Հայկական բեմի նոր «Քաջ Նազարը» բացահայտվեց

17

Տեղադրվել է 27-11-2013

 Դուք մինչեւ այժմ ճանաչե՞լ եք վախկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, սակայն բախտի բերմամբ թագավոր դարձած Քաջ Նազարին, ով ծիծաղելի թվացող երազանքներ ուներ: Եթե այդպես է, ուրեմն Նազարին լավ չեք ճանաչել:

Իսկ դուք գիտեի՞ք, որ Նազարը նաեւ նկարիչ է եղել, գիշերները պառկած երազել է ոչ թե «քարվան կտրելու», այլ իր կտավներով աշխարհը փոխելու մասին:

Այո՛, Նազարը երազող է եղել եւ ցանկացել է լավ գործերով փոխել ոչ միայն իր գյուղը, երկիրը, այլեւ ամբողջ աշխարհը:

Նազարին ոչինչ չէր պակասում, նա կհասներ իր երազանքին, եթե կինը, ում շատ էր սիրում, իրեն հավատար…

Բայց… կինը, ում մեջ ներքին խռովքն արդեն բույն էր դրել, ում ներաշխարհում պայքարում էին սատանան ու հրեշտակը, չլսեց ներքին ձայնին, չհավատաց, որ հարեւանների կողմից այդքան շատ փնովվող ամուսինը կարող է լավ մարդ լինել, լավ նկարիչ… Նենգաբար վաճառեց Նազարի կտավները, հոգեպես սպանեց երազող Նազարին…

Նազարն էլ մեկնեց ռազմաճակատ եւ այլեւս չվերադարձավ…

Ինչ է` զարմացա՞ք, այո՛, փոխվել են ժամանակները, փոխվել են «նազարյան» ընկալումները…

Հայկական բեմի նոր «Քաջ Նազարը» այսօր Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացավ հայ հանդիսատեսին «Քաջ Նազարի թոռները» պիեսի հիման վրա բեմադրված «Ե՞րբ» տրագիկոմեդիայում:

Թե ինչու Նազարը լիովին կերպարանափոխված պատկերով ներկայացավ, պատմում է «Քաջ Նազարը» ներկայացման ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը. «Քաջ Նազարի նորացված կերպարը կերտելով` մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչ թե Նազարն այն մարդն էր, որ բախտի բերումով միանգամից դարձավ թագավոր, այլ նա նաեւ երազող կերպար էր… Ուզում ենք հասարակության մեջ «Քաջ Նազարի» ընկալման կարծրատիպը կոտրել. այն, որ Նազարը վախկոտ է, մենք հեքիաթ ենք խաղում: Ներկա պահին մենք Նազարի վիճակի մեջ ենք, Նազարը մենք ենք… երազում ենք, բայց մեր երազանքը չի կատարվում, որովհետեւ մեր կողքին կան Ուստիանի նման կանայք, մեր նման հասարակություն, որ ամեն րոպե գլխներիս խփում են: Մենք չգիտենք ժպիտով միմյանց հետ շփվել, մենք վիրավորում ենք միմյանց, մենք երազանքներ ենք կոտրում` նույնիսկ չգիտակցելով, որ մերժում ենք ամենամոտ բարեկամի երազանքը…»:

Պետք է նշել, որ Նազարի նորացված կերպարի մեջ հետին պլան է մղվում նաեւ բախտի գործոնը:

Գալիս է Նազարի աղջիկը եւ ասում, որ ամեն ինչ չէ, որ բախտն է որոշում. «Մենք մեր հույսը դրել ենք բախտի վրա, պետք է փոխել այդ ընկալումը: Բախտի վրա հույս դնել պետք չէ, դու ես քո բախտի տերը, պինդ բռնի՛ր սանձերից ու գնա՛, դու ես քո տերը, գնա՛ մինչեւ վերջ, մի՛ հուսահատվիր. ամեն մարդ ինքն է իր կյանքի տերը»:

Նշենք, որ «Քաջ Նազարի թոռները» պիեսի հեղինակը դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանն է:

Պատկերասրահ՝ «Ե՞րբ» տրագիկոմեդիայի պրեմիերան

Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի

Share to Google Plus
Share to Odnoklassniki