«Ստամբուլի ընկեցիկը» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին

1


Հուն 28, 2013  Հայելի


Հայ ընթերցասերների գրադարանն այսուհետ հարստանում է ևս մեկ՝ բարձրարժեք գրքով. ընթերցողի սեղանին է դրվել թուրք գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի հայերեն թարգմանությունը: Օրերս տեղի ունեցավ գրքի հայերեն տարբերակի քննարկումը, որին մասնակցում էին թարգմանության հեղինակ Մարո Մադոյան-Ալաջաջյանը, գրականագետներ, գրողներ, հրապարակախոսներ։ Գիրքը թարգմանվել է անգլերենից և թուրքերենից։ Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով: Դրամատիզմով լի այս վեպը հիշելու և մոռանալու մասին է, այն լարվածության մասին, որ գոյություն ունի անցյալը քննարկելու անհրաժեշտության և այն ջնջելու ցանկության միջև:

Գրքի խմբագիր Հասմիկ Ալեքսանդրյանը նշեց, որ թարգմանության վրա աշխատելիս Մարո Մադոյան-Ալաջաջյանը ԱՄՆ-ում էր, և մեծ հեռավորությունը չի խոչընդոտել, որ իր հետ ամենօրյա ջանադիր աշխատանք կատարվի, ամեն տողի ու բառի վրա լուրջ քննարկումներ ընթանան:
«Վերնագրի պարագայում մենք միանշանակ կողմ էինք «ընկեցիկ» բառին, որը ցույց է տալիս հեղինակի վերաբերմունքն իր հերոսի նկատմամբ: Մարոն այնքան էր տարված իր այդ աշխատանքով՝ գրքի թարգմանությամբ, որ մոռացել էր գիշեր, ցերեկ: Ու բնական է, որ աշխատանքն ավարտելուց հետո նրա մոտ մեծագույն ցանկություն առաջացավ լինել Ստամբուլում, այն վայրերում, որտեղ ապրել են գրքի հերոսները, իրապես զգալ այն ապրումները, որ ունեցել են նրանք»,- ասաց խմբագիրը:
Նրա գնահատմամբ՝ վեպը, որը ներկայացնում է Թուրքիայում ապրող հայ ընտանիքի հոգեբանությունը, ապրումները, հարուստ է բարձր գեղարվեստական հատկանիշներով, ինչը ևս մեծ խթան է եղել գերազանց թարգմանություն կատարելու համար:
Հրապարակախոս Կարինե Հակոբյանը պատահական չի համարում այն, որ Շաֆակի գիրքը սկզբում հրատարակվել է անգլերենով, քանի որ այն գրվել է աշխարհի համար: «Անգլերեն տարբերակի վերնագիրն է «Ստամբուլի ընկեցիկը», թուրքերենինը՝ «Հայրն ու բիճը»: Էական տարբերություն կա այս երկու վերնագրերի
միջև. Շաֆակը վախեցել է թուրքերեն տարբերակի վերնագիրը դնել «Ստամբուլի բիճը», քանի որ դրանից հետո նա կհայտնվեր ճաղերի հետևում: Անգլերենով Շաֆակը գրել է այն, ինչ ցանկացել է ասել, որը չէր կարող ասել թուրքերենով: Գրքում կան հատվածներ, որտեղ Շաֆակը որոշակիորեն շեղվում է՝ ասելով, որ հայ ժողովուրդը պետք է մոռանա իր ցավի մասին: Սա զուտ հրապարակախոսություն է, որը շատ թույլ է, որպեսզի ազդի գրքի հիմնական բովանդակության վրա, որն արտահայտվում է սյուժեով»,- ընդգծեց նա: Հակոբյանը նկատեց, որ Շաֆակի վեպը շատ խորհրդանշական է, որտեղ բոլոր կերպարները հավաքական են:
Գրականագետ Արտո Առաքելյանը եւս հիացմունքով արտահայտվեց գրքի մասին՝ նկատելով, որ այն մտավորական մի ամբողջ շարժման արգասիք է: Առաքելյանը գրքում թաքնված մի շերտ է բացահայտում. «Մենք տարիներ շարունակ գնացել ենք մի ճանապարհով, որը եղել է ատելություն թուրքի նկատմամբ, և արդյունքը ոչինչ է, մինչդեռ որպես նոր ժամանակների ծնունդ՝ հեղինակը որոնում է արդարությունը, որին մենք մի օր հասնելու ենք»:
«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Շուշան Արզաքանյանը նշեց, որ Մարո Մադոյան-Ալաջաջյանի թարգմանությունները շատ հետաքրքիր են, յուրահատուկ: Ինքը՝ թարգմանության հեղինակ Մարո Մադոյանը գիրքը համարեց յուրատեսակ նվիրատվություն իր կողմից: «Ես ապրում եմ Ամերիկայում, և ամերիկացի ընթերցողը կարդում է ժամանակակից գրականություն: Ինձ համար շատ կարևոր է, որ, թեմայից զատ, գիրքը գրված է բարձր գեղարվեստական արժեքներով, ունի շատ բարձր գեղարվեստականություն»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ցանկությունն էր, որ Հայոց ցեղասպանության մասին գրված գիրքը լինի համարժեք, օրինակ՝ հրեաների հոլոքոստի մասին գրվածներին: Նա համոզված է՝ ժամանակն է, որ մեր մտածելակերպը մի փոքր փոխենք: Նա կարևորեց հայ ընթերցողի սեղանին այս գրքի առկայությունը, ցանկացավ, որ հատկապես հայաստանցի ընթերցողն այն ճիշտ ընկալի, քանի որ սա մտածելակերպ ձևավորող գիրք է: «Գիրքը հայերին հուշում է, որ ապրեն ոչ միայն անցյալի հիողություններով, այլև փորձեն նոր հարաբերություններ ձևավորել, նոր ճանապարհներ փնտրել իրենց անմիջական հարևանների հետ, ավելի ժամանակակից մտածելակերպ որդեգրեն՝ հասնելու իրենց արդար պահանջներին»,- կարևորեց Մարո Մադոյան-Ալաջաջյանը:

 

Share to Google Plus
Share to Odnoklassniki