինում:  Իսկ այն գեներալը, ով բավարար հմտություն չունի, որպեսզի ռազմավարական հնարքներ օգտագործելով  խուսափի կռվից, ստիպված պետք է գնա առճակատման: Ամեն դեպքում, խելացի մտածված ստրատեգիան  ամենալավ ճակատամարտից էլ գերադասելի է:   

«Պատերազմի Արվեստը»  գիտական մի աշխատություն է, որն ամբողջ մարդկության համար մշտապես կարող է ծառայել որպես ուղեցույց  բոլոր բնագավառներում: Հեղինակը գալիք սերունդներին է փոխանցում փիլիսոփայական մտածելակերպով ու տրամաբանական լուսաբանություններով  հարուստ իր գիտելիքները, սովորեցնելով, թե ինչպես կարելի է անվարան հասնել հաղթանակների: Սա է պատճառը, որ  այս գիրքը  Չինաստանում  դարձել է լավագույն ուսումնական ձեռնարկը ստրատեգիայի արվեստն ուսումնասիրողների համար: 

Հազար յոթ հարյուր ութսուներկու թվականին «Պատերազմի Արվեստը» գիրքը լույս է տեսել Փարիզում  և արժանացել Նապոլեոն Բոնապարտի ուշադրությանը: Ռազմական խոշոր տեսաբաններ՝ պրուսացի Կարլ Վոն Կլաուզենը և ֆրանսացի Անտուան Հենրի Դե Ջոմինին, ովքեր ուսումնասիրել են Բոնապարտի մեթոդները, նույնպես ընթերցել և բարձր են գնահատել «Պատերազմի Արվեստը» գիրքը: Այն ընթերցել և իրենց համար գործողությունների ուղեցույց են դարձրել Չինգիզ Խանը,անցյալ դարի երեսնական թվականների պատերազմական խոշոր տեսաբաններ Գեներալ Ջոն Ֆյուլլերը, Բ.Հ. Լիդել Հարթը, ֆելդ-մարշալ Բերնարդ Մոնտգոմերին և շատ ուրիշներ: Սուն Ցզիի գիրքը բարձր են գնահատել Իոսիֆ Ստալինը, Մաո Ցզե Դունը, Ֆիդել Կաստրոն, վետնամացի ռազմագետ Վո Նգույենը, ով Հնդկաչինում հաղթեց ֆրանսացիներին ու ամերիկացիներին: Սովետական բանակի զորավարները նույնպես օգտվել են գրքում տեղ գտած իմաստուն խորհուրդներից, ինչը և օգնել է նրանց պարտության մատնել գերմանացիներին Ստալինգրադի մոտ: Իսկ ամերիկացիները «Պատերազմի Արվեստը» գրքի տված դասերն օգտագործել են իրենց մղած բոլոր կռիվների ժամանակ՝ Կուբայում տեղի ունեցած ընդհարումներից սկսած մինչև մեր օրերը:

 «Պատերազմի Արվեստը» գիրքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ռազմագիտության բնագավառում և ոչ միայն մեկ երկրում: Այսօր շատ առաջադեմ երկրների քաղաքագետներ, դիվանագետներ, միջազգային հարաբերությունների հետ առնչվող մասնագետներ նույնպես  մեծ օգուտներ են քաղում ժամանակի շունչը չկորցրած այս հրաշալի ձեռնարկից: Գործարար աշխարհում այս գիրքն այսօր ուսուցանվում է որպես դասագիրք, և Սուն Ցզիի ռազմավարության տեսակետները կիրառվում են համաշխարհային շուկայում շահաբաժին ապահովելու համար պայքարելիս: Այս ձեռնարկը կարող է ուղեցույց լինել այսօրվա անապահով ու վտանգավոր աշխարհում ապրելու համար: Սուն Ցզին ընթերցողին է հաղորդում մի չափազանց առողջ ու իմաստուն մտածելակերպ, որն ավելի օգտակար է, քան օրենքներին տիրապետելը: Նա ստեղծում է մի հետաքրքիր պարադոքս, ասելով՝ մարզվելն անհրաժեշտ է, որպեսզի լավ գեներալներ պատրաստվեն, սակայն այն գեներալը, ով հույսը դնում է իր սովորած օրենքների վրա, գնում է դեպի պարտություն: Նա առաջնորդվում է չինական հոգեբանության և մտածելակերպի հիմքը հանդիսացող Դաոիզմի նույն հիմնավորված սկզբունքներով: Օրենքը հասկանալն  ու գիտելիքներին տիրապետելը, ըստ Դաոիզմի փիլիսոփայության այն է, որ իմանաս առանց տեսնելու, այնքան վարժ լինես սկզբունքները տիրապետելու մեջ, որ առանց որևէ ջանք թափելու կարողանաս գործն ավարտին հասցնել: Շատ կարևոր է, որ հրամանատարը տիրապետի «հավասարակշռության ու ներդաշնակության» օրենքներին: Նա պետք է կարողանա կանխատեսել այն, ինչ լինելու է, քանի որ կատարվածից հետո զգալն ու հասկանալն անօգուտ է, և դա չի կարող համարվել հասկանալու կարողություն: Ինչպես նաև պայքարելուց հետո իրագործելն  անօգուտ է, և դա  չի կարող համարվել ձեռքբերում: Եվ տեսնելուց հետո իմանալն անիմաստ է, և դա չի կարող համարվել իմաստություն: 

Այն, որ հնագույն ժողովուրդները հարուստ են պատմական անցյալով և հնարավորություն  ունեն դասեր քաղել դրանից ու հող նախապատրաստել գալիքի համար, կարծես բոլորն էլ գիտակցում են: Սակայն ոչ բոլոր ժողովուրդներն են ճիշտ դասեր քաղում իրենց անցյալից, և ոչ բոլոր ղեկավարներն են անցյալից ժառանգած  իմաստնություններն իրենց հարստությունը համարում և առաջնորդվում դրանցով: Չինացի ժողովուրդը այս հարցում իրոք օրինակելի է: Նա կարողացել է սերնդե սերունդ հմտորեն փոխանցել իր փիլիսոփաների և ռազմագետների փորձն ու գիտելիքները, ինչպես նաև կրոնական ուսմունքի ընձեռած խորը և իմաստուն գաղափարներն ու սկզբունքները,  դրանք դարձնելով  չինացի ժողովրդի ազգային ինքնության անբաժանելի մասը: Դարեր շարունակ ճանաչված շատ գիտնականներ ու մտավորականներ գիտական ուսումնասիրություններ կատարելիս իրենց սեփական մտքերը հիմնավորելու համար որպես չափանիշ են օգտագործել Դաոիզմի ակնառու գաղափարներն ու ստրատեգիային վերաբերող խոհերը: Իսկ  Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը», որը գրվել է կայսրերի ու գեներալների համար, ունի հավիտենականությանը պատկանող իմաստնություն, որը մշտապես կիրառելի է բոլոր բնագավառներում հաջողության հասնելու համար: Նրա գաղափարները մեր ժամանակներում սկսել են ընկալվել չափազանց  նորովի, ժամանակակից խնդիրների տեսանկյունից  ձեռք բերելով առավել մեծ  ընդգրկում և հասել են միջազգային ճանաչման:  

Հնագույն ժամանակներում Չինաստանի տիրակալներից մեկն իր  բժշկին հարցնում է, թե իրենց ընտանիքում, որտեղ բոլորը բժշկողներ են, ո՞ր մեկն է ավելի լավ տիրապետում այդ արվեստին: Բժիշկը, ով այնքան մեծ հեղինակություն էր վայելում Չինաստանում, որ նրա անունը երկրի բժշկական գիտությանը հոմանիշ էր դարձել, պատասխանում է՝ «իմ ավագ եղբայրը կարողանում է տեսնել հիվանդության հոգին և նախքան հիվանդության ձևավորվելը հեռացնում է այն: Ուստի նրա անունը տանից դուրս չի գալիս: Միջնեկ եղբայրս,-շարունակում է նա,-հիվանդությունը բուժում է, երբ այն չափազանց աննշան է, ուստի նրա անունը մեր հարևանության շրջանակներից դուրս չի գալիս: Իսկ ես երակներ եմ ծակում, դեղեր նշանակում, մաշկ եմ մերսում, և իմ անունը դուրս է գալիս միչև անգամ մեր երկրի սահմաններից , և տիրակալները ժամանակ առ ժամանակ լսում են իմ մասին»: 

Առաջնորդները, գեներալներն ու նախարարներն այս պատմությունից շատ բան կարող են սովորել: Երկիրը կառավարելու համար, ինչպես բժշկության մեջ, այնպես էլ ռազմական արվեստում և ընդհանրապես կյանքի ցանկացած սովորական իրավիճակներում ամենակարևոր սկզբունքը պետք է լինի հետևյալը՝ ցանկացած խնդրի լուծման համար որքան քիչ միջոցներ  անհրաժեշտ լինեն, այնքան լավ: Իսկ ռազմավարության տեսանկյունից՝ աններդաշնակ իրողության հետ առնչվելիս, խնդրի մասին շատ գիտելիք ունենալն այդ խնդրի լուծման բանալին է: Սուն Ցզիի փիլիսոփայության մեջ գիտելիքն ու ռազմավարությունն իրենց բարձրագույն ներգործությունն են ունենում, երբ հաջողվում է կոնֆլիկտն ամբողջովին վերացնել, այն դարձնել ավելորդ: Սուն Ցզին ասում է, որ առանց կռվի հակառակորդին հաղթելն ամենամեծ հմտությունն է: Զուգահեռներ անցկացնելով բժշկողների պատմության հետ, կարելի է նրա խոսքերով ասել, որ՝ «Բոլոր դժվար խնդիրները պետք է լուծվեն այն ժամանակ, երբ դա դեռ հեշտ է անել. և աշխարհում եղած ամենամեծ խնդիրները պետք է հարթվեն այն ժամանակ, երբ դրանք դեռ փոքր են: Սա է պատճառը, որ իմաստունները երբեք չեն անում այն, ինչը մեծ է, և դրա համար էլ նրանք հասնում են մեծության»: 

Լինելով հմուտ ստրատեգ, Սուն Ցզին համոզված էր, որ մանրակրկիտ պլանավորելու դեպքում հաջողության հասնելը պատահականություն չի կարող լինել: Այս դեպքում հաջողությունը գալիս է որպես ծրագրված ջանքերի արդյունք, երբ հաշվարկված են թե՛ սեփական ուժերն ու թույլ կողմերը և թե՛հակառակորդինը: Շատ կարևոր է նաև տեղանքի ու կլիմայական պայմանների բարենպաստ լինելը, որպեսզի կարողանաս առավելություն ձեռք բերել բնական մրցակցության տեսակետից: Այս բոլորի հետ մեկտեղ, եթե օգտագործես նաև համապատասխան ռազմավարություն, ապա կունենաս հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:      

Հաջողված գեներալը նա է, ով այնքան լիարժեք ու խորն է ուսումնասիրում  պատերազմի արվեստը, որ հույսն այլևս չի դնում այդ օրենքների վրա: Նա պետք է կարողանա տեսնել այն, ինչը չեն կարող տեսնել հասարակ զինվորները: Իսկ նա, ով կարողանում է տեսնել մյուսների չտեսածը՝ պայծառատես է, նա, ով կարողանում է իմանալ մյուսների չիմացածը՝ հանճար: Ամենափայլուն հանճարն առաջինն է հաղթում, քանի որ նա կարող է  պաշտպանվել այնպես, որ լինի անխոցելի, իսկ հարձակվելիս անի այնպես, որ լինի անհաղթահարելի: Ուստի, այս գիրքն ընթերցելիս մարդ զգաստանում է, ձեռք բերում մտավոր մի շատ կարևոր ունակություն՝ ուշադիր լինել պարզ ու հստակ երևույթների հանդեպ, որը և նախապայման է առողջ դատողությամբ վճռական գործողություններ ձեռնարկելու և հաջողության հասնելու համար: Իսկ վճռական գործողությունն այն է, որ հզորանաս ու կարողանաս հարմարվել ցանկացած իրավիճակին: Եթե խորը գիտելիքներ ունես հիմնական սկզբունքների մասին, ապա խռովությունը կարող ես փոխարինել կարգ ու կանոնով, վտանգը՝ ապահովությամբ, կործանումը՝ փրկությամբ և աղետը կարող ես վերածել հաջողության: Վճռական գործողությունների դիմելով, մարդ  կարող է կյանքի բոլոր բնագավառներում էլ շատ մեծ արդյունքների հասնել: Նա կարող է մարզել իր մարմինը երկարակեցության, իր մտքին հաղորդել խորհրդավոր լինելու ունակություն, խաղաղ դարձնել աշխարհը, որտեղ նա ապրում է, և ժամանակին ու փայլուն կերպով իրականացնել բոլոր առաջադրանքները:

Երբ փորձում ես որպես անհատ կյանքում կիրառել գրքից քաղած դասերը, ապա տեսնում ես, որ աշխարհը լի է հետաքրքիր հնարավորություններով: Կյանքում շատ են հանդիպում խոչընդոտներ ու վտանգներ: Եվ որպեսզի կարողանանք օգտվել այդ հնարավորություններից  և օգտագործենք մեր կարողությունները, ապա պետք է պատրաստ լինենք հաղթահարել  այն խոչընդոտները, որոնք հանդիպում են մեր առաջընթացի ճանապարհին: Իսկ հաղթահարել կարող ենք միայն այն դեպքում, երբ մշակում ենք համապատասխան ստրատեգիա, գործունեության համապատասխան ծրագիր, հաշվի առնելով ինչպես մեր, այնպես էլ հակառակորդի անհատական կարողությունները,  ուժեղ և թույլ կողմերն ու ապրած միջավայրը:   

Սուն Ցզին գրքում կարևոր բաժին է հատկացրել «լիության ու դատարկության» խնդրին, որի մեջ յուրաքանչյուր գեներալ պետք է հմտանա: Հասկանալով լիությունն ու դատարկությունը, կարող ես հասնել որոշակի հաղթանակների: Կրկին անդրադառնալով Դաոիզմին, նշենք, որ ըստ այդ փիլիսոփայության, երբ անդունդ է գոյանում վերադասի ու ստորադասի միջև, երբ գեներալներն ու սպաները միմյանցից դժգոհ են, և այդ դժգոհությունը փոխանցվում է բանակի մտածելակերպին, այդ երևույթը կոչվում է դատարկություն: Իսկ երբ քաղաքական առաջնորդները խելացի են, զինվորական ղեկավարները՝ վստահելի, երբ վերադասերն ու ստորադասերն ունեն միևնույն մտածելակերպը, կամքն ու միասին գործելու եռանդը, դա կոչվում է լիություն:

Գրքում մեծ կարևորություն է տրված ղեկավարի, առաջնորդի  հատկանիշներին, այն բանին, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդը: Առաջնորդ լինելը մտավոր կարողությունների, արժանավոր լինելու, մարդասիրության, քաջության և անկոտրում լինելու խնդիր է: Սրանք հատկանիշներ են, որոնցով պետք է օժտված լինեն ոչ միայն ռազմական ղեկավարները, այլև բոլոր նրանք, ովքեր որևէ բնագավառում պատասխանատու և ղեկավար դիրք են զբաղեցնում, առաջին հերթին հենց քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, երկրի ղեկավարը:

Սուն Ցզին վստահորեն ասում է՝ «Եթե շարքային զինվորները շատ ուժեղ են և նրանց սպաները շատ թույլ, ապա արդյունքը լինում է անհնազանդությունը: Երբ սպաները շատ ուժեղ են, իսկ շարքային զինվորները շատ թույլ, արդյունքը կործանումն է»:

Այն ղեկավարը, ով ունի համապատասխան հմտություններ, կարող է ժողովրդին լցնել եռանդով, իսկ ով հմուտ  և իրազեկ չէ, կարող է ժողովրդի ունեցած եռանդն էլ սպառել և տեղը լցնել դատարկությամբ:

Եթե ղեկավարն այնպես անի, որ բարեկեցությունը, արդարությունն ու ապահովությունը լինեն ողջ ժողովրդի համար, որ հանրային աշխատանքը բավարարի պետական կարևոր խնդիրների ու առաջադրանքների իրականացմանը, որ պետական պաշտոնների համար ընտրություն անելու երկրի որդեգրած քաղաքականությունը գոհացնի ժողովրդի մտավորական ու խելացի հատվածին, և եթե նա բավարար չափով պլանավորի և իմանա իր տրամադրության տակ եղած ուժեղ և թույլ կողմերը, ապա հաղթանակ ապահովելու համար ամուր հիմքեր կունենա:

Չափազանց ուշագրավ է այն փաստը, թե ինչպես է հաջողվում նույն տեսությունը կիրառել մերօրյա իրադրությունների համար, ժամանակակից պայմաններում, և նոր լույսի տակ տեսնել այն իմաստուն խորհուրդները, որ հազարամյակներ առաջ տրվել են հանճարեղ ռազմագետի կողմից: Այսօր այդ խորհուրդներից  չօգտվել և չփորձել այդ ամենը նորովի ընկալել, նշանակում է կրկին երկու հազար հինգ հարյուր տարով հետ գնալ և ստիպված լինել սովորել սեփական դառը փորձից:

«Պատմությունն օգտագործիր որպես հայելի», ասում է արևելյան ասացվածքը, այսինքն՝ հնուց եկած դասերը միշտ կարելի է  օգտագործել: 

Այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտ է հասկանալ և խորամուխ լինել, թե ի՞նչ մեթոդներով է առաջնորդվում չինացի ժողովուրդը, ի՞նչ ռազմավարական մտածելակերպ ունի նա, և ո՞րն է նրա հաջողության գրավականը: Հսկայական բնակչություն ունեցող այս երկիրը, որն ունի արագ զարգացող տնտեսական կարողություններ, երկրի ռազմական և արդյունաբերական ուժերն արդիականացնելու համար օգտագործում է իր անցյալից ժառանգած ողջ արժեհամակարգը՝  ծրագրված ու գիտակցված հետևողականությամբ: Ուստի բոլորին է այսօր հետաքրքրում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այն ստրատեգիան, որի փիլիսոփայությունն իր ճշմարիտ ու տրամաբանական բնույթով կիրառելի է եղել հազարամյակներ շարունակ և չի կորցրել իր արդիական շունչը: Ռազմական արվեստի հարյուրավոր չինացի մասնագետներ այսօր իրենց աշխատություններում նշում են, որ իրենց երկրի ղեկավարները պետք է հենվեն ռազմավարական այն դասերի վրա, որոնք ընձեռում է Չինաստանի պատմությունը, որպեսզի կարողանան գալիք տասնամյակների համար  սկզբունքային և ճիշտ ռազմավարություն ապահովել: Այս մասնագետներն անմիջական կապ են տեսնում այսօր գոյություն ունեցող ռազմավարական միջավայրի և Սուն Ցզիի ժամանակների միջև:       

«Պատերազմի Արվեստը»  գիրքը  Չինաստանում այժմ  նորովի է ընկալվում, նոր պայմաններին համապատասխան, երբ երկիրը փորձում է հաղթահարել քսաներորդ դարի իր բազմաթիվ հոգսերը, հարթել անախորժություններն ու շարժվել առաջ որպես գերհզոր պետություն:

Այն հանգամանքը, որ կոմունիստական հասարակարգից հրաժարվելու Չինաստանի ընտրած անցումային ուղին ամբողջովին տարբերվում է ռուսականից վկայում է սկզբունքային լուրջ տարբերությունների առկայության մասին, որոնք գոյություն ունեն երկու գերհզոր տերությունների միջև: Առաջնորդվելով ազգային ավանդույթներով ու ստրատեգիական յուրահատուկ մտածելակերպով, չինացի բիզնեսմենը կարողանում է մեծ հաջողություններ արձանագրել այսօրվա քաղաքական ու տնտեսական գլոբալ բարդ միջավայրում:

Երկու հազար տասներկու թվականի դեկտեմբերի տասներկուսի «The Washington Times» -ի առաջնորդող  «Ամերիկայի գերտերություն լինելու վերջը» և «Կառավարական հաշվետվության համաձայն ապագան հանձնվելու է Հեռավոր Արևելքին» ենթավերնագրով հոդվածում  հեղինակը մտահոգություն է հայտնում ասելով, որ ըստ կառավարական վերջին հաշվետվության տվյալների, որը վերլուծել է  հաջորդ տասնհինգից  քսան տարիների աշխարհաքաղաքական տենդենցները, ինքը եկել է այն եզրակացության, որ մինչև երկու հազար երեսուն թվականը Չինաստանը պետք է ստվերի մեջ թողնի Միացյալ Նահանգներին և դառնա աշխարհում առաջինը թե՛ իր տնտեսությամբ և թե՛ ռազմական հզորությամբ: Հոդվածագիրը լուրջ մտահոգություն է հայտնում այն մասին, որ կառավարական տվյալների համաձայն Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը շարունակում են մնալ անկումային վիճակում: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հարստությունն ու ներուժը շարունակում են հաստատուն ու հետևողական կերպով հոսել Արևմուտքից դեպի Արևելք, որի հիմնական շահողներից մեկը Չինաստանն է: Վերջինս հսկայական հավելյալ եկամուտներ է ձեռք բերում օգտագործելով ամեն տեսակ մեքենայություններ: Ջոն Մայնարդ Քեյնզի տնտեսական ծրագրով առաջնորդվող Արևմուտքի և Միացյալ Նահանգների համար դժվար է հասկանալ չինական ռազմավարական սկզբունքները, որոնք այսօր կիրառվում են ոչ միայն Չինաստանում, այլև գրեթե բոլոր զարգացող արևելյան երկրներում՝ Ճապոնիայում, Կորեայում, Սինգապուրում և այլուր:

Շարունակելով իր միտքը, «The Washington Times» -ի հոդվածագիրն  ասում է՝ «Անկումը ոչ թե ճակատագիր է, այլ ընտրություն», և հոդվածը եզրափակում է ասելով, որ Օբամայի վարչակարգը հենց այդ անկումայինն է ընտրել, և քանի դեռ այդ ընթացքը չի փոխվել, ապագան պատկանելու է Չինաստանին:

Սա շատ լուրջ խնդիր է: Եվ չի կարելի անտեսել նման սպառնալիքը: Բնականաբար աշխարհում ուժերի այսպիսի վերադասավորումից որևէ դրական արդյունք չի կարելի ակնկալել:

 Սուն Ցզիի ապրած ժամանակներում Չինաստանում ընդունված կարգ է եղել, որ երկրի ամենախելացի, իմաստուն մտածողը լինի միապետի խորհրդատուն՝ ստրատեգը: Վերջինս շատ կոնկրետ ու որոշակի դեր է ունեցել՝ ստրատեգիայի հարցում ստեղծագործ մտահղացումներ ու գաղափարներ հաղորդել երկրի թագավորին: Այս խորհրդատուներն անգամ իրենց մականունն են ունեցել՝ «Shi Ke», որ նշանակում է «ուտող հյուրեր»: Այդ մականունը տրվել է, որովհետև նրանք թագավորից պաշտոն և ապրուստի միջոց են ստացել իրենց տված դիվանագիտական և քաղաքական իմաստնության դիմաց: Իսկ Եվրոպայում ստրատեգի պաշտոնը երբևէ ընդունված երևույթ չի եղել, և չկա պատմական որևէ հիմք ենթադրելու, որ հին ժամանակներում այնտեղ ռազմավարությանը տրված լինի պատշաճ արժեք: Փոխարենը ընդունված է եղել առավել համարձակ գործողությունների դիմելը: Սա է պատճառը, որ անդրադառնալով այս խնդրին Արևմտյան շատ դիվանագետներ, գործարար և այլ բնագավառների գիտակ մասնագետներ, իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ռազմավարություն մշակելու, ինչպես նաև ստրատեգի դերն առավել կարևորելու վրա: Եթե հաշվի առնենք, թե որքան վճռորոշ է ճիշտ ռազմավարությունը մերօրյա պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունը գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որ պատերազմի դաշտ է հիշեցնում, ուրեմն բիզնեսի պարագայում նույնպես պետք է առաջնորդվենք պատերազմի ժամանակ կիրառվող օրենքներով: Իսկ երբ գտնվում ես պատերազմի դաշտում, պետք է կարողանաս  տեսնել այն ամենը, ինչով շրջապատված ես, ընդհուպ մինչև վերջին դետալը: Եթե չես պատկերացնում, թե ինչ իրավիճակում ես գտնվում քո հակառակորդի համեմատ, ապա հնարավոր է թույլ տաս շատ սխալներ, որոնք երբեմն ճակատագրական հետևանքներ կարող են ունենալ: Ինչպես գեներալներն   են նախազգուշացում պատերազմի ժամանակ, կամ  ինչպես մրցակցող կողմերն են տրամաբանում շախմատի մեջ, միշտ պետք է հիշել, որ՝«Մեկ անզգույշ քայլը կարող է պարտության պատճառ դառնալ»: Այսօր անգամ  գերհզոր տերությունները, որոնք հնարավորություն և միջոցներ ունեն  առճակատման միջոցով լուծել միմյանց միջև ծառացած բազմաթիվ հակասությունները,  փորձում են այդ նույն բանն անել օգտագործելով ռազմավարական մեթոդները, այսինքն փորձում են հարցերը լուծել առանց պատերազմի, օգտագործելով ռազմական օրենքներն  ու տեսությունները: Պետք է ասել, որ այդ օրենքները և տեսությունները անցյալի պատերազմների փորձությունների հանրագումարն են: Մեզ համար նույնպես կարևոր է օգտվել այդ հնարավորություններից: Մենք պետք է լրջորեն սովորենք այդ դասերը, քանի որ մեր նախնիները նույնպես արյուն են թափել դրանց համար, և մենք պարտավոր ենք ճիշտ օգտագործել նրանց թողած այդ ժառանգությունը, դրա հետ մեկտեղ չմոռանալով ինչպես մեր սեփական փորձը, այնպես էլ մյուս ժողովուրդներինը և, ի վերջո, ճիշտ հետևություններ անենք: Կարդալով և ուսումնասիրություններ անելով կարելի է շատ բան սովորել: Սակայն պետք է նաև կարողանալ ճիշտ օգտագործել ռազմավարական գիտելիքները: Ինչպես ասում են՝ «Պատերազմել  շատ ավելի լավ ենք սովորում, երբ պատերազմ ենք մղում»:

Պատերազմը պայքարի ամենաբարձր ձևն է: Երկրները, պետությունները, դասակարգերը, քաղաքական խմբավորումները  պայքարի մեջ մտնում են միայն նրա համար, որ հաղթեն: Որևէ մեկը չի մտածում պայքարի մեջ բարոյական հաղթանակ տանելու մասին: Պատերազմում պարտվելը պարտություն է և վերջ: Կան իհարկե օրենքներ, որոնք անտեսել չի կարելի: Հակառակորդի հետ պայքարի մեջ մտնող որևէ անհատ, խմբակցություն, կամ բիզնես կարող է ապահովել իր հաղթանակը, եթե օգտագործի  «Պատերազմի արվեստ»-ի բոլոր օրենքները: Հաղթանակն ու պարտությունը հիմնականում որոշվում են այն սկզբունքներով, որոնք երկու կողմերից յուրաքանչյուրը կիրառում է: Թշնամուն կամ հակառակորդին հաղթելու համար պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր ջանքերը նրա դիմադրողական ուժի հետ: Այստեղ է, որ ստրատեգի դերը դառնում է անփոխարինելի, քանի որ հենց նա է, որ պետք է  համապատասխան մեթոդ մշակի հակասությունները խաղաղ ճանապարհով հարթելու համար: Նաև անհրաժեշտ է, որ դպրոցներում մենք կարողանանք ուսուցանել, թե ինչպես կարելի է ստրատեգիական մտածելակերպ մշակել և յուրացնել: Այդ մտածելակերպը հնարավորություն է տալիս, որպեսզի կարողանանք հարցերին մոտենալ ստրատեգիապես և անխտիր բոլոր բնագավառներում: Դա մի վարպետություն է, որը նյութից կախված չէ, այսինքն՝ եթե հմտացել ես այդ մտածելակերպի մեջ, ապա այն կարող ես օգտագործել բոլոր բնագավառներում: Ստրատեգի խնդիրն այն է, որ կարողանա  ամբողջովին ըմբռնել իր առջև դրված նյութը:                   

Ուստի, մենք նույնպես պետք է կարևորենք Սուն Ցզիի գիրքը հասկանալը, նրա սկզբունքները յուրացնելը և դպրոցներում այն դասավանդելը, ուսուցումն առավել խորացնելով բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Պատերազմի Արվեստը» գիրքը  երիտասարդ սերնդի մոտ կարող է մարզել հարցերին խորամուխ լինելու, յուրաքանչյուր  քայլը նախօրոք պլանավորելու ունակություններ, քանի որ ռազմական հնարքներն  ու  օգտագործած միջոցները կարող են  այնպես, ինչպես  շախմատում, տրամաբանորեն կանխատեսել մրցակցի հաջորդող մի քանի քայլերն ու դրանց համապատասխան  սեփական ծրագրեր մշակել: 

Այսօրվա արագ քայլերով գլոբալ դարձող միջավայրում, հատկապես բիզնեսի բնագավառում, ռազմավարական մեթոդների ուսումնասիրությունը, մրցակցային առավելություն ձեռք բերելու հնարավորությունները պետք է քննարկվեն ամենայն լրջությամբ, ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում: Սովետական միության փլուզումից հետո, սկսած հազար ինը հարյուր ութսունինը թվականից աշխարհում տիրող է դարձել տնտեսության միջազգայնացումը: Ստեղծված իրավիճակում բիզնեսները ստիպված են դուրս գալ իրենց պետական սահմաններից և փորձել իրենց հնարավորությունները համաշխարհային շուկայում, մրցակցելով իրենց տարածաշրջանի և միջազգային բազմաթիվ բիզնեսների հետ, փորձելով իրենց արտադրանքը հանել արտաքին շուկաներ: Այսօրվա մրցակցային շուկան հնարավորություն է տալիս, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող բիզնեսները մրցակցեն միմյանց հետ: Իսկ շուկայի պահանջները շատ արագ են փոփոխվում, ստիպելով գործարարներին փոխել իրենց գործելաոճը, աշխատելով համապատասխանեցնել այդ պահանջներին: Այս՝ սահմաններ չճանաչող բիզնես միջավայրը ստիպում է, որ համաշխարհային շուկայի մրցակցության կանոններին ենթարկվեն անգամ միայն ներքին շուկայով բավարարվել ցանկացող բիզնեսները, քանի որ նրանք ստիպված պետք է մրցեն դրսից իրենց երկիր ներկրվող արտադրանքի, ինչպես նաև արտասահմանյան այն ընկերությունների հետ, որոնք ցանկանում են այդ երկրում բիզնես հիմնել: Ուստի, մրցակցությանը դիմանալու միակ ելքն այն է, որ այս ընկերությունները սկսեն քայլեր անել միջազգայնացվելու ուղղությամբ:

Առաջին հերթին անհրաժեշտ է փորձել մտքին տալ ուղղություն: Պետք է որոշել, թե ու՞ր ենք ցանկանում գնալ: Վերցրած ուղղությունը շատ կարևոր է, որպեսզի շահագրգռվածություն  առաջացնի: Նա ով չգիտի, թե ուր է գնում, բնականաբար չի շտապում: Ուստի, աշխարհում ամեն բան արվում  է այն մարդկանց  կողմից, ովքեր նպատակաուղղված են և գիտեն, թե ուր են ուզում հասնել:

Այն, թե մենք ինչպես ենք ընկալում մեր ներկան ու ապագան, կարող է մեծ ազդեցություն գործել  այսօր մեր ձեռնարկած քայլերի վրա: Նպատակաուղղված մարդիկ, ովքեր գնում են դեպի իրենց նպատակների իրականացում, շատ ավելի կայուն են ու հաստատակամ: Այսինքն, շահագրգռված լինելը հաջողությունների հասնելու գրավականն է:        

Այսօր բոլոր առաջադեմ երկրներում մեծ ուշադրություն են դարձնում հատկապես բիզնեսի մեջ ճիշտ ռազմավարական մեթոդներ կիրառելու խնդիրներին: Եվ ամեն անգամ, երբ քննարկվում է ստրատեգիայի հետ կապված որևէ խնդիր, բոլորի հայացքներն անխտիր  ուղղվում են դեպի Հեռավոր Արևելք,  բոլորը ցանկանում են  առաջին հերթին հասկանալ, թե  ինչպե՞ս է չինական միտքն աշխատում և ռազմավարական ի՞նչ մտածելակերպ ունի նա, քանի որ ժամանակակից բիզնեսի ասպարեզում  չինական այդ մտածելակերպն  ամենահաջողվածն է: Ըստ այդ մտածելակերպի որևէ գործի մեջ հաջողվելու հնարավորությունը վերապահված է միայն նրանց, ովքեր նախօրոք պատրաստվել են և սպասում են հարմար առիթին, որովհետև, երբ առիթը ներկայանում է և դու պատրաստ չես դիմելու գործնական քայլերի, ապա բաց ես թողնում քեզ ընձեռված գուցե և միակ հնարավորությունը, քանի որ այդ հնարավորությունը չի սպասելու նրանց, ովքեր անպատրաստ են: Ուրեմն, մեզ ընձեռված հնարավորություններն անժամկետ չեն: Ինչպես  յուրաքանչյուր   սպառման առարկա, դրանք ևս ունեն պիտանելիության որոշակի ժամկետ, և եթե ժամանակին չենք գործում, ապա դրանք դառնում են կորցրած հնարավորություններ: Ժամկետանց հնարավորությունները զուրկ են տնտեսական որևէ արժեքից: Հետևաբար, բիզնեսի (և  ինչու՞ միայն բիզնեսի) բնագավառում հաջողվելու համար կենսական նշանակություն ունի ճիշտ պահը որսալը: Ուստի, կարելի է ասել՝

Հաջողություն=Հնարավորություն+Նախապատրաստվածություն.

Առիթն օգտագործելը,  ճիշտ ժամանակին գործելը և վտանգավոր իրավիճակները հաղթահարելու պատրաստ լինելը շատ մեծ հնարավորություններ են ստեղծում: Դժվարություններ հաղթահարելով զարգանում են բարոյական բնավորություններ, արժանահավատ անհատներ, ինչը և հիմք է դառնում իմաստալից ու լավ փոխհարաբերություններ ստեղծելու համար:

Իսկ ի՞նչն է համարվում հաջողություն: Եթե անում ես այն, ինչ պետք է, ինչ քեզանից սպասվում է, դա դեռևս հաջողություն չէ: Հաջողությունն առավել պետք է չափել նրանով, որ անես ավելին, քան անհրաժեշտ է, որ արածիդ մակարդակը մի սանդղակով վեր բարձրացնես և սահմանես նոր չափանիշ: Իսկ դրանից հետո կրկին խախտես քո իսկ սահմանած մակարդակն ու առավել բարձր արդյունքների հասնես: Ընդ որում, այն, ինչը առաջ համարվում էր հաջողված, ապագայում նույնպես կարող է հաջողություն համարվել: Բայց խնդիրն այն է, որ օրերից մի օր, ինչ-որ մեկը անպատճառ պետք է խախտի այն և հասնի առավել բարձր ցուցանիշների: Ուստի, երբեք չպետք է բավարարվել ձեռք բերածով, այլ անհրաժեշտ է մշտապես ձգտել առավել բարձր չափանիշների:    

Ճիշտ  ռազմավարություն մշակելու համար պետք է նախ հասկանաս ինքդ քեզ, որից հետո միայն փորձես հասկանալ ուրիշներին: Պետք է նաև լավ հասկանաս այն միջավայրը, որտեղ ապրում և գործում ես: Այսօրվա պայմանները մեզ թելադրում են, որ օգտվելով բոլոր տեղեկատվական  միջոցներից, մեր ստացած տեղեկատվությունները գիտելիքի վերածենք, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանանք որսալ մեզ ընձեռված հնարավորությունները, բաց չթողնենք պատեհ առիթն ու ժամանակը, որոնք հաջողության հասնելու ամենակարևոր գրավականներն են:

Հենց այսպիսի պլանավորում է կատարվում այսօր բիզնեսի բնագավառում: Հաջողված բոլոր ընկերություններն իրենց հեռահար նպատակները կառուցում են հիմնվելով այն բոլոր միջոցների վրա, որոնք այսօրվա միջավայրում կարելի է ձեռք բերել:

Պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ  չինացի ժողովուրդն այսօր կարողանում է մեծ հաջողությունների հասնել բիզնեսի բնագավառում այն խորաթափանցության և ռազմական մտածելակերպի շնորհիվ, որին նրանք վարժված են: Եթե Եվրոպայում ռազմավարական մտածելակերպն այնպիսին է, որ կենտրոնանում է հակառակորդի հետ առճակատման գնալու, վիճելի հարցերը ուժի օգտագործմամբ  լուծելու վրա, ապա արևելյան ռազմավարությունը շեշտը դնում է ստրատեգիայի վրա, որը պլանավորում է այնպիսի գործողություններ, որոնց միջոցով հնարավոր է հաղթանակի հասնել նախքան զենքի և ուժի դիմելը՝ «հաղթանակ առանց կռվի»: Ահա սա է պատճառը, որ նրանք  միշտ կարողանում են որսալ պատեհ առիթը և իրագործել իրենց հեռահար նպատակները: «Հնարավորություն» և «Վտանգ» բառերը չինացու մտածելակերպով այսպես են մեկնաբանվում՝ յուրաքանչյուր վտանգավոր իրավիճակ ներկայանում է իր ընձեռած հնարավորություններով: Եթե ճանաչես քո միջավայրն ու միշտ լինես պատրաստ, ապա հնարավորությունը ներկայանալիս կշահես:

Սուն Ցզին ասում է, որ պատերազմի արվեստը նաև խորամանկություն անելու, նենգությամբ թշնամուն ապակողմնորոշելու արվեստ է: Այսինքն՝ պետք է աշխատես թշնամուն երբեք ցույց չտալ քո իրական դիտավորությունները: Եթե պատրաստվում ես հարձակվել արևելքից, ապա պետք է նրան համոզես, որ ցանկանում ես հարձակում գործել արևմուտքից: Այսպիսով թշնամին միշտ կլինի շփոթված, անպատրաստ վիճակում:

Այս նույն մեթոդն օգտագործում են բիզնեսի պարագայում: Երբ մի որևէ արտադրանք գնելու համար բանակցություններ են վարում, գնորդը փորձում է վաճառողից թաքցնել իր իրական նպատակը,  ցույց չտալ, թե իրեն որ ապրանքատեսակն է ամենից շատ հետաքրքրում: Ուստի նա  ապակողմնորոշում է վաճառողին և երկրորդական ապրանքատեսակի հարցում զիջումներ անելով, շատ ավելի մեծ առավելություն է ստանում իր համար առաջնային նշանակություն ունեցող ապրանքի ընտրության պարագայում:

Հին դարերում Չինաստանում ընդունված ստրատեգիաներից էր կեղծ միջոցներ օգտագործելով ստիպել թշնամուն նախապատրաստվել պատերազմի: Նրանք անդադար հարձակման կեղծ ահազանգեր էին  տալիս, որը հակառակորդին  ամբողջովին հունից հանում էր: Իսկ հաջորդ քայլը լինում էր այն, որ  անսպասելիորեն  հարձակվում էին և թշնամուն հանկարծակիի բերելով, պարտության մատնում:

Այս նույն մեթոդը բիզնեսի պարագայում օգտագործում են հետևյալ կերպ: Բանակցությունների ժամանակ ցույց չեն տալիս ոչ մի հետաքրքրվածություն: Սակայն դրանից  մի քանի օր անց  ուղարկում են շատ լավ նախապատրաստված մասնագիտական  խումբ, որն անակնկալի բերելով անպատրաստ բանակցող խմբին, գործարքն ավարտին է հասցնում իր օգտին: Այսինքն, ինչպես ռազմի դաշտում, բիզնեսում նույնպես,  պետք է կարողանաս  իրական նպատակներդ թաքցնել մինչև վերջին պահը: 

Հին ժամանակներում  չինական շատ դինաստիաներում  նկատվել են կոռումպցիայի միջադեպեր: Երևույթի դեմ պայքարելու և հանցագործին բռնելու համար  հետաքննություն կատարող անձինք   խաղաղ ու հանդարտ կիսադեմ են պահպանել: Այսպես վարվելով նրանք թույլ չեն տվել, որ  հանցագործը զգաստանա  և ոչնչացնի բոլոր ապացույցները: Չինական իմաստնությունն ասում է՝ խոտի վրա չեն թփթփացնում, որպեսզի այնտեղ թաքնված օձերը վտանգը զգալով չփախչեն:

Ուստի, հարվածը հասցնելուց առաջ գաղտնիքը պահել կարողանալը ռազմավարական կարևոր հմտություն է:

Նույնը պետք է կիրառել նաև բիզնեսում: Բիզնեսի հաջողության  համար պետք է գաղտնապահորեն  վերաբերվել բոլոր կարևոր տեղեկություններին, մինչև ժամանակի հասունանալը: Առաջին հայացքից բիզնեսի չափազանց պարզ այս օրենքն այսօր համարվում է սովորական հմտություն:    

Սուն Ցզին ասել է՝

«Օ՜վ աստվածային աննկատելիության և գաղտնապահության արվեստ, քո շնորհիվ մենք սովորում ենք անտեսանելի լինել, քո շնորհիվ անլսելի ենք լինում: Ուստի, կարող ենք մեր ձեռքերում պահել թշնամու ճակատագիրը»:     

Ռազմավարական կարևոր սկզբունքներից է նաև «հնարավորության» և «արժանահավատության» միասնական կապը, որը այսօր բիզնեսի աշխարհում հաջողվելու ամենակարևոր գրավականներից է: Կոնֆուցիուսյան արժեհամակարգին պատկանող այս սկզբունքը չինացիներն  այսօր զարգացնում են և որպես բարոյական բարձր չափանիշ կիրառում ինչպես բիզնեսի բնագավառում, այնպես էլ մնացած բոլոր փոխհարաբերությունների մեջ: Նրանց համար պատվի հարց է տված խոստումը հարգելը և այս հարցում փոխզիջումներ չեն անում, քանի որ արժանահավատ, հաստատուն ու հուսալի լինելը որևէ գործարքի հիմքն է հանդիսանում: Չինացու համար «Դեմք»-ը մի հասկացողություն է, որը նրանք շեշտադրում են յուրովի: Եթե հասարակության անդամն արժեքավոր է, ապա նա «դեմք է շահում»:  «Mianzi»-ն չինացու համար կարևորագույն դեմքի հասկացողությունն է, որը նա կարող է  ստանալ, շահել, կորցնել կամ էլ փրկել: 

Անհատական հաջողությունները բխում են մարդու իրական էությունից, որը հաստատուն արժեք է և կարող է կտրել ու անցնել լավ ժամանակների և դժվար օրերի միջով, մեծանալու և հասունանալու փուլերով: Սուն Ցզին մարդու իրական էությունը համարում է լավ հրամանատար լինելու հիմք: Իսկ մարդու էության խնդիրը միշտ էլ լինելու է կարևոր՝ անկախ նրա ապրած ժամանակաշրջանից: 

Մարդու էության խնդրի վերաբերյալ առավել հետաքրքրական մտքեր է պարունակում  Թաո Զու Գոնգի  գիրքը, որը անգլերեն լեզվով ընթերցողներին ծանոթ է «Բիզնեսի հաջողության Ոսկե Օրենքները» վերնագրով և որը նույնպես գրվել է մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում: Գրքում նշված են բիզնեսի մեջ հաջողվելու համար տասներկու հիմնական սկզբունքներ, ինչպես նաև բիզնեսի ձախողման տասներկու  հիմնական պատճառներ, որոնց միջոցով հեղինակը ցույց է տալիս ճիշտ կառավարելու արվեստը ցանկացած բիզնեսի զարգացման համար:

Թաո Զու Գոնգը առաջին հերթին կարևորում է մարդկային ֆակտորը և նշում,  որ բիզնեսին առնչվող ցանկացած խնդիր իրականում մարդկանց մասին է և նրանց է վերաբերում: Եթե կարողանաս մարդկանց հետ ճիշտ վարվել, ապա բիզնեսն ինքնըստինքյան կբարգավաճի: Մարդկանց հետ վարվելը արվեստ է, որը ձեռք է բերվում  նրանց հետ տարիների ընթացքում ունեցած փոխհարաբերությունների միջոցով: Այդ արվեստին ոչ բոլորն են կարողանում տիրապետել: Սա են որդեգրել և այսօր էլ սրանով են առաջնորդվում չինացի գործարարները: Վերջիններս որևէ մեկի հետ գործարքի մեջ մտնելիս  հատուկ նշանակություն են տալիս  նրա բնավորության էական հատկանիշներին: Նրանց ուշադրության կենտրոնում առաջին հերթին տվյալ անձին բնորոշ գծերն են՝ նրա բարոյականությունը, պատվախնդրությունը, մարդկանց հանդեպ կարեկից լինելը, բարությունը, հաստատակամությունը, համբերատարությունը, հանդուրժողականությունը և այլն:  Չինացի գործատերը կարևորագույն խնդիր է համարում իր աշխատողի բարոյական նկարագիրը, քանի որ նա վստահ է, որ անգամ հմուտ և ձեռներեց աշխատողն իր ընկերությանն ավելի մեծ վնաս կհասցնի, քան օգուտ, եթե նա բարոյապես անվստահելի է: Ուստի, պետք է առաջնորդել հետևյալ սկզբունքով՝

«Եթե ցանկանում ես բարձրորակ արտադրանք ունենալ, նախ պետք է ունենաս բարձրորակ մարդիկ»:

Չինական մտածելակերպով աշխարհում  ամեն ինչ ունի օգտակար լինելու հատկություն: Եթե կարծում ես, որ որևէ բան պիտանի չէ, ապա պատճառն այն է, որ չգիտես այն օգտագործելու ձևը: Չինական ասացվածքն ասում է՝

«Գլխարկն ու կոշիկը երկուսն էլ լավ ապրանքներ են: Բայց եթե գլխարկը ոտքիդ դնես, իսկ կոշիկը՝ գլխիդ, ապա երկուսն էլ պիտանի չեն լինի»:

Այսօր այդ նույն փիլիսոփայությունն օգտագործվում է բոլոր բնագավառներում՝ քաղաքականություն, բիզնես, բանակ…: Այս դեպքում ասվում է՝

«Ճիշտ անձին տալ համապատասխան աշխատանք»:

Եվ սա շատ է կարևորվում, քանի որ եթե ղեկավարը խելացի չէ, ապա նա չի կարող ճիշտ օգտագործել իր ձեռքի տակ եղած միջոցները, ուստի արդյունքում կստացվի, որ՝ «կոշիկը դրել է գլխին, իսկ գլխարկը՝ ոտքին»: 

Թաո Զու Գոնգի գրքից կարևոր է նաև նշել ղեկավարին, առաջնորդին, ձեռնարկատերին  վերաբերող իմաստուն խոսքերը՝

«Օձին բռնելու համար նրա գլխից պետք է բռնել»,-սա նշանակում է, որ եթե կազմակերպությունն իր առաջադրանքները վատ է կատարում, ապա նախ և առաջ պետք է սկսել այդ կազմակերպության ղեկավարից:

Այս նույն խորհուրդը տալիս է նաև Սուն Ցզին իր «Պատերազմի արվեստը» գրքում: Ուստի, այս սկզբունքը պետք է ամրագրվի և օրենքի ուժ ստանա, քանի որ ցանկացած բնագավառում էլ վատ ղեկավարը, ապաշնորհ առաջնորդն իր կայացրած սխալ որոշումներով մարդկանց և նրանց ջանքերը կուղղի դեպի սխալ նպատակներ, որը կարող է դառնալ հսկայական կորուստների պատճառ:

Իսկ Թաո Զու Գոնգի  «Բիզնեսի Ոսկե Օրենքն» ասում է՝

«Բիզնես անելիս անհրաժեշտ է լինել ջանասեր և աշխատասեր, իսկ ծուլությունը կարող է ամեն բան կործանել: Ուստի անհրաժեշտ է այնպիսի պատկերացում ստեղծել, կարծես իրավիճակը ծայր աստիճան հրատապ է»:  

Ամենաիմաստուն մարդը նա է, ով յուրաքանչյուր սկզբունք հասկանում է և կարողանում է գործնականում օգտագործել: 

Կարևոր սկզբունքներից են «հավասարակշռությունն», ու «փոխգործակցությունը»: Այս սկզբունքները պահպանելով բոլոր բնագավառներում միշտ կարելի է ապահովել շարունակելիություն՝  պահպանել եղածը, անել այնպես, որ զարգացումը տեղի ունենա առանց ընդհատումների՝ հաջորդական կարգով, որը բնական ու ներդաշնակ երևույթ է: Այսինքն, հավասարակշռությունը պահպանել ամենևին էլ չի նշանակում փոփոխություններ չունենալ: Մեր այս տեղեկատվական դարում փոփոխությունը միակ հաստատուն բանն է: Պետք է պարզապես ճիշտ հավասարակշռություն պահպանել հաջորդականության և փոփոխության միջև: Փոխել նշանակում է ունենալ անորոշություններ, ռիսկի դիմել, սակայն առանց դրանց, առանց փոփոխությունների շատ ավելի մեծ կլինեն կորուստներն ու այդ կորուստներից առաջացած ցավերը: Ուրեմն, գիտակից ու կանոնակարգված փոփոխություններ կատարելիս անհրաժեշտ է պահպանել հաջորդականությունը և ապագան ձուլել փոփոխությունը գնահատելով ոչ թե որպես վտանգ, այլ՝ հնարավորություն: Վերջին հաշվով, փոփոխությունն առաջին հերթին բնության օրենք է և նոր միայն՝ սկզբունք, որը հնարավորություն է տալիս ուժեղացնել թույլ և խոցելի օղակները:  Չինացի ժողովրդին հատուկ կարևոր առանձնահատկություններից մեկը փոփոխություններին արագ հարմարվելու նրանց հատկությունն է: Չինացիները շատ արագ են ընտելանում, հատկապես օտար երկրներում: Հին դարերում  նրանք մշակել են աշխարհի ու տիեզերքի մասին յուրահատուկ մտածելակերպ, և եկել այն համոզման, որ տիեզերքը կլոր է և դրա համար էլ աշխարհում ամեն բան տիեզերքի կենտրոնում է  գտնվում: 

Չինական հնադարյան գրականության մեջ եղած ազդեցիկ գրքերից է «I-Jing»-ը, որն ավելի շատ  հայտնի է որպես «Փոփոխությունների Գիրք», որը մարդկության էվոլուցիայի ամենաազդեցիկ ու խորհրդավոր գրքերից է: Պատմաբանների կարծիքով այս գիրքը գրվել է մեր թվարկությունից մոտ վեց հազար տարի առաջ, քանի որ այս գրքից դարեդար օգտվել են բոլոր չինացի միապետներն ու փիլիսոփաները:

   Այստեղ ասվում է, որ բնության օրենքի համաձայն փոփոխությունը շարժվում է պարուրաձև և,  ի վերջո, միշտ վերադառնում է իր նախնական դիրքին, սակայն ամեն անգամ առավել բարձր հարթության վրա: Այդպես է շարժվում նաև բիզնեսը՝ պարուրաձև: Այն կարող է պարուրաձև վեր բարձրանալ, կամ պարուրաձև իջնել ներքև: Սակայն, լինել անշարժ՝ լճացած, նույնն է, ինչ իջնել ներքև, քանի որ շուրջդ բոլորը սովորաբար վեր են բարձրանում:

 «I-Jing»-ը կամ «Փոփոխությունների գիրքը» ունի  երեք գլխավոր սկզբունք՝ պարզություն, փոփոխություն և հաստատունություն:

Պարզությունն ասում է, որ որպես կանոն աշխարհում  ամեն ինչի հիմքում ընկած ամեն բան, անկախ նրանից, թե մեր աչքին երբեմն որքան բարդ ու խրթին կարող է երևալ, իրականում  չափազանց պարզ է ու հասարակ:

Փոփոխությունն ասում է, որ աշխարհը շարունակ փոփոխվում է,  ուստի պետք է գիտակցել, որ շատ կարևոր է լինել ճկուն, մշակել  պատշաճ վարքագիծ, որպեսզի հնարավոր լինի գործել կյանքի  բազմաթիվ ու բազմազան իրավիճակների պայմաններում:

Հաստատունությունն ասում է, որ թեպետ թվում է, թե  տիեզերքում ամեն բան փոփոխվում է, սակայն այդ փոփոխվող հոսանքների մեջ գոյություն ունի հիմնական ու հաստատուն մի կանոն, կենտրոնական օրենք, որը հաստատուն է մնում և երբեք չի փոփոխվում ո՛չ ժամանակով և ո՛չ էլ տարածությամբ:

Այս սկզբունքները կարելի է կիրառել բոլոր բնագավառներում, մշտապես հիշելով, որ ստրատեգիան հաստատուն պահելով պետք է կիրառված մարտավարական  հնարքները փոփոխությունների միջոցով հարմարեցնել ստեղծված նոր իրավիճակներին: Լինի դա պատերազմի դաշտում, թե բիզնեսի մեջ, հաջողությունների հասնելը պահանջում է, որ միաժամանակ  թե՛ ծրագրեր մշակվեն, և թե՛այդ ծրագրերը մտածված ու կանոնավոր  կերպով իրականացվեն,  դրանք դնելով կոնկրետ գործողությունների մեջ:   

Խնդրի լուծման այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս ստեղծել նոր արժեքներ:

Միայն արտասովոր ջանքեր գործադրելով կարելի է ստանալ արտասովոր արդյունքներ: Սուն Ցզին ասել է՝

«Արտասովոր ուժեր օգտագործելու մեջ հմտացած հրամանատարի համար միջոցներն այնքան անսահման են, որքան երկինքն ու երկիրը, և այնքան անսպառ, որքան վարար գետերի հոսքը»:

Միացյալ Նահանգների նավատորմի հրամանատարներից Լես Լունսֆորդն ասում է՝

«Մեծ սխալ կլինի Սուն Ցզիի գիրքը կարդալ, և պարզապես լուսավորվելով  հեշտությամբ  առաջ անցնել: Լուսավորված լինելը շատ  քիչ արժեք ունի: Այն նման է առանց քամու առագաստանավ   նավարկելուն, որ պայմանավորված է աշխատանքով՝ գործողությունների դիմելով»:

Երբեմն մեզ թվում է, թե մի քիչ ավելի ժամանակի, մի քիչ ավելի շատ նյութական միջոցների և ինչ-որ մեկի աջակցության առկայության դեպքում կկարողանանք մեծ թռիչքներ գործել մեր ասպարեզում: Սակայն, մեծ թռիչքների համար «մի քիչ ավելին» չի կարող  բավարար  լինել: Այդ փոքր առաջընթացը կարող ենք ունենալ ոչ միայն մենք, այլև մեր բոլոր մրցակիցները: Եթե երկու հակադիր ուժեր միևնույն նպատակին ուղղված հավասարաչափ եռանդ են օգտագործում, ապա արդյունքը լինում է ոչ-ոքի, այսինքն նման հանգամանքներում որևէ մեկը հստակ հաղթանակ տանել չի կարող: Ուրեմն «մի փոքր ավելին» մեզ որևէ տեղ չի կարող հասցնել: Այն միայն կարող է ստեղծել տեղում դոփելու վիճակ: Եթե մենք ցանկանում ենք արձանագրել մեծ հաջողություններ և ունենալ մեծ հաղթանակներ, որևէ բնագավառում  թռիչքներ գործել, ապա պետք է ոչ միայն ավելի մեծ ջանքեր գործադրենք, այլև կատարենք ավելի խելացի քայլեր: Թռիչքները  պատահական  չեն ստացվում: Դրանք նախօրոք պլանավորված խելացի քայլերի արդյունք են, որոնք մշակվում են ճիշտ ստրատեգիայի միջոցով:

Երբ ջուրը լեռներից  հոսում է ցած՝ դեպի գետը, նա բնական ձևով անցնում է այն ճանապարհով, որտեղ ամենաքիչ դիմադրությանն է հանդիպում: Մարդիկ և կազմակերպությունները նույնպես պետք է վարվեն այդ օրենքին համապատասխան: Գործնական հաջողությունները կախված են նրանից, թե անհատը կամ կազմակերպությունն ինչպե՞ս  կկարողանան համապատասխանեցնել սեփական նպատակները համայնքի արժեքների հետ:  Ուստի, այդ նպատակներին հասնելու համար ամենահեշտ ու պարզ ճանապարհը բնականաբար այն է, որտեղ ամենաքիչ դիմադրության կհանդիպենք: Սուն Ցզին ասել է՝

«Ինչպես  ջուրն է փոխում իր ուղղությունը, այն համապատասխանեցնելով տեղանքի ուրվագծերին, այդպես էլ ռազմիկները  պետք է փոխեն իրենց մարտավարությունը, այն համապատասխանեցնելով հակառակորդի փոփոխվող իրավիճակին»:

Սուն Ցզիի խորհուրդը բիզնեսի բնագավառում կիրառելիս և բիզնեսի ստրատեգիա մշակելիս պետք է ուշադիր ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները: Իսկ երբ որոշումը կայացվում է, և սկսում ենք այն գործնականում կիրառել, ապա պետք է լիովին պատրաստ լինենք հաշվի նստել  հնարավոր բոլոր հետևանքների հետ:     

«Մի՛ վերսկսեք գրոհը նույն ուղղությամբ այն բանից հետո, երբ  մեկ անգամ արդեն ձախողվել եք»,-խորհուրդ են տալիս ռազմավարական արվեստի հմուտ մասնագետները: Նրանք սովորեցնում են այն հմտությունները, որոնց միջոցով կարող ենք  ցանկացած ասպարեզում մեր ճակատամարտերն ընկալել որպես մտավոր պայքար, որտեղ մեր գաղափարների և նորարարական հետաքրքիր մտահղացումների  համար կարող ենք ձեռք բերել մտքի բաժնեմաս: Գեներալներն ասում են, որ պատերազմում հաղթելու համար պետք է «թշնամուն տեղաշարժես  և հետո օգտվես նրա տեղաշարժվելուց »: Այդպես է նաև բիզնեսի պարագայում. ճակատամարտը շահելու համար պետք է խախտես հակառակորդի միտքը, խառնես նրա ծրագրերի շարունակական փուլը և փորձես բոլորի ուշադրությունն ուղղել քո վրա: Միշտ պետք է մտածել, թե ինչպե՞ս կարելի է խզելով ու խախտելով հակառակորդի միտքը, ներխուժել  խախտված ասպարեզ, և հենց դրանով էլ ձեռք բերել մտքի բաժնեմաս: Սուն Ցզին ասել է՝

«Այն հրամանատարը, ով նախքան պատերազմը, տաճարում հաշվարկներ անելուն  ավելի շատ ժամանակ է տրամադրում, հաղթելու ավելի մեծ հնարավորություններ կունենա»:  

Սուն Ցզին նաև ասել է՝

«Կռվի մեջ մտնելու համար օգտագործիր չափավոր ուժեր, իսկ  կռվում հաղթելու համար օգտագործիր  արտակարգ ուժեր»:

Ուղեղը պետք է վարժվի մտածել խոշոր հաղթանակներ տանելու, բարձր թռիչքներ կատարելու մասին: Երբ մեր դիմաց դնում ենք մեծ նպատակներ, ապա կենտրոնանում ենք այն ռազմավարական հնարքների վրա, որոնք կարող են օգտակար լինել իմաստալից և կարևոր հաղթանակներ տանելու համար: Այս մոտեցումով պետք է շարժվենք նաև փոքր նպատակներին հասնելու համար, քանի  որ այդ փոքր նպատակերից  լավագույնները քայլեր են դեպի առավել խոշոր նպատակներ, դեպի այն հիմնական  արդյունքները, որոնք մեզ հետաքրքրում են:

Սակայն երբեմն փոքր հաղթանակներ ձեռք բերելու համար պահանջվում են նույնքան ժամանակ ու ջանք, որքան խոշոր հաղթանակների  համար: Այդ դեպքում պետք է պլանավորել այնպես, որ փոքր խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն մեր եռանդն ու ջանքերն ուղղենք այնտեղ, որտեղ կարելի է առավել ակնառու արդյունքների հասնել: Չէ՞ որ խոշոր արդյունքների հեռանկարը մեր մեջ առաջացնում է շատ ավելի մեծ խանդավառություն, և ինչպես ասում են՝

«Միայն մեծ ճակատամարտեր մղելով են մեծ արդյունքների հասնում»: 

Գրքի տասերեքերորդ գլխում Սուն Ցզին անդրադառնում է պատերազմի ժամանակ  գաղտնի գործակալներ ունենալու կարևորությանը,  որոնց միջոցով նախապես  տեղեկություններ են ստացվում թշնամու մասին: Ըստ նրա դա է տեղեկացված միապետի և իմաստուն հրամանատարների տարած հաղթանակի գլխավոր պատճառներից մեկը: Իսկ նախապես տեղեկություններ կարելի է ձեռք բերել այն մարդկանց միջոցով, ովքեր գիտեն թշնամու դիրքերը: Բանակում ծառայողներից ոչ մեկը հրամանատարի հետ այնքան մտերիմ հարաբերություն չունի, որքան լրտեսը, ոչ մեկն այնքան առատաձեռն պարգևներ չի ստանում, որքան լրտեսը, և ոչ մեկի հետ կապված հարցերն ու գործողություններն այնքան կարևոր ու գաղտնի չեն, որքան լրտեսինը:  Սուն Ցզին շեշտում է, որ չկա որևէ ասպարեզ, որտեղ հնարավոր չլինի  օգտագործել լրտեսի ծառայությունները:  

Պետք է նշել, որ Չինաստանում լրտեսի ծառայություններից օգտվելը գալիս է դեռևս շատ հին ժամանակներից: Նույնիսկ Սուն Ցզին  այս մասին խոսում է որպես հնուց եկած ավանդույթի: Նա ասում է՝

«Միայն կրթված միապետն ու իմաստուն գեներալն է, որ կարող են ամենախելացի ու տեղեկացված մարդկանց  օգտագործել  որպես լրտես և մեծ արդյունքի հասնել: Պատերազմի ժամանակ լրտեսական գործողությունները կարևոր են,  քանի որ բանակն իր հույսն ու հավատը նրանց հետ է կապում յուրաքանչյուր քայլափոխի»:

Այսօրվա խնդիրները նույնպես մեզանից պահանջում են լինել ավելի տեղեկացված, քան մեր մրցակիցը: Կան տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ ու միջոցներ, որոնց հետևելու համար մեծ միջոցներ են պետք: Սակայն մրցակցության մեջ հաղթում է նա, ով կարողանում է ավելի շատ նախնական տեղեկություններ ձեռք բերել:

Մեկ այլ միջոց է բիզնեսում  բարեկամներ և աջակիցներ, ինչպես նաև գործակալներ ունենալը, ովքեր բնագավառին ծանոթ են և կարող են օգտակար տեղեկություններ տալ: Սուն Ցզին ասել է՝

«Նրանք, ովքեր տեղական ուղեցույցներ չունեն, չեն կարող ցամաքում առավելություններ ձեռք բերել»: Եվ Սուն Ցզին կրկին ասում է՝

«Նա, ով իմաստուն չէ, չի կարողանում լրտեսներ օգտագործել», և շարունակել է՝

«Երբ դու գիտես քեզ, բայց չգիտես քո թշնամուն, ապա քո հաղթելու և պարտվելու հնարավորությունները  հավասար են»:

Բայց ո՞վ է այսօր համարվում  «թշնամի», եթե ապրում ենք խաղաղ պայմաններում: Կա միայն մի սահմանում՝ թշնամին նա է, ով այնքան ուժ և կարողություն ունի, որ կարող է խանգարել մեր հաղթանակներին, խոչընդոտ հանդիսանալ հաղթանակների հասնելու ճանապարհին: Բիզնեսի ասպարեզում թշնամին մեր մրցակիցն է, սպորտում՝ ախոյանը: Բոլոր ասպարեզներում էլ կան թշնամիներ: Երբեմն թշնամին կարող է լինել համակարգը, և ոչ թե այդ համակարգում աշխատող մարդիկ:  

Ուրեմն շատ մեծ առավելություն կլինի այն, որ մեր հակառակորդի, կամ ախոյանի մասին կարողանանք հնարավորինս մանրամասն տեղեկություններ ստանալ: Հակառակորդի, նրա մտավոր և ֆիզիկական կարողությունների, նրա բնավորության, թույլ կողմերի մասին ունեցած տեղեկությունները  կարող ենք օգտագործել  և մեծ առավելություններ ձեռք բերել նրա հանդեպ:

Դժվար չէ նկատել, որ շատ հաճախ  այս հարցում լուրջ սխալներ են թույլ տալիս ինչպես անհատներ, այնպես էլ շատ կազմակերպություններ, փորձելով  ինչ-ինչ նպատակներ իրագործել առանց ճանաչելու իրենց հակառակորդին, կամ առանց ուսումնասիրելու մրցակցի բնավորությունը, նրա  ուժեղ և թույլ կողմերը: Սակայն ամենաանթույլատրելին պետական ու քաղաքական գործիչների սխալներն են, քանի որ  նրանց դիվանագիտական, կամ    ռազմավարական գիտելիքների պակասի պատճառով  երկիրը կարող է հասնել կործանման եզրին:  

Հնուց եկած չինական ռազմավարության կարևոր սկզբունքներից  է քաղաքական ճակատամարտերից  խուսափելը:  Դեռևս Սուն Ցզիից առաջ մեկ այլ չինացի ռազմագետ ասել է՝

«Հաղթելը հեշտ է, իսկ նրա պտուղները պահպանելը՝ դժվար: Ուստի ասողն ասել է, որ երկնքի տակ, երբ բոլորը պատերազմում են, ապա՝

Ով տանում է մեկ հաղթանակ, դառնում է կայսր,

Ով տանում է երկու հաղթանակ, դառնում է թագավոր,

Ով երեք հաղթանակ է տանում, դառնում է լորդ-պրոտեկտոր (Կրոմվելի տետղոսը),

Ով չորսն է տանում, ուժասպառ է լինում,

Ով տանում է հինգ հաղթանակ, նրան դժբախտություն է պատահում»:

Այսինքն, մեծաթիվ հաղթանակներով կայսրություն շահելը եզակի, հազվադեպ երևույթ է, մինչդեռ  մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր կայսրություն շահելու համար կործանվում են:

Ուստի հմուտ ռազմագետը զգուշացնում է, որ պետք է խուսափել  քաղաքական պայքարներ մղելուց: Եթե հարկադրված չես, ապա պետք չէ զենքի դիմել, նույնիսկ այն դեպքում, երբ ի զորու ես հաղթել բոլոր ճակատամարտերը, քանզի կա այն վտանգը, որ չափից ավելի շատ ճակատամարտեր մղելով  ձեռք կբերես էլ ավելի մեծ թվով թշնամիներ: 

Մաթեմատիկական հաշվարկներ կատարելով Սուն Ցզին վերլուծում է, թե պատերազմում հաջողվելու  ինչ հավանականություն կա: Նա ասում է՝

«Եթե թշնամու մեկ ուժի դիմաց ունես տասը, ապա նրան շրջապատիր,

Եթե թշնամուց հինգ անգամ ավելի ուժեղ ես՝ հարձակվիր նրա վրա,

Եթե թշնամուց կրկնակի անգամ ուժեղ ես՝ կռվի մեջ մտիր նրա հետ,

Եթե հավասար ուժեր ունեք, ապա փորձիր բաժանել նրան մասերի,

Եթե քանակով պակաս ես թշնամուց, ինքնապաշտպանվիր,

Իսկ եթե բոլոր կողմերից ուժերդ անհավասար են՝ խույս տուր նրանից:

Եթե թույլ զորքը պարզապես կառչում է հողին և հուսահատ պաշտպանվում, ապա նա ի վերջո գերի կընկնի ուժեղին»:

Սուն Ցզին նաև նշում է մի շարք պարզ միջոցներ, որոնք կարող են հաղթանակ ապահովել: Յուրաքանչյուր ճակատամարտից հետո, երբ վերլուծություն ես կատարում, բացահայտվում են պարտության բոլոր հիմնավոր պատճառները: Խնդիրն այն է, որ նախօրոք  չեն կատարվել խելացի և սկզբունքային ճիշտ վերլուծություններ: Սուն Ցզին շատ պարզ  ծրագիր է առաջարկում այդ վերլուծությունները նախօրոք իրականացնելու համար: Նա նշում է հինգ կարևոր օրենք, որոնց օգնությամբ կարելի է հաղթանակը կանխատեսել:

  1. Իմանալ, թե երբ պետք է կռվել և երբ չկռվել: Կարողանալ հավասարակշռություն և զսպվածություն պահպանել:
  2. Հասկանալ, թե ինչպես վարվել լավագույն ուժերի հետ և ինչպես վարվել ստորադաս, ցածրորակ ուժերի հետ:
  3. Ապահովել վստահություն. երբ բոլորի նպատակը մեկն է, բոլորը  միաբան են և հավատում են այն ամենին, ինչ անում է հրամանատարը:
  4. Նախապատրաստված լինելն ու անպատրաստ թշնամուն դարանակալած սպասելը:
  5. Ունենալ ձեռներեց հրամանատարներ, որոնց գործերին միապետը չի միջամտում:  

Սուն Ցզին ասել է՝

«Եթե վստահ չես, որ կհաջողվես, զորք մի՛ օգտագործիր,

Եթե վտանգի մեջ չես, մի՛ կռվիր»:

Ահա այս պարզ օրենքներին հետևելով կարելի է հաղթանակներ տանել կյանքի բոլոր բնագավառներում, երբևէ չշեղվելով հաջողության տանող ճանապարհից:

Իսկ ո՞րն է պարտության հիմնական պատճառը: Սուն Ցզին ասել է՝

«Պարտության ամենամեծ պատճառը հաղթանակն է»:

Որքան ավելի հաջողված ենք, այնքան ավելի հակված ենք լինում  դադարեցնել այն գործողությունները, որոնք մեզ այդ հաջողությանն  են հասցրել: Թուլացնելով մեզ և անհրաժեշտ չափով ջանք չգործադրելով, ակամայից ճանապարհ ենք հարթում հակառակորդի համար:

Հետևելով Սուն Ցզիի խորհրդին, պետք է աշխատել ցանկացած ասպարեզում  հաստատուն դարձնել ձեռք բերած նվաճումները , այսինքն հաշվարկել  անձնական կարողություններն ու միջոցները, ծրագրեր մշակել և, օգտագործելով այդ ամենը, կարողանալ հաղթահարել   դժվարություններն ու հասնել նպատակների իրականացման: 

Չինական ստրատեգիական մտածելակերպը հիմնականում գալիս է բնությունն ուսումնասիրելուց, բնությանը մոտ լինելուց, Չինաստանի գեղեցիկ տեսարաններով ու բնապատկերներով ներշնչվելուց:

Հին դարերում բազմաթիվ չինացի փիլիսոփաներ ու ռազմագետներ իրենց մտքերը զարգացրել են հենց բնության այդ գեղեցկություններից ոգեշնչվելով: Ինչպես վկայում են Չինաստանի պատմությանը վերաբերող գրքերը, հնում շատ փիլիսոփաներ ու ստրատեգներ ապրել և ստեղծագործել են սարերում մեկուսացած, որտեղ նրանց միտքը լուսավորել է բնությունն իր ողջ հարստությամբ:

Ստրատեգիայի թեմային անդրադարձած հայտնի ստեղծագործություններից  է «Վեց գաղտնի ստրատեգիաների ուսուցումը», կամ ՝«Պատերազմի վեց ստրատեգիաները» գիրքը, որը սովորեցնում է ռազմական երեսունվեց խորամանկություններ: Գրքի հեղինակը Չինաստանում շատ մեծ անուն վաստակած և լեգենդ դարձած, գերագույն ստրատեգ Ջյանգ Զիան է, ով ապրել ու գործել է  Սուն Ցզիից շատ առաջ՝ մեր թվարկությունից առաջ տասնմեկերորդ դարում: «Պատերազմի վեց ստրատեգիաները» գիրքը համարվում է չափազանց կարևոր ու փորձված իմաստությունների աղբյուր և առ այսօր շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից:       

Ջյանգ Զիան պատերազմի ստրատեգիաներ է մշակել հիմնվելով բնության օրենքներն ուսումնասիրելու և այդ օրենքներին հետևելու վրա: Նա ասում է, որ պետք է ուսումնասիրել կենդանիների վարքագիծը, և բերում է օրինակներ: Ահա դրանցից մի քանիսը.

Վագրի ստրատեգիա;  եթե հետևենք, թե ինչ ազդեցություն են ունենում վագրի վրա իր շուրջը տեղի ունեցող փոփոխությունները, ապա կտեսնենք, որ նախքան որևէ բան անելը վագրը միշտ ուսումնասիրում է իր շուրջը, այն միջավայրը, որտեղ նա գտնվում է:

Ուստի, վագրի ստրատեգիան բիզնեսում կիրառելիս  պետք է առաջին հերթին մշակել շուկան ուսումնասիրելու կարողություն, քանի որ դա բիզնեսում հաջողվելու կարևոր գրավական է:

Շան ստրատեգիա; Ջյանգ Զիան նկարագրում է այսպես՝ երբեք պետք չէ հարձակվել հակառակորդի վրա, երբ նա ինքնավստահ է, և նրա բարոյականը բարձր է: Ուսումնասիրելով և գտնելով գործելու համար ճիշտ պահը, կարելի է հաջողություն ապահովել: Շունը շատ լավ է հասկանում, թե որն է հարձակվելու  ճիշտ պահը: Շան մյուս հատկանիշն էլ նրա հավատարմությունն է: Հենց իր հավատարմության համար էլ նա մարդու լավ բարեկամն է:

Եթե բիզնեսում կազմակերպության անդամները լինեն շան պես հավատարիմ, ապա դրանից կազմակերպությունը շատ կշահի:

Ընձառյուծի ստրատեգիա; Պետք է լավ իմանաս քո ուժեղ կողմերը և հարձակվես հակառակորդի թույլ կողմերի վրա, լինելով ընձառյուծի պես արագ և հատու:

Բիզնեսում պետք է չափազանց կենտրոնացած լինել  այն ամենի վրա, ինչ ցանկանում ես անել, գործելով արագ ու նպատակաուղղված: 

Ուղտի ստրատեգիա; Միշտ անհրաժեշտ է ամռանը պաշարել ձմռան համար: Սա ուղտի վարքագծին հատուկ բնորոշ գծերից է: Ուղտը ամռանը ուտում և խմում է որքան կարող է, պաշարելով ձմեռվա համար:

Բիզնեսում ընկերությունները պետք է կարողանան հաջողության ժամանակ պահեստավորել ավելի դժվար ժամանակների համար:

Մրջյունի ստրատեգիա;  մրջյունը հայտնի է իր աշխատասեր և վճռական բնույթով: Եթե մրջյունի դիմաց անանցանելի արգելապատեր դրվեն, ապա նա չի դադարի առաջ շարժվել, կփորձի անել ամեն բան այդ արգելքները հաղթահարելու համար: Մրջյունը կշարունակի և կփորձի արգելքների վրայով անցնել այնքան, մինչև ուժասպառ լինի ու սատկի:

Բիզնեսում փիլիսոփայությունն այն է, որ հանձնվել պետք չէ, և ընկերությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի հաղթահարի իր առաջընթացի ճանապարհին հանդիպող  բոլոր արգելքները:

Արծվի ստրատեգիա; Սա երևի ամենահետաքրքիր  ստրատեգիան  է: Սովորաբար արծիվն ապրում է մոտ քառասուն տարի: Մինչ այդ տարիքին հասնելը բթանում են նրա ուժեղ ու մկանուտ ոտքերի վրայի սուր մագիլներն ու սուր կտուցը: Եթե արծիվը ոչինչ չանի, ապա նա կկորցնի  որս անելու իր ընդունակությունը և շատ շուտով կսատկի: Նրա համար կյանքի տևողությունը երկարացնելու միակ միջոցն այն է, որ մեկուսանա որևէ տեղ և նորով փոխարինի իր «հնացած» մագիլներն ու կտուցը, ժայռերին հարվածելով պոկի, հեռացնի դրանք,  որպեսզի փոխարենը նորերն աճեն: Դա սարսափելի ցավոտ է: Սակայն արծիվը ստիպված դիմանում է, քանի որ նոր մագիլներով և նոր կտուցով նա կարող է ապրել մինչև յոթանասուն տարի:

Բիզնեսում ընկերություններն էլ պետք է նույնը անեն: Շատ ցավոտ է, երբ ընկերությունը ստիպված դիմում է արմատական փոփոխությունների՝ հանուն նրա, որ բիզնեսի կյանքը երկարացնի: Արծվից  պետք է վերցնել նրա ցավին դիմագրավելու կամքը: Եվ  սա վերաբերում է ոչ միայն բիզնեսին:

Մնում է անել մի վերջին մեջբերում:

Երբ  Apple ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստիվ Ջոբսը փորձում էր համոզել Pepsico ընկերության փոխտնօրեն  Ջոն  Սկալիին, որ վերջինս ընդունի իր առաջարկը և իր ընկերությունում աշխատի, նրան ասում է՝

«Դու ցանկանում ես քո ողջ կյանքն անցկացնել քաղցրացրած ջուր վաճառելո՞վ, թե՞ ստանալ աշխարհը վերափոխելու հնարավորություն»:

Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» գիրքն ուսումնասիրելը,  չինական փիլիսոփայությանը և ստրատեգիայի կանոններին ծանոթանալը տալիս են համապատասխան գիտելիք ու միջոցներ բոլոր նրանց, ովքեր կյանքի որևէ ասպարեզում ցանկանում են վերափոխել աշխարհը:   

 

                                        Մարո Մադոյան-Ալաջաջյան

                                                  Ապրիլ 2013 թ.

                                        Սինգապուր, Ֆրիմոնտ  Կալիֆորնիա

Share to Google Plus
Share to Odnoklassniki